Լավատեսական ողբերգություն

10/05/2012 Արա ԳԱԼՈՅԱՆ

Մեր տնտեսությունը նախընտրական ցնցումներից հետո միանգամից հայտնվեց հետընտրական սպասումների շրջանում: Նախընտրական շրջանի համարյա բոլոր կանխատեսումներն իրականացան: Այն, որ դրամի փոխարժեքը տարադրամի նկատմամբ նվազելու էր, պարզ էր: Նախընտրական ծախսերը հոգալու համար ահագին գումար էր պետք դրամի վերածել: Նախընտրական ծախսերի մեծ մասն, ի վերջո, դրամով է արվում: Բուկլետների տպագրությունից` մինչեւ ընտրակաշառք: Սա, իհարկե, պաշտոնապես երբեք չի հայտարարվի: Փոխարենը` պաշտոնապես ընդունվող բազում ցուցանիշներ կան, որոնք ապացուցում են այդ փաստ-գործընթացները: Օրինակ՝ շրջանառության մեջ եղած կանխիկ փողի ծավալը: Նախընտրական երկու ամսում այն էականորեն ավելացել է: Իսկ դա կարող է հանգեցնել դրամի հետագա արժեզրկման անկառավարելի գործընթացի: Ասել, որ այս սպասումը լուրջ է, չափազանցություն կլինի: Կառավարությունում ու Կենտրոնական բանկում դեռ մի քանի գրագետ մասնագետ մնացել են: Կկարողանան այդ սպասման դեմն առնել: Ի վերջո, մեր տնտեսությունը բավական համեստ ծավալներ ունի: Այն կառավարելու համար դրամավարկային քաղաքականության ռահվիրա լինելը պարտադիր չէ: Փոխարենը` մշուշոտ է մյուս՝ գնաճի սպասումների ապագան: Դա ոչ տնտեսական գործընթացներից է կախված, ոչ էլ կառավարիչների հմտությունից: Դա որոշվում է բացառապես մոնոպոլիստ օլիգարխների կողմից: Հետեւաբար, մեծ է գայթակղությունը` պնդելու, որ առաջին անհրաժեշտության ապրանքների (հիմնականում՝ սննդամթերքի) գներն աճելու են:

Չնայած նախընտրական քաղաքական հայտարարություններին, այս խորհրդարանում էլ ազդեցիկ գործարարների պակաս չկա: Բոլոր մոնոպոլիստ-գործարարները կրկին ԱԺ պատգամավոր են: Երկրի քաղաքական իշխանություններն իրենց մեջ ուժ չգտան փակելու գործարարների առջեւ ԱԺ ճանապարհը: Իսկ նրանք հակված են ընտրություններից հետո իրենց ծախսերն անմիջապես վերադարձնելու: Քանի դեռ «թարմ» է քաղաքական գործիչների մոտ պարտք լինելու զգացողությունը: ԱԺ մեծամասնական ընտրակարգով ընտրված 41 պատգամավորից առնվազն 32-ը իրականում բացահայտ գործարար են կամ որեւէ գործարար ընտանիքի անդամ: Հետեւաբար, գործարարների շահը սպասարկող են: Հիմա դեռ դժվար է հաշվարկելը. թե քանի գործարար էլ համամասնական ընտրակարգով քաղաքական ուժի անվան տակ կհայտնվի խորհրդարանում: Բայց հանգիստ կարելի է ենթադրել, որ նրանք խորհրդարանական մեծամասնություն են լինելու: Մեծամասնություն, որ շահերի բերումով` ավելի սերտ համագործակցության մեջ է, քան քաղաքական կազմակերպությունների խմբակցությունները: ԱԺ խմբակցություններում որոշիչ ուժը նրանք են լինելու: Ավելին` գործարարների դասն է լինելու իրական խորհրդարանական մեծամասնությունը: Հետեւաբար` ապագա կառավարությունն իր օրենսդրական նախաձեռնություններում մշտապես հաշվի է նստելու այս ուժի հետ: Այս պատկերն, իհարկե, նոր չի ձեւավորվում: Բայց խորհրդարանական յուրաքանչյուր ընտրությունից հետո այն ավելի ցայտուն ու ազդեցիկ է դառնում: Պատճառը, հավանաբար, այն է, որ մեր երկրի քաղաքական էլիտայում ոչ գործարար մարդ չկա: ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին խորհրդարանական ընտրություններից առաջ լրացրած ունեցվածքի հայտարարագրով, իհարկե, գործարար չես համարի: Եթե, իհարկե, հավատաս այդ հայտարարագրին: (Բայց, որ հավատաս՝ կարող է փոխվես: Իսկ, որ փոխվես՝ նման պնդումը կարող է վիրավորական համարես): Փոխարենը` մնացածի (նկատի ունեմ` զուտ քաղաքական անցյալ ունեցող գործիչների) ունեցվածքի հայտարարագրերին կարող է նախանձել անգամ Գործարարների ու արդյունաբերողների միության ղեկավար մարմնի ողջ կազմը: Արդեն մոտ 15 տարի Հայաստանում բիզնեսի ոլորտում հաջողության հասնելու ամենակարճ ճանապարհն իշխանությունների հետ սերտաճելն է: Եվ հակառակը՝ իշխանավոր լինելն ինքնին անիմաստ է: Անիմաստ է, եթե բիզնեսով չես զբաղվում: Քաղաքական գործունեությունն ինքնին ոչինչ չի ապահովում: Ոչ հասարակական դիրք ու հեղինակություն, ոչ էլ, առավել եւս, արժանապատիվ ծերություն: Ընտրություններից հետո մեզ սպասում է ամենահետաքրքիրը: Արդյո՞ք այս անգամ էլ ընտրություններից հետո կսկսվի անզուսպ գնաճ: Ինչպես նախորդ համարյա բոլոր ընտրություններից հետո: Ու մենք ստիպված կլինենք ավելի բարձր գներով հաց, պանիր, շաքարավազ ու ձեթ գնել, վերադարձնելով գործարարների նախընտրական ծախսերը: Հատկապես, որ, ըստ մամուլի, այս անգամ ընտրակաշառքներն ահռելի ծավալ ունեին: Բայց հասարակությունը մի փոքր հույս ունի: Մեկ տարուց պակաս է մնացել մինչեւ հաջորդ ընտրությունը: Իսկ հաջորդը՝ նախագահականն է: Այսինքն՝ գլխավորը: Ու հիմա հասարակական հույսերը դրա հետ են կապված: Շատերն են ենթադրում, որ գործող նախագահը կփորձի պարտադրել գործարարներին` զսպել իրենց ախորժակը: Բայց նույն այդ գործարարների լրացրած նույն այդ հայտարարագրերը հուշում են, որ ոչինչ պարզ չէ: Քաղաքական շահն, իհարկե, արժեք է մեզ մոտ: Բայց այն կանխիկ փողի հետ չես համեմատի: Ի վերջո, ամեն ինչ ֆինանսական շահերն են որոշում: Հայաստանում ոչ մի համակարգ, առավել եւս՝ քաղաքական համակարգը այդքան կազմակերպված չէ, որքան ֆինանսականը: Վայրի կապիտալիզմի շրջանում Նապոլեոնն ասում էր` «Մարդկանց շարժելու երկու միջոց կա՝ վախն ու անձնական շահը»: Մեր իրականությունն այդ մակարդակից դուրս չի եկել: Հետեւաբար` առավել իրատեսական կարելի է համարել գնաճի սպասումը: