Մեկ շիշ գինի` զբոսաշրջիկներին

10/05/2012

«Բոլորը պետք է իմանան, որ «Բորժոմին»` «Էվիան»-ից եւ «Պերյե»-ից հետո աշխարհում հեղինակությամբ երրորդ հանքային ջուրն է: Իսկ Վրաստան այցելած յուրաքանչյուր զբոսաշրջիկ մեկ շիշ գինի նվեր կստանա»,- երեկ Բաթումում կայացած Զբոսաշրջության միջազգային կոնֆերանսում հայտարարել է Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլին: «Մենք վերակառուցում ենք Ախալցխայի ամրոցը, որը կլինի աշխարհի նոր հրաշալիքը: Քութաիսը ժամանակին հետամնաց քաղաք էր, այժմ այնտեղ մեծ թափով շինարարական աշխատանքներ են ընթանում»,- ասել է Սահակաշվիլին: Իր ելույթում Սահակաշվիլին անդրադարձել է ռուս-վրացական հարաբերություններին: «Այն մարդը, որը ստորագրել է Վրաստանի օկուպացման տակ, ասում է, որ Ռուսաստանը պետք է ընդօրինակի մեր իրականացրած բարեփոխումները: Ռուսաստանի վարչապետ նշանակված Դմիտրի Մեդվեդեւը հայտարարել է, որ չի սիրում Միխայիլ Սահակաշվիլիին, սակայն, դրա հետ մեկտեղ` նա հայտարարում է, որ Ռուսաստանը պետք է օրինակ վերցնի Վրաստանից եւ իրականացնի բարեփոխումներ, որոնք մենք հաջողությամբ իրագործել ենք: Ես ժամանակակից համաշխարհային պատմության մեջ չգիտեմ այդպիսի մեկ այլ օրինակ, որ վիթխարի երկրի առաջնորդը կարգադրի օկուպացնել փոքր երկիրը, իսկ հետո` մի քանի տարի անց, հայտարարի, որ պատրաստ է սովորել` ինչպես ղեկավարել իր երկիրը: Դա պարադոքս է, սակայն դա այն է, ինչին մենք հասել ենք Վրաստանում: Դա վկայում է մեր բաց լինելու մասին: Չնայած Վրաստանը Ռուսաստանի քաղաքացիների համար միակողմանիորեն վերացրել է վիզային ռեժիմը, Վրաստանի քաղաքացիները գործնականում չեն կարողանում ստանալ ռուսական վիզաներ: Չնայած Ռուսաստանի ԱԳՆ-ի բազում սարսափազդու զգուշացումներին` Վրաստան ժամանող ռուս զբոսաշրջիկների թիվը զգալիորեն աճում է»,- հայտարարել է Սահակաշվիլին: