Այս անգամ էլ թերացանք

10/05/2012

ԱԺ ընտրությունների արդյունքների ամփոփումից եւ տեղական ու միջազգային դիտորդների եզրակացությունների հրապարակումից անցել է երեք օր, սակայն տարբեր շրջանակներում շարունակվում են ընտրության օրվա ու դրան նախորդող ժամանակահատվածի վերաբերյալ քննարկումները: Միջազգային դիտորդների գնահատականը, որ ընտրության արդյունքներից հետո ամենակարեւորն էր իշխանության համար, մեղմ ասած` այդքան էլ գոհացուցիչ չէ: Եվրոպացի դիտորդներն արձանագրել են մի շարք խախտումներ ու բացթողումներ, որոնք, սակայն, նրանց գնահատմամբ, չեն կարող անդրադառնալ ընդհանուր արդյունքների վրա: «Դիտարկված ընտրական տեղամասերից մեկ հինգերորդում ձայների հաշվարկը բացասական է գնահատվել` ընթացակարգային խնդիրների եւ առանձին լուրջ խախտումների հետեւանքով»,- նշված է եվրոպական դիտորդների` ԱԺ ընտրությունների դիտարկման համատեղ նախնական եզրակացության մեջ: Մի խոսքով` Հայաստանը չի կատարել տարածաշրջանում լավագույն ժողովրդավարական ընտրություններ անցկացնելու իր խոստումը:

Ընտրությունների որակը բարելավելու ուղղությամբ աշխատանքները միջազգային կառույցների հետ սկսվել էին վաղուց: Իսկ 2011-ին ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ եւ Եվրոպայի խորհրդի Ժողովրդավարություն իրավունքի միջոցով Եվրոպական հանձնաժողովի (Վենետիկի հանձնաժողով) հերթական հանձնարարականների հիման վրա ԸՕ-ի բարեփոխումներ եղան, սակայն, ինչպես նշել են դիտորդները, «այնուամենայնիվ, մնացել են մի շարք էական թերություններ»: Հենց այդ թերություններն էլ լավ սողանցք են միջազգային փորձագետների նկատած խախտումներն ու բացթողումները արդարացնելու համար:

«Ընտրական օրենսգիրքը նախատեսում է ընտրության օրն ընտրողների գրանցում, ինչը հակասում է ընդունված փորձին»,- նշված է դիտարկման համատեղ նախնական եզրակացության մեջ: Սակայն Վենետիկի հանձնաժողովի «Ընտրությունների վերաբերյալ լավագույն փորձի» կանոնների համաձայն, ընտրության օրը ընտրատեղամասում գրանցում չպետք է կատարվի:

Միջազգային փորձի հետ մեկ այլ հակասություն է առաջացնում եզրակացության մեջ ներառված հետեւյալ դիտարկումը. «Թեկնածուների համար հինգ տարվա քաղաքացիության եւ մշտական բնակության պահանջը եւ անկախ կատարած հանցագործության ծանրությունից բոլոր դատապարտյալներին ընտրելու իրավունքից զրկելը նվազեցնում են ընտրության բացարձակ իրավունքի երաշխիքն ու որպես թեկնածու առաջադրվելու իրավունքները եւ չեն համապատասխանում միջազգային չափանիշներին»:

Կան մի քանի այլ դրույթներ եւս, որոնք չեն համապատասխանում միջազգային չափանիշներին: Սակայն մեկ այլ հարց է չափանիշներին համապատասխանող դրույթներին չհետեւելը, ինչը չի վրիպել դիտորդների աչքից:

«Վերանայված ԸՕ-ն ներառում էր փոփոխություններ, որոնք թույլ էին տալիս Հայաստանը շարժել դեպի իր միջազգային պարտավորությունների հետ համապատասխանության ապահովման: Բայց եւ այնպես, եւ՛ ընտրարշավի, եւ՛ քվեարկության օրը դիտորդները նկատեցին ՀՀ օրենսդրության եւ միջազգային պարտավորությունների խախտումներ: Այս մրցարշավում որոշ շահագրգիռ կողմեր հաճախ ձախողում էին ապահովել համապատասխանությունը օրենքի պահանջներին, իսկ ընտրական հանձնաժողովները շատ հաճախ հետամուտ չէին լինում դրանց կատարմանը: Դրա արդյունքում, միջազգային պարտավորությունները, որոնք Հայաստանը կամովին էր ստանձնել, միշտ չէ, որ հարգվում էին: Սա եւս մեկ հիշեցում է, որ բոլոր շահագրգիռ կողմերի կողմից արդար եւ պատշաճ իրավակիրարկումը նույնքան կարեւոր է, ինչքան օրենքը»,- եվրոպական դիտորդական առաքելությունների համատեղ ասուլիսի ժամանակ նկատել էր ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի պատվիրակության ղեկավար, կարճաժամկետ դիտորդների առաքելությունը համակարգող Ֆրանսուա-Խավիեր Դե Դոնեան:

Օրենքով նախատեսված եւ միջազգային չափանիշներին համապատասխանող դրույթները չկատարելու մասին բազմիցս շեշտվում է նաեւ դիտորդների համատեղ նախնական եզրակացության մեջ: «Դիմումների եւ բողոքների համար իրավական դաշտը եւ այն եղանակը, որով ընտրական հանձնաժողովները եւ դատարանները քննել են ընտրական վեճերը, հաճախ թողել են շահագրգիռ անձանց առանց իրենց բողոքների արդյունավետ քննության` հակասելով ԵԱՀԿ պարտավորություններին»,- նշված է փաստաթղթում:

«Օրինակ` օրենքը նախատեսում է համակարգ, ըստ որի` շահագրգիռ կողմերը կարող են ներկայացնել բողոքներ, բայց ընտրական հանձնաժողովները հազվադեպ էին հաշվի առնում այդ բողոքները, իսկ օրենքն արգելում է հետագա գանգատարկում: Օրենքն արգելում է կուսակցությունների հետ առնչվող կազմակերպություններին ընտրարշավի ընթացքում ընտրողներին բնամթերքով նվիրատվություններ անել, բայց դատարանները աչք էին փակում այն պարագայում, երբ խոշոր նվիրատվություններ էին նկատվում երկրով մեկ»,- նշել էր ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի պատվիրակության ղեկավարը:

Իրավական համակարգի թերացումների, ընտրակաշառքի դեպքերի, վարչական ու պաշտոնական դիրքի չարաշահումների մասին դիտորդներն արձանագրեցին, սակայն, ինչպես դրանք կազդեն առաջիկա մյուս կարեւոր ընտրության վրա, հայտնի չէ:

«Որոշ կուսակցությունների ներկայացուցիչներ, ովքեր դիտորդների կարգավիճակում էին, ակնհայտորեն կառուցողականից նվազ դեր կատարեցին, ակնհայտորեն ստանձնում էին պարտավորություններ, որոնք իրականում պատկանում են հանձնաժողովների անդամներին: Ինչպես մեր վիճակագրական հավաստագիրը ցույց կտա, նմանօրինակ միջամտությունը խաթարել էր ընտրատեղամասերի սահուն գործունեությունը, որոշ դեպքերում խոչընդոտելով ընտրողների շարժը: Սա մի հարց է, որ մենք կհանձնարարենք իշխանություններին շատ խիստ անդրադառնալ: Մինչեւ եկող տարվա նախագահական ընտրությունները, ցանկալի կլիներ, որ անդրադառնային»,- ասուլիսի ժամանակ ասել էր ԵԽ ԽՎ պատվիրակության ղեկավար Վինթերբորնի (Միացյալ Թագավորություն) Բարոնուհի Նիքոլսոնը:

Առաջիկայում դիտորդները հանդես կգան վերջնական եզրակացություններով. ԵԽ ԽՎ-ն կներկայացնի իր զեկույցը մայիսի 25-ին Տիրանայում` իր մշտական հանձնաժողովի նիստում, ԵԽ-ն` Եվրոպական խորհրդարանի Արտաքին գործերի նախարարների հանձնաժողովի հաջորդ ժողովի ժամանակ, ԵԱՀԿ ԽՎ-ն` հուլիսի 5-9-ը կայանալիք իր տարեկան նիստում, իսկ ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ը կհրապարակի ամբողջական զեկույցը` հնարավոր բարեփոխումների վերաբերյալ առաջարկություններով մոտ ութ շաբաթից:

Թե ի՞նչ կտա դա Հայաստանին, իշխանությունները կընդունե՞ն դիտորդների նկատառումները, թե՞ ոչ, այնուամենայնիվ, փաստ է, որ մեր երկիրը ստանձնած պարտավորություններն այս անգամ լիարժեք կերպով չի կատարել:

Գայանե ԼԱԼԱՅԱՆ