«Արդյո՞ք պետությունը պատվիրում է դեգեներատ դասատուի ու երեխայի մասին ֆիլմ»

10/05/2012 Լուսինե ՍՏԵՓԱՆՅԱՆ

Հայաստանի հասարակությունը նման է մրջյունների կուտակված այն զանգվածին, որոնք խելակորույս ցրվում են, երբ աննկատ ձեռքը խլում է ապրելու համար կարեւոր «կտորը»: Մենք չունենք իդեաներ, հերոսներ, պատրանքներ ու երազանքներ: Պատրանքի զգացողությունն ապրելու, մտածելու համար նույնքան կարեւոր է, որքան կարեւոր է` վաղվա գոյավորման համար այսօրվա անհրաժեշտ սնունդը: Հայաստանյան իրականությունն այնքան գռեհիկ ու անմիտ է, որ պատրանքը դարձել է նյութ քաղաքական ելույթներում մանիպուլյացիաների համար: Այսինքն` մենք սկսել ենք այն ընկալել իբրեւ մեծ սուտ: Կինեմատոգրաֆիան, որը պատրանքի ու իրականության գեղարվեստական կերպավորմամբ կամ վերարտադրված էսթետիկ գործողությունների «խողովակով» ստեղծում էր մեզ համար պատրանք ու մարդու համար կառուցում էր երազելու երեւակայական դաշտ` այսօր նման է հանգուցյալի թափառող հոգու: Մի բան, որը, թեեւ իրական, բայց ավելի շատ հիշողություն է: Կամ մի բան, որի գոյության մասին խոսում են, լեգենդներ են հորինում, ժամանակ առ ժամանակ փառատոների նեղ շրջանակում հրճվանք են ապրում, բայց շոշափելի ու տեսանելի չէ: Մասնավորապես` խաղարկային կինոն, հանձինս արտադրողների ապաշնորհության, մեզ զրկել է ժապավենի «գործողության» ժամանակ հայտնվել պատրանքի մեջ: Վավերագրական ֆիլմի բացակայությունն էլ իր հերթին` մեզ զրկել է հերոսներից: Ընդհանրապես վավերագրությունը մարդուն կամ հերոսին «կենդանացնելու» ներուժ ունի, քանի որ փաստագրության ճշգրիտ մատուցման ձեւաչափը ժխտում է ժամանակի զգացողությունը: Թե՛ խաղարկային, թե՛ վավերագրական ֆիլմերն` իբրեւ արտադրանք, հասարակության մեջ ձեւավորում են հանճարներ, հերոսներ, հուշում են արժեքային համակարգի «մոդելներ»: Այսինքն` «խաղարկելով» անցյալի, ներկայի ու ապագայից եկող մտքերը, պատմական ակնարկները, երեւակայությունն ու պատկերացումները, ժապավենը մեզ տալիս է իրականության ու երազանքի միֆական պատրանքը: Մշակույթի նախարարության տեղեկատվական բազայում գոյություն ունի դրույթ, համաձայն որի` «Պետական աջակցություն կինոնկարների արտադրությանը» ծրագրի շրջանակներում իրականացված միջոցներով տարեկան արտադրվում են 2-3 խաղարկային, 3-4 մուլտիպլիկացիոն եւ 10-12 վավերագրական ֆիլմեր: Փաստորեն, մենք տալիս ենք մեծ փողեր, որոնց դիմաց ոչինչ չենք ստանում: Մեր պետությունը չունի պետական պատվեր, հետեւաբար չունի իդեա, գաղափարախոսություն, հերոս, պատմության դրոշմ կամ մշակութային քաղաքականության ուղենիշ: Կինոռեժիսոր Նիկոլայ Դավթյանի` «Ես փախստական եմ», «Ձյաձյա Վալյա», «Ստեղծագործելու բանաձեւը» եւ մի շարք այլ վավերագրական ֆիլմերն արտադրվելուց հետո հայտնվել են հեղինակի «պահոցում»: Առնո Բաբաջանյանի, Հենրիկ Մալյանի եւ այլ մեծերի մասին պատմող «նյութերը» հեռուստաէկրանում տեղ չունեն, քանի որ էկրանի հակառակ կողմի «տերերն» այլ արժեքներ ու հերոսներ են իրացնում: Առանձին ռեժիսորներ, ինչպես Ն. Դավթյանն է` նկարում են ֆիլմեր, որոնք ոչ դառնում են հասարակության սեփականությունը, ոչ էլ «պրակատչիկների» ապրանքը: Մեր պատրանքը, հերոսները կամ մնում են վավերագրողների դարակներում, կամ` բյուջեի հետ «մսխվում են»: Արդյունքում` մենք նմանվում ենք այն մրջյունների զանգվածին, որոնք ցրվում են, երբ ինչ-որ մեկի թաթն է հայտնվում: Փոքր ու վախկոտ: Ցայտնոտով փախչում ենք այնտեղ, որտեղ կարող ենք գոնե երազել մեր երազանքը գտնելու մասին: Նիկոլայ Դավթյանը վստահեցնում է, որ Հայաստանում ֆիլմարտադրության ոլորտը խաթարված է, չկան մեխանիզմներ, չկա քաղաքականություն: Արդյունքում` չունենք հերոսներ ու մտքեր, որոնք կդառնան կինոարտադրանք:

– Կներեք, իսկ մեր պետությունն այսօր ի՞նչ հերոս է ուզում ունենալ: Ինձ հետաքրքիր չի նկարել ֆիլմ, որտեղ հերոսն օլիգարխ է: Ինձ հետաքրքիր է Լեոնիդ Ենգիբարովը, Գուրջիեւը, որոնց մասին ֆիլմեր եմ նկարում ու պիտի նկարեմ: Այն, ինչը հետաքրքիր է այսօրվա երկրին` ինձ հետաքրքիր չէ: Դա ոչ սոցիալական, ոչ պետական պատվեր չէ, ու չենք հասկանում այն, ինչ արվում է, ինչի համար է արվում: Մի հանգի հայտարարում ենք` մի գնացեք, գաղթը` ներգաղթ դարձնենք, էս, էն… Բայց ի՞նչ ենք անում, որ ներգաղթ դարձնենք: Ես այսօր դասավանդում եմ, ու ամենավախենալուն գիտե՞ք որն է… Դիպլոմնիկներին ասում եմ` ֆիլմ նկարեք, ասում են` ինչի՞ մասին նկարենք: Իդեա չունեն, չնայած նրան, որ չորս տարի իրենց սովորեցնում ենք, վարժվում են գաղափարներ ստեղծելու մեխանիզմներին: Երեխեքը պատրանքներ, գաղափարներ չունեն: Հուշում եմ, բայց դրանք իրենցը չեն: Շատ տաղանդավոր, շնորհալի երեխեք են, բայց որոնք խառնված, շփոթված են: Դպրոցն ավարտում են, չգիտեն` ինչ դառնան: Դիպլոմ պիտի ունենան, բայց որ ի՞նչ: Բոլոր բուհերում նույնն է` Թատերականում, Մանկավարժականում, Ակադեմիայում, քոլեջում` գումարը տալիս են, իսկ երեխան չի սովորում: Բայց փորձի հանել` ծնողների հարձակում է սկսվում: Չես հասկանում` ինչի՞ց է երեխան զրկվում: Վախենալուն սա է: Ուսանողներին բացատրում եմ` սովորեցնելով, որ ռեժիսուրայի առաջին օրենքն անտարբեր չլինելն է: Եթե ֆիլմում հետաքրքրություն, հուզմունք չկա` դա ոչ մեկին պետք չի: Բայց… Փաստորեն անտարբեր են մեր երեխեքը:

– Մշակույթի նախարարությունն արձանագրում է, որ Հայաստանում տարեկան արտադրվում են 2-3 խաղարկային, 3-4 մուլտիպլիկացիոն եւ 10-12 վավերագրական ֆիլմեր: Բոլոր ռեժիսորներին հարցնում եմ` ո՞ւր է այդ պրոդուկտը, գիտե՞ք, ո՞րն է պետբյուջեի գումարներով նկարահանված ֆիլմերի նյութը: Դուք գիտե՞ք:

– Հինգ տարի առաջ Վրաստանում մի փառատոնի ժյուրիի անդամ էի, որտեղ ծանոթացա ադրբեջանցի, վրացի կինոաշխարհի մարդկանց հետ: Մտքերի փոխանակման արդյունքում ստեղծեցինք շատ հետաքրքիր նախագիծ, որը կոչվում էր «դոկումենտալ ֆիլմերի իդեաների վաճառքի շուկա»: Հետո պարզվեց` դա աշխարհում գործող շատ արդյունավետ մոդել է, որը գոյություն չունի միայն մեր տարածաշրջանում: Օրինակ` Եվրոպան, ԱՄՆ-ը, Չինաստանը եւ այլ երկրներ ունեն իրենց շուկան: Ադրբեջանցի եւ վրացի գործընկերներիս հետ գրեցինք նախագիծ, շատ ոգեւորվեցինք եւ սկսեցինք հրավիրել բավականին լուրջ «պրակատչիկների», պրոդյուսերների, որոնց հետ միասին գլոբալ «դեդլայն» անցկացնենք` մեր գաղափարները քննարկելու եւ ֆիլմեր նկարահանելու գումարներ հայթայթելու համար: Նախագիծն ընդունվեց Վրաստանի մշակույթի նախարարության կողմից, ընդունվեց նաեւ Ադրբեջանի մշակույթի նախարարության կողմից, եւ ամենազարմանալին մեր նախարարության վարքագիծն էր: Նախագծի հաստատման իմաստով ես բացարձակապես չէի կասկածում, որովհետեւ Մշակույթի փոխնախարարը կինոգետ Դավիթ Մուրադյանն էր, բայց աներեւակայելի մի բան ստացվեց: Դ. Մուրադյանը նախագիծն ուղարկեց Կինոկենտրոն, իսկ Գեւորգ Գեւորգյանն ուղարկեց ինչ-որ մի կոոպերատիվ ստուդիայի, որի անունն էլ չեմ հիշում: Այդ կոոպերատիվ ստուդիայի պատասխանն այն էր, որ գաղափարը լավն է, բայց շատ ծախսարար է (թե ի՞նչն էր ծախսարար, այդպես էլ չհասկացա), եւ եթե գաղափարն ընդունվի Մշակույթի նախարարության կողմից, ապա կոոպերատիվը պատրաստ է իդեան իրականացնել: Նամակին կցեցին նախարարության նամակը, եւ մերժվեց` նույնիսկ առանց հիմնավորելու: Դա մի հզոր դաշտ էր ստեղծելու, եւ մենք արդեն ունեինք աշխարհի տարբեր երկրներից հեղինակավոր ընկերությունների հետ համատեղ աշխատելու համաձայնությունը: Նախարարության հետ իմ շփումն այս նախագծի հետ էր կապված: Մեկ էլ` մի երկու ֆիլմեր եմ նկարել, որոնք ոչ ոք այդպես էլ չտեսավ:

– Ինչո՞ւ շարքային մարդու համար հասու չեն արտադրվող ֆիլմերը: Մենք չունենք կինոցանց, չունենք կինոթատրոնների մշակույթ, բայց դեռեւս մեր բնակարաններում ունենք էկրաններ, որոնք մեկ-մեկ պետք է պետության փողերով արտադրանքի հաշվետվություն ներկայացնեն:

– Եկեք, նախ հասկանանք իրավիճակը: Փլուզվեց Սովետական Միությունը, Սովետական Միության պրակատի սկզբունքը, իսկ այդ սկզբունքը շատ հստակ էր. մենք ունեինք հզոր կինոցանց` կինոթատրոնների ցանց, Մշակույթի տներ, հանգստյան տներ, եւ պրակտիկորեն չկար այնպիսի ֆիլմ, որը նկարահանվեր եւ ծախսված գումարից 10-20 անգամ ավելի պետությանը հետ չվերադարձներ: Այս մեխանիզմն աշխատում էր հստակ: Եթե ֆիլմը մեծ էկրան չէր գնում, ապա հանգստյան տներում, պիոներական ճամբարներում այդ ֆիլմերը պտտվում էին եւ ապահովում էին իրենց շահույթը: Ի՞նչ է կատարվում հիմա. Մենք փակել ենք կինոթատրոնները, բայց նկարում ենք ֆիլմեր: Սկզբունքը մնաց հինը, որ փողը տալիս էր պետությունը: Երբ վերջերս հանդիպեցի ամերիկյան պրոդյուսերների հետ, ու այդ ժամանակ «Հայկ» կինոստուդիայի հետ նկարել էի «Ձյաձյա Վալյա» ֆիլմը` որոշեցի բողոքել այդ պրոդյուսերին, ասացի` իսկ գիտե՞ք` ինչքան փող են ինձ տվել, ընդամենը 3000 դոլար: Հարցրեց` պետությո՞ւնն է տվել: Ասացի` այո, սկսեց ծափահարել: Այսինքն` աշխարհում կինոն բիզնես է: Ֆիլմարտադրողը պիտի մասնակցի փառատոների, հասկանա, թե ով ինչ ֆիլմ է ուզում, ինչ ապրանքի կարիք ունի, եւ այդ ապրանքը սարքի ու վաճառի: Մենք անում ենք հակառակը. նկարում ենք ֆիլմն ու փորձում ենք վաճառել մի բան, որը գուցե հետաքրքրություն չի առաջացնում սպառողի մոտ: Այսինքն` ֆիլմարտադրության ոլորտում կառուցվածքի կեսը մնացել է Սովետից, իսկ էն մյուս կեսը գոյություն չունի:

– Ստացվում է` ֆիլմարտադրության շուկան պետք է ստեղծեն մասնավոր ընկերությունները, մասնավորապես` պրոդյուսերները, ովքեր ֆիլմը կշրջանառեն` որպես շահույթ բերող արտադրանք: Այդ դեպքում ո՞րն է պետության դերակատարումը. ներդնել գումարներ, բայց չստանա՞լ որակյալ աշխատանք կամ շահույթ:

– Եթե մենք խորհրդարանում ընդունում ենք հանրապետությունում մշակութային զարգացման քաղաքականության մասին օրենք, ապա, ըստ այդ քաղաքականության` Մշակույթի նախարարությունը հասկանում է, որ պետք է կատարել համապատասխան քայլեր` մշակած դոկտրինան պահպանելու եւ առաջ գնալու համար: Հրավիրում է հանրապետությունում գործող` «Հայկ», «Շարմ», «Հայֆիլմ», «Ինտերնյուս» եւ այլ ստուդիաներին ու ընկերություններին ու ասում է` ժողովուրդ, ինձ պետք է, որ դուք նկարեք Շանթի «Հին աստվածները»: Ո՞վ է ներկայացնում նախագիծ, բյուջեն, որ մենք հաստատենք կամ չհաստատենք, բայց դա իմ քաղաքականության համար ինձ պետք է: Մարդիկ ներկայացնում են նախագիծ, ու լավ նախագիծ ներկայացնողին պետությունը ֆիլմ է պատվիրում: Այդ ֆիլմը կարող է եկամուտ չբերել, դա պետության պատվերն է: Դա դառնում է պետության սեփականությունը, որը կարող է ցուցադրվել կինոթատրոններում, դպրոցներում, բուհերում` իր քաղաքականությունն առաջ տանելու համար: Մնացած դեպքերում… Ի՞նչ է նշանակում` յոլա գնալու համար փող տալ: Այն գումարը, որը Դուք մատնանշում եք, տալիս ենք Ազգային կինոկենտրոնին, իսկ կինոկենտրոնը նկարում է` իր ինչ-որ մանկական բումերանգներ է, եսիմ գժուկներ է, ինչ-որ անասուն անուն է դրել: Ինչի՞ համար է դա, ո՞ւմ է պետք դա, չես հասկանում: Հարցնում եմ` պետություն, դա քեզ պե՞տք է. բացարձակապես պետք չէ: Էդ ի՞նչ պետական պատվեր է, որ դու նկարում ու ցույց ես տալիս դեգեներատ դասատու կամ դեգեներատ երեխա: Դա՞ է քո իղձը, դա՞ ես ցանկանում քարոզել:

– Այսինքն` պետությունը չունի իդեա, մինչդեռ մշտապես խոսվում է օդից կախված ազգային գաղափարախոսության մասին:

– Բացարձակ չունի: Օրինակ, Ռուսաստանում գոյություն ունեն թեմատիկ տենդերներ, ընդ որում, մեծ փողեր ներդնելով` նաեւ մեծ եկամուտներ են ստանում: Անցյալ տարի պետության միջնորդությամբ նրանք 132 վավերագրական ֆիլմ նկարեցին: Ինչ վերաբերում է ֆիլմարտադրության ոլորտում պետության մասնակցությանը, ապա այնտեղ այսպես է. ենթադրենք, Նիկա Շեկը գնում է Լիսաբոնում մի «դեդլայնի» մասնակցելու եւ գտնում է այն պրոբլեմը, որը կարող է դառնալ աշխարհին կամ իրենց հետաքրքրող ֆիլմ: Նրանք ասում են` մենք կարող ենք այսքան գումար տալ: Նա գալիս պետությանն ասում է` այ, նայիր, Լիսաբոնը տվել է ինձ գումար, բայց քո կանոնադրության մեջ ամրագրված է, որ եթե այսքան գումար գտնեմ` դու ինձ կօգնես, եւ սկսում են բանակցություններն ու համագործակցությունը:

– Վերջին տարիներին հետաքրքիր երեւույթ է նկատվում: Կինոփառատոներն ու մրցանակաբաշխություններն ավելի շատ են, քան կինոարտադրանքը:

– Ժամանակին Հայաստանի կինեմատոգրաֆիստների միությունը ստեղծեց «Ես եմ» վավերագրական ֆիլմերի փառատոնը, որի կազմխորհրդում էի: Իրականացրեցինք առաջինը, երկրորդը, բայց երկրորդին արդեն ֆիլմ չկար: Ինչքան ուսանողական կուրսային աշխատանք կար` ընդգրկվեց: Ստացվեց այնպես, որ փառատոնի 90% ֆիլմերը կամ արտասահմանյան, կամ էլ` ուսանողական աշխատանքներ էին: Դա ի՞նչ փառատոն է, ի՞նչ ստացվեց դրանից, չգիտեմ: «Ոսկե ծիրանը» շատ լավ փառատոն է, որը գնում է ճիշտ քայլերով: Հիմա արդեն հայտարարությունները փակցված են, թե իդեաներով կարող են ներկայանալ: Այնտեղ լինելու են պրակատչիկներ, կարող եք մասնակցել եւ ձեր իդեան առաջ տանել: Իրենք 50%-ով սցենարն են ֆինանսավորում եւ ինչ-որ քայլեր արդեն կարողանում ես անել: Փառատոնի իմաստը դա է, իսկ եթե փառատոնի իմաստն այն է, որ միայն տեղեր բաժանես, ապա դա հիմարություն է: Օրինակ` ի՞նչ եղավ «Կաննի» փառատոնին մեր մասնակցության ժամանակ: Գեւորգ Գեւորգյանը գլուխ էր գովում, 25.000 եվրո տվեցինք ու էնտեղ տաղավար ստեղծեցինք, բա հետո ի՞նչ արեցիր էդ տաղավարը: 25.000 եվրոյով երկու ֆիլմ կնկարեիր այստեղ: Տաղավարը ստեղծելուց հետո ի՞նչ արեցիր. մարդիկ գալիս էին, ծանոթանում էին… Հա՛, բա ո՞նց, «Կաննը» դղրդում էր հայկական կինոյի պատմությունից…