«Շարիտե» կլինիկայի բժիշկ Լուտց Հարմսը երեկ հայտարարել է, որ Ուկրաինայի նախկին վարչապետ Յուլյա Տիմոշենկոն, որ 20 օր հացադուլի մեջ է եղել, դադարեցրել է հացադուլը: «Այսօր ես նայեցի հիվանդին եւ բուժման որոշակի ծրագիր մշակեցի: Մենք կամաց-կամաց կսկսենք նրան հանել հացադուլի վիճակից: Սկզբում դրանք կլինեն ջուրն ու հյութերը, իսկ դրանից հետո նա պինդ սնունդ կընդունի»,- լրագրողների հետ զրույցում հայտարարել է Հարմսը` ավելացնելով, որ առաջիկայում Տիմոշենկոն ֆիզիոթերապիա ու բուժական պրոցեդուրաներ կանցնի: Բժշկի խոսքով` դեղամիջոցներով բուժումը սկսվելու է ավելի ուշ: Հարցին, թե որքա՞ն կտեւի բուժումը, բժիշկ Հարմսը պատասխանել է. «Կարծում եմ` ութ շաբաթ, բայց ոչ մեկ ամսից քիչ»: