Բացահայտվել է Աշտարակում տեղի ունեցած սպանությունը

10/05/2012

news.am-ի տեղեկություններով` նախորդ գիշեր բացահայտվել է Աշտարակում տեղի ունեցած սպանությունը: Ըստ կայքի` սպանությունը կատարել է Աշտարակի բնակիչ, 39-ամյա Ռուբեն Հակոբյանը: Ոստիկանությունում հարցաքննության ժամանակ նա խոստովանել է, որ ինքն է կատարել սպանությունը, եւ ներկայացրել է իրեղեն ապացույցը` ատրճանակը: Կայքի տեղեկություններով` սպանության պատճառի տարբեր վարկածներ են շրջանառվում Աշտարակում: Վարկածներից մեկի համաձայն` վեճը տեղի է ունեցել կենցաղային հողի վրա: Ըստ շրջանառվող լուրերի, սպանվածը` Արամ Հովակիմյանը, եւ հանցագործություն կատարած Ռուբեն Հակոբյանը հեռավոր ազգականներ են: Հիշեցնենք, որ Արագածոտնի մարզում մայիսի 8-ին, ժամը 20:30-ի սահմաններում կրակոցներ են հնչել, որի հետեւանքով մահացել է Աշտարակ քաղաքի բնակիչ, 37-ամյա Արամ Հովակիմյանը: Ոստիկանության փոխանցմամբ` դեպքի վայրում օպերատիվ քննչական խումբը հայտնաբերել է 9մմ տրամաչափի երեք պարկուճ եւ 1 գնդակ: Ըստ շրջանառվող տեղեկությունների` Ա. Հովակիմյանը աշխատում էր Արագածոտնի մարզի ընդհանուր իրավասության դատարանում` որպես ցրիչ: Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ ՀՀ Քրօր.-ի 104 հոդվածի 1-ին մասի եւ 235-րդ հոդվածի հատկանիշներով (սպանություն եւ ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը): Հայտնաբերված պարկուճներն առգրավվել են եւ ուղարկվել, նշանակվել են մի շարք փորձաքննություններ: