Դատ բացելու միշտ պատրաստ թուրքական խումբը կորցնում է ցեղասպանության դատավճիռը

10/05/2012

Վերջին տարիներին, դատ բացելու մոլուցքով տարված Ամերիկայի թուրքական համախմբումը (ԱԹՀ) դատական գործեր է հարուցել այն դասախոսների, պետական ծառայողների եւ քաղաքացիական խմբերի դեմ, ովքեր սատարում են Հայոց ցեղասպանության ճանաչմանը: Անցյալ շաբաթ, դաշնային վերաքննիչ դատարանի երեք դատավորները վերջ դրեցին ԱԹՀ-ի դատական քաշքշուկներին` ընդդեմ Մինեսոտայի համալսարանի, եւ միաձայն վերահաստատեցին դաշնային դատարանի նախկին որոշումը` մերժելով ԱԹՀ-ի անհիմն պնդումները: Թուրքական շահերին ջատագով խումբը հայց էր ներկայացրել ընդդեմ Մինեսոտա համալսարանի Հոլոքոստի եւ ցեղասպանության ուսումնասիրության կենտրոնի պրոֆեսոր Բրունո Չաուաթի, ով պիտակել էր ԱԹՀ-ի ինտերնետային կայքը եւ մի քանի այլ կայքեր` որպես «ոչ արժանահավատ»: Համալսարանի ինտերնետային էջում տեղադրվել էր հետեւյալ խիստ զգուշացումը ուսանողներին. «Խորհուրդ չենք տալիս օգտվել այդ կայքերից: Ուսումնասիրություն կատարող ուսանողներին պետք է զգուշացնել, որ նրանք չօգտվեն այս կայքերից, քանի որ դրանք ժխտում են Ցեղասպանությունը, աջակցվում են անհայտ կազմակերպության կողմից կամ պարունակում են այնպիսի բովանդակություն, որ փաստերի եւ կարծիքների տարօրինակ խառնուրդն է»: Ի սկզբանե, ԱԹՀ-ն բողոքել էր, որ իր ինտերնետային էջի ներառումը Համալսարանի «Ոչ արժանահավատ ինտերնետային էջերի ցուցակում» ոտնահարում է Թուրքական խմբի խոսքի ազատությունը: Համալսարանը մերժեց ԱԹՀ-ի ամբաստանությունը, թեեւ 2010 թվականի նոյեմբերի 18-ին Հոլոքոստի եւ Ցեղասպանության ուսումնասիրության կենտրոնը վերանայեց իր ինտերնետային կայքը` հանելով «Ոչ արժանահավատ ինտերնետային կայքեր» ցուցակը եւ առաջարկելով Ցեղասպանության ուսումնասիրության համար ավելի ստույգ նոր աղբյուրներ: Համալսարանը հավաստիացրեց, որ այս վերանայումը պայմանավորված չէր ԱԹՀ-ի բողոքով, եւ հերքեց, որ կատարվել է որեւէ խախտում: 2010թ. նոյեմբերի 24-ին պրոֆեսոր Չաուաթը Կենտրոնի ինտերնետային էջում տեղադրեց հայտարարություն, որտեղ բացատրում էր, որ «Ոչ արժանահավատ ինտերնետային էջերի» ցուցակը հանվել է, քանի որ ինքը չի ցանկանում «խթանել, նույնիսկ բացասական ձեւով, անվավեր տեղեկատվական աղբյուրները»:

ԱԹՀ-ն ապա դատական հայց հարուցեց համալսարանի, նրա նախագահի եւ պրոֆեսոր Չաուաթի դեմ` պնդելով, որ իրենց ինտերնետային էջի ներառումը նույն ցուցակում, որտեղ ներառված են հրեաների Հոլոքոստը մերժող ինտերնետային էջերը, վնասում է թուրքական կազմակերպության հեղինակությանը։ Դատարանը մերժեց հայցը:

2012թ. մայիսի 3-ին 8-րդ շրջանի դաշնային վերաքննիչ դատարանի 3 դատավորները մերժեցին ավելի ցածր ատյանի դատարանի վճիռը` որոշում կայացնելով, որ համալսարանը չի խախտել ԱԹՀ-ի` Սահմանադրությամբ ամրագրված խոսքի ազատության իրավունքները, քանի որ դա ոչ արգելափակում, ոչ էլ սահմանափակում է թուրքական կայքէջի օգտագործումը:

Դատավորները նաեւ մերժեցին թուրքական խմբի երկրորդ պահանջը, այն, որ զրպարտանք է եղել, երբ համալսարանը հայտարարել է, որ ԱԹՀ-ի կայքէջը «արժանահավատ չէ», «ժխտողական է», ներկայացնում է «փաստերի եւ կարծիքների տարօրինակ խառնուրդ» եւ «անվավեր տեղեկատվական աղբյուր է»: Դատը շահելու անհույս փորձ անելով` ԱԹՀ-ն պնդեց, որ իր ինտերնետային էջը չի ժխտում հիմնական որոշակի պատմական փաստեր` հայտարարելով, որ, «անշուշտ, հարյուր-հազարավոր հայեր են մահացել»: Այնուամենայնիվ, քանի որ թուրքական կայքէջը պնդում է, որ «խիստ անհավանական է, որ ցեղասպանության մեղադրանք կարող է կիրառվել Օսմանյան կառավարության կամ նրա իրավահաջորդների նկատմամբ», դատավորները որոշում կայացրեցին համալսարանի օգտին` պնդելով, որ ԱԹՀ-ն իրականում ներգրավված է «ժխտման» գործընթացում: ԱԹՀ-ի այս չարամիտ դատական գործերը մտահոգել են բազմաթիվ ԱՄՆ դասախոսների, ովքեր անհանգստացած են, որ այս գործը կլինի վտանգավոր նախադեպ եւ սառն ազդեցություն կունենա ակադեմիական ազատության վրա: Այս լուրջ մտահոգությունները ստիպեցին Մերձավոր Արեւելքի ուսումնասիրությունների ընկերակցությանը պահանջել, որպեսզի ԱԹՀ-ն հետ վերցնի իր հայցը:

Թեեւ ԱԹՀ-ի Մինեսոտայի համալսարանի դեմ վարած ագրեսիվ մարտավարությունը տապալվեց, ոչ մի երաշխիք չկա, որ թուրքական խումբը կդադարի դատի տալ այլ ակադեմիական կամ քաղաքացիական կազմակերպություններին, որոնք կհրաժարվեն ներգրավվել Թուրքիայի ժխտողական արշավներում: Հարկ է նկատել, որ ԱԹՀ-ն իր 2010 թվականի 3.6 միլիոն դոլարի բյուջեից դատական հայցերի վրա ծախսել է 630.000 դոլար: Հատկանշական է, ԱԹՀ-ն իր տարեկան հաշվետվությունում չի նշում իր ֆինանսավորման աղբյուրների մասին, բացառությամբ մի հպանցիկ հիշատակման, որ «այն ամբողջությամբ աջակցվում է մասնավոր նվիրատվությունների» հաշվին: «Boston Business Journal»-ը հայտնում է, որ «Hittite Microwave» կորպորացիայի հիմնադիր թուրք-ամերիկացի Յալչին Այասլին 2007 թվականին ԱԹՀ-ին հատկացրել է 30 միլիոն դոլար:

2010թ. ԱԹՀ-ն իրագործել է հետեւյալ լայնածավալ գործողությունները եւ քաղաքական աշխատանքները` ծախսելով 3.6 միլիոն դոլար.

– ներկայացրել է 75 քաղաքական հուշագրեր Կոնգրեսի անդամներին եւ ԱՄՆ կարծիք ձեւավորողներին,

– վերահսկել է Ամերիկյան մամուլին,

– Թուրքիա այցելության է տարել բնիկ ամերիկացի գործարարների պատվիրակությանը,

– լոբբիստական գործունեություն է իրականացրել Կոնգրեսում Հայոց ցեղասպանության բանաձեւի դեմ,

– գովազդել է «Roll Call» եւ «Washington Quarterly» թերթերում,

– կազմակերպել է թուրք ուսանողների համար ստաժավորման ամառային դասընթացներ Վաշինգտոնում,

– կրթաթոշակներ է տվել աֆրիկա-ամերիկացի, հայ-ամերիկացի, իսպանա-ամերիկացի, բնիկ ամերիկացի եւ թուրք ուսանողներին` Թուրքիայի համալսարաններում սովորելու համար,

– դրամաշնորհներ է տվել գիտական համաժողովների համար,

– հետազոտական դրամաշնորհներ է տվել պրոֆեսոր Մայքլ Գյունտերին, Ջասթին Մըքքարթիին, Հական Յավուզին եւ այլոց,

– նվիրաբերել է 100.000 դոլարի դրամաշնորհներ Թուրք-ամերիկյան ընկերակցությունների համախմբմանը եւ Թուրք-ամերիկյան ընկերակցությունների դաշնությանը եւ ավելի նվազ գումար` Ամերիկայի Ադրբեջանական ընկերությանը,

– ծախսել է 630.000 դոլար` դատեր բացելով Հայոց ցեղասպանության հարցում աջակցող տարբեր մարմինների դեմ,

– ֆինանսավորել է Ամերիկայի կոնգրեսականների այցը Թուրքիա եւ ներկայացրել է բողոք ԱՄՆ կառավարությանը, որով մեղադրում էր Ամերիկայի Հայ դատի հանձնախմբին` «ատելություն սերմանող խումբ» լինելու մեջ:

Հաշվի առնելով ԱԹՀ-ի հարկերից ազատված բարեգործական կազմակերպություն լինելու կարգավիճակը` ԱՄՆ հարկային վարչությունը պետք է ստուգի Թուրքական համախմբման` մեծածախս քաղաքական եւ լոբբիստական գործունեություն ծավալելու օրինականությունը:

Հարութ ՍԱՍՈՒՆՅԱՆ
«Կալիֆոռնիա կուրիեր» թերթի հրատարակիչ եւ խմբագիր

Թարգմանեց Կարինե ԳԵՎՈՐԳՅԱՆԸ