Վերքամոքիչ բուժարար հազարատերեւուկը

10/05/2012 Ջուլիետա ՍԱՀԱԿՅԱՆ

Ժողովրդական բժշկությունում օգտագործվող բույսերի ցանկում կան առավել հեղինակավորները, դրանցից մեկն է հազարատերեւուկը։

Բարդածաղկավորների ընտանիքին պատկանող բույս է, գիտական անվանումն է` Achillea millefolium։

Իր նման անվանման համար բույսը պարտական է Տրոյայի պատերազմի հերոս Աքիլեսին։ Ք.Ա. 1240-1230թթ. Աքիլեսն այս խոտով բուժել է զինվորների վերքերը։ Ի դեպ, պատմությունը եւս մեկ անգամ հաստատել է բույսի պատվավոր` «Զինվորի խոտ» անվանումը Երկրորդ Համաշխարհային պատերազմի ժամանակ, այն լայնորեն օգտագործել են խորհրդային բժիշկները։

Բույսի վերքամոքիչ, արյունարգել հատկությունների վերաբերյալ Ա. Ամասիացին գրել է. «Եթե հազարատերեւուկի (իշու խոտ) թարմ կամ չորացրած տերեւները մանրացնեն, եփեն քացախի մեջ եւ դնեն չարորակ խոցի վրա, ապա կօգնի։ Այդ եփուկին ջուր եւ աղ թող ավելացնեն եւ տան նրան, ով ընկել է բարձր տեղից։ Վերքը շուտ կապաքինվի եւ կսպիանա, եթե վրան ծեծած հազարատերեւուկ դնեն»։

Հետաքրքիր պատմական տեղեկություն կա ռուսական բժշկարաններում այն մասին, որ բույսի օգնությամբ Մեծ իշխան Դմիտրի Դոնսկոյի թոռանը բուժել են հաճախակի կրկնվող քթի արյունահոսությունից։

Ի սկզբանե բույսը տարածված է եղել ողջ Եվրոպայում, Սիբիրում, Միջին Ասիայում։ ՀՀ բնական պայմաններում հանդիպում է Արարատյան դաշտավայրից մինչեւ Մերձալպյան գոտին (Գեղարքունիք, Լոռի, Շիրակ)։

Բույսի` նման կլիմային հարմարվելու հատկությունը առաջացրել է մի աննախադեպ մտահղացում։ Անցյալ դարի 20-30-ականներին կատարվել է մի քանի տասնամյակ շարունակվող աննախադեպ փորձ։ Բույսը տրանսֆերացիայի («վերաբնակեցման») են ենթարկել ԱՄՆ-ի Խաղաղ օվկիանոսյան ափից մինչեւ Սիերա-Նեւադայի բարձրլեռնային (մինչեւ 3000 մ) գոտին եւ Կոնտինենտալ (ներքին) շրջանները։ Որոշ ժամանակ անց առաջացել են նոր, իրարից զարմանալիորեն տարբերվող ենթատեսակներ։

Բարձրադիր գոտիներում բույսի բարձրությունը հասնում է 20 սմ, իսկ ցածրավայրերում` 2 մ։ Գիտնականները գտնում են, որ բույսի ձեռքբերովի հատկությունները փոխանցվում են ժառանգաբար, նույնիսկ հանճարեղ գիտնական Կարլ Լիննեյը մեծագույն դժվարությունների է հանդիպել, երբ փորձել է համակարգել բույսի «տեսականին»։ Վիճակը չի փոխվել նաեւ ընթացող ժամանակաշրջանում։

ատ հետաքրքիր բույսերի խումբ են կազմում, նույնպես բարդածաղկավորների ընտանիքին պատկանող, Anthemis orvensis ազգի բույսերը։

Հայրենիքը Եվրոպայի տաք շրջաններն են` հատկապես միջերկրածովյան տարածքները, ենթատեսակները մոտ 100-ն են, եւ դրանք նույնիսկ մասնագետները դժվարությամբ են տարբերում։

Բույսի տերեւներն իրենց կառուցվածքով նման են հազարատերեւուկին, իսկ ծաղիկները` երիցուկին։

Ժամանակի ընթացքում բույսը տարածվել է ողջ Եվրոպայում, ԱՄՆ-ում, Ավստրալիայում, Նոր Զելանդիայում։

Միամյա բազմաթիվ սերմեր տվող (մոտ 4500 հատ), մինչեւ 50 սմ բարձրության հասնող ճյուղավորվող ուղղաձիգ ցողունով եւ իլիկաձեւ արմատով բույս է, հայերեն անվանումներն են` անթեմ, իգախոտ… Ցրտադիմացկուն, դժվար վերացվող մոլախոտ է, նույնիսկ զրկված լինելով ցողունի հիմնական մասից` կարող է վերարտադրվել գետնին ընկած ճյուղերի արմատակալման միջոցով։

Անթեմը հնագույն ժամանակներից օգտագործվում է ժողովրդական բժշկության մեջ` մասնավորապես լյարդի հիվանդությունների բուժման համար։

Հազարատերեւուկը կոճղարմատավոր-ծլարմատավոր, վեգետատիվ եղանակով բազմացող բույս է։ Արմատահատվածները միացած են միմյանց փուխր կերպով։

Առատ պտղաբերում է, սերմերը հատկապես լավ են ծլում ձմեռելուց հետո։

Ծլելու առաջին տարին կազմավորվում են արմատամերձ տերեւային վարդակը, հզոր փնջաձեւ արմատահամակարգը եւ ցրուկը` աճող եւ պտղաբերող բողբոջներով։ Ծաղկակիր ցողուններն առաջանում են բույսի կյանքի երկրորդ կամ երրորդ տարում, երբ սկսվում է բույսի բուռն ու համակողմանի զարգացման շրջանը։ Ցողունները ակոսավոր են, տերեւները` գրեթե մերկ, նեղ գծային, փետրաձեւ, կրկնակի կամ եռակի կտրտված կամ բաժանված սրածայր հատվածներով։ Վերեւի տերեւների հատվածաբաժինները կարճ են։ Բույսը չունի միատարր կանաչ գույն, առկա է թույլ արտահայտված ճերմակ երանգը։ Ծաղկաբույլը բազմաթիվ վահանաձեւ զամբյուղներով, սպիտակ, դեղին, վարդագույն, երբեմն` կարմիր բարդածաղիկ է։ Արտաքին ծաղիկները լեզվակավոր են եւ իգական, կենտրոնականները` երկսեռ։ Ծաղկաթերթերը շատ կարճ են, եռանկյունաձեւ եւ երկարավուն, դրանք հինգն են, խողովակաձեւ ծաղիկներն ավելի շատ են։ Ծաղկաբույլերը գագաթային են։

Տերեւների բարդ կառուցվածքի շնորհիվ է, որ բույսը ստացել է millefolium=հազարատերեւուկ անվանումը, որը կրկնվում է շատ ժողովուրդների մոտ։ Ցողունը թույլ ճյուղավորված է, տերեւները տեղակայված են «աստիճանաձեւ», որոնց ձեւը հիշեցնում է կենդանու պոչ։ Գերմաներենում անվանում են Kathenschwanzel (կատվի պոչ), ռուսերենում անվանում են «դերեւեյ», այն իմաստով, երբ չորացած ծառի ճյուղերը օգտագործել են որպես աստիճանաոտքեր։

Հազարատերեւուկի ծաղկման շրջանը (հունիս-հոկտեմբեր) բավականին երկար է։ Մեղվատվությունը ցածր է` մինչեւ 30 կգ/1 հա, սակայն լրացուցիչ կեր է ապահովում մեղուների համար։

Բույսն ունի շատ հետաքրքիր քիմիական բաղադրություն.

– վերգետնյա մասը պարունակում է ֆլավոններ, արյան մակարդելիությունը բարձրացնող ալկալոիդ աքիլլեին, կումարին, թթուներ (ակոնիտի, մրջյունի, կատվախոտի, քացախի), դառը եւ դաբաղանյութեր, բուսախեժ, պղինձ, մոլիբդեն, սելեն, ցինկ, ասկորբինաթթու, ֆիլլոխինոն, կարոտին, քոլին, K վիտամին, տոկոֆերոլներ,

– տերեւներում եւ ծաղիկներում (ավելի շատ) պարունակվում է դեղնականաչավուն կամ կապույտ գույնի եթերային յուղ (մոտ 0,85 տոկոս), որն ունի բարդ բաղադրություն` ցինեոլ, կարցոֆիլլեն, կամֆորայի բարդ եթերներ, թույոլ, ազուլեն, պինեն, բորնեոլ, այլ, բարդ սպիրտներ,

– սերմերը պարունակում են մինչեւ 21 տոկոս ճարպայուղ։

Ապացուցված է, որ 1։200 քաշային հարաբերությամբ պատրաստված բույսի թուրմը ավելացնում է տրոմբոցիտների քանակը արյան մեջ եւ բարձրացնում մակարդելիությունը, ընդ որում, ազդեցությունը մեղմ է եւ երկարատեւ, նաեւ չի առաջացնում տրոմբոզներ, ինչը բնորոշ է կալցիումի քլորիդին (1։2000-1։5000)։

Խոսելով բույսի բուժիչ հատկությունների մասին, կարեւոր է հաշվի առնել, որ այն կարգավորում է նյութերի փոխանակությունն օրգանիզմում, ինչից մեծապես կախված է մեր ինքնազգացողությունը։

Ակնհայտ է, որ ժամանակակից մարդու սննդակարգում էապես քիչ են դառնահամ ուտեստները եւ շատ է քաղցրը։

Ինչպես գրված է 16-րդ դարի չին հասարակական կյանքը նկարագրող փաստաթղթերից մեկում. «Վերոգրյալ հանգամանքը նվազեցնում է ֆիզիկական ուժերը, առաջացնում հոգեբանական անկում, փափկասունություն»։

Ավելացնենք, որ քաղցրը անհրաժեշտ, երբեմն` նաեւ բավարար «սնունդ» է քաղցկեղի համար։ Ի դեպ, հայտնի բժիշկ Ս.Վ. Կորեպանովը հրապարակել է տեղեկություն այն մասին, որ Ցելինոգրադի մարզում տեղի բնակչությունը բուժվում է քաղցկեղից հազարատերեւուկի եփուկով (մեղրի հետ), հատկապես` արգանդի պոլիպներ, ստամոքսի քաղցկեղ (ընդունման ժամկետը` 1 տարի)։

Հազարատերեւուկը հնագույն ժամանակներից օգտագործվում է որպես ախորժակը լավացնող միջոց ստամոքսաբորբի, խոցի, մարսողության խանգարման դեպքում։ Կա կարծիք, որ բույսի հյութը կամ այլ պատրաստուկները ակտիվացնում են ստամոքսահյութի եւ լեղու արտազատումը։

Բազմաթիվ մասնագետներ համոզված են, որ բույսը առաջատար դիրք է զբաղեցնում գինեկոլոգիայում օգտագործվող բույսերի ցանկում։ Այն անփոխարինելի է դաշտանի խանգարումների եւ կլիմաքսի շրջանում առաջացող բարդույթների դեպքում։ Ժամանակակից բժշկությունը կիրառում է հազարատերեւուկը արյունահոսող թութքի, ներարգանդային արյունահոսության, ախորժակի անկման դեպքում, նաեւ` որպես լեղամուղ, լուծողական միջոց։

Արտադրվում է «Ռոտոտան» հեղուկ դառը դեղամիջոցը։ Ժողովրդական բժշկության մեջ հազարատերեւուկն օգտագործվել է հնագույն ժամանակներից։ Բուժական նպատակներով օգտագործում են բույսի վերգետնյա մասը` ծաղկման շրջանում։ Չորացումը կատարեք օդափոխվող ծածկի տակ կամ ջեռոցում 50 C ջերմաստիճանի պայմաններում։ Պահպանման ժամկետը 5 տարի է։

Բույսը լայն կիրառում ունի որպես համեմունք, չորացրած վիճակում կիրառվում է ոգելից խմիչքների եւ հրուշակեղենի արտադրությունում։

Հազարատերեւուկի կիրառումը ժողովրդական բժշկության մեջ շատ լայն է, ընդ որում, թե ինքնուրույն, եւ թե դեղաբուսային հավաքածուների կազմում` հակահելմինտ, քրոնիկ կոլիտ, ինֆեկցիոն եւ տոքսիկ բնույթի հեպատիտներ, ռեւմատիզմ, թոքախտ, միզուղիների հիվանդություններ, հոդատապ, շաքարային դիաբետ, գիրություն, աթերոսկլերոզ, նեւրասթենիա, բրոնխների ասթմա, դեպի ուղեղը հոսող արյան ուժգնացում, անքնություն, անուժականություն, հիպոտոնիա, սրտի հիվանդություններ, բրոնխիտ, պնեւմոնիա, հեմատոմա, լեղաքարային հիվանդություն, այրվածք, դեիզենտերիա, ալերգիկ ցան, սակավարյունություն, ենթաստամոքսային գեղձի գործունեության խանգարում, եւ այլն։

Զգուշացում։ Հակացուցված է հղիներին, Չափաբաժինների խախտումն առաջացնում է գլխապտույտ եւ մաշկային ցան։

Կարեւոր է հաշվի առնել, որ բույսի մեջ շատ են կենսաբանորեն ակտիվ նյութերը, ներքին օգտագործման դեպքում 1 օրվա չափաբաժինը չպետք է գերազանցի 8 գրամը։

Դեղատոմսեր

Փքվածություն. Աղացեք թարմ հումքը, զտեք հյութը, խմեք 1-ական ճ/գ-ն, օրը 3 անգամ` սնվելուց 10-15 րոպե առաջ կամ 1ժամ հետո։

– Խմեք նույն ձեւով դաշտանային ցիկլի կարգավորման համար, 1 շաբաթից ոչ ավելի։

Թութք. 1 թ/գ չոր մանրացրած հումքը 15 րոպե եփեք ջրային բաղնիքի վրա, փակ կափարիչի տակ` 200 մլ եռջրում։ Հովանալուց հետո քամեք։ Խմեք 1-ական ճ/գ, օրը 3 անգամ` սնվելուց առաջ։

Սննդային թունավորում. Լուծի դեպքում խմեք 50-ական մլ, իսկ երեխաները` 1-2 թ/գ։

Բրոնխիտ. 5 թ/գ մանրացրած թարմ հումքը 1 շաբաթ թրմեք 200 մլ օղու մեջ։ Քամեք, մզեք հումքը, զտեք թանզիֆով։ Խմեք 30-40-ական կաթիլ, օրը 3-4 անգամ` սնվելուց առաջ։

Լեղուղիների մաքրում. 1ճ/գ թարմ խոտին ավելացրեք 200 մլ եռջուր, 10 րոպե պահեք ջրային բաղնիքի վրա (թույլ կրակ), 2 ժամ թրմեք։ Քամեք։ Խմեք 2-ական ճ/գ, օրը 3 անգամ` սնվելուց առաջ։ Շարունակեք 10 օր։

Ալերգիա. 1ճ/գ չոր հումքը 1 ժամ թրմեք 250 մլ եռջրում, կիպ փակված տարայում, պահեք տաք տեղում։ Հովանալուց հետո քամեք։ Խմեք 1-ական ճ/գ, օրը 3-4 անգամ` սնվելուց առաջ։ Նույն կերպ խմեք արթրիտի, հոդատապի դեպքում։

Ցածր թթվայնությամբ քրոնիկ ստամոքսաբորբ. Ապակե տարայի կեսը լցրեք ծաղկաբույլերով։ Սեղմեք հումքը եւ վրան ավելացրեք այնքան օղի, որ լինի տարայի եզրից 1 սմ ներքեւ։ Փակեք, 5 օր թրմեք արեւի տակ։ Քամեք։ Խմեք 1-ական ճ/գ, օրը 3 անգամ` սնվելուց առաջ։ Շարունակեք 4-6 շաբաթ։

Ներքին արյունահոսություն. Խառնեք հազարատերեւուկի խոտը եւ եղինջի տերեւը (1։1)։ Հումքի 2 թ/գ-ն 2 ժամ թրմեք 200 մլ եռջրում։ Քամեք։ Խմեք 100-ական մլ, օրը 3 անգամ։

Խոլեցիստիտ. Խառնեք հազարատերեւուկի խոտը, դաղձի տերեւը, երիցուկի, վաղենակի, տարվականի (Tanagetum) ծաղիկները (3։3։3։3։1)։ Հումքի 1ճ/գ-ն թրմեք 200 մլ եռջրում մինչեւ գոլանալը։ Քամեք։ Խմեք 60-70 մլ, օրը 2-3 անգամ` սնվելուց առաջ։ Շարունակեք 4 շաբաթ։

Ցածր քաշ. Խառնեք սրոհունդի եւ հազարատերեւուկի փոշիացրած ծաղիկը, մասուրի մանրացրած պտուղը (առանց սերմի) (1։1։1)։ Հումքի 300 գ-ին ավելացրեք 300 գ (ջրային բաղնիքի վրա հալեցրած) կարագ եւ 600 գ գոլ մեղր։ Կերեք 1-2 թ/գ, օրը 10-15 անգամ։

Առավոտյան նախքան սնվելը կերեք 3-5 հատ թարմ (չորացրած) թուզ կամ 2-3 հատ նուշի ընկույզ։

Ստամոքսաբորբ.- Խառնեք հազարատերեւուկի խոտը, երիցուկի եւ վաղենակի ծաղիկները (1։1։1)։ Հումքի 2 ճ/գ-ն 8 ժամ թրմեք 500 մլ եռջրում։ Քամեք։ Խմեք 150-ական մլ, օրը 3-4 անգամ` սնվելուց 1 ժամ առաջ։ Շարունակեք 40 օր, ընդմիջեք 1-2 շաբաթ, կրկնեք։

Կլիմաքս. Խառնեք հազարատերեւուկի, խնկածաղկի, առյուծագու խոտերը եւ դաղձի տերեւը (1։1։1։1)։ Հումքի 1 ճ/գ-ն 1 ժամ թրմեք 200 մլ եռջրով ջերմապահում։ Քամեք։ Խմեք 100-ական մլ, օրը 2 անգամ (գոլ վիճակում)` սնվելուց առաջ։ Հանգստացնող միջոց է։

Վիտամինային լոգանք. Մանրացրեք, խառնեք 2-ական ճ/գ սոճու բողբոջ, օշինդրի, եղեսպակի, խնկածաղկի, հազարատերեւուկի, ուրցի խոտերը, խնկեղեգի արմատը։ Ավելացրեք 3 լ եռջուր, 10 րոպե եփեք թույլ կրակի վրա, թրմեք 1 ժամ։ Քամեք, ավելացրեք լոգանքի ջրին (37 C, 15 րոպե)։

Կորյակներ.

– Ծաղկման սկզբում հավաքեք ծաղիկները, մանրացրեք, տրորեք։ Խառնեք խոզի հալեցրած ներքին յուղի հետ (1։1)։ Խմեք քնելուց 1 ժամ առաջ։ Քսուքը պահեք սառնարանում։

– 3 ճ/գ հազարատերեւուկի փոշիացրած ծաղիկը, 1-ական ճ/գ տաք ջուր եւ կիտրոնի հյութ, կես ճ/գ ձիթապտղի յուղ։ Պահեք դեմքին` մինչեւ չորանալը, լվացեք` տաք, հետո` սառը ջրով։

Հակաբորբոքային, ախտահանիչ թուրմ. Խառնեք 1-ական թ/գ հազարատերեւուկի եւ երիցուկի ծաղիկները։ Կես ժամ թրմեք 500 մլ եռջրում։ Քամեք։ Լվացեք դեմքը։ 2-3 րոպե անց չորացրեք սրբիչով։