Մեր տեղեկություններով` ընտրություններից անմիջապես հետո իշխանությունները սկսել են քննարկել, թե հաջորդ ԱԺ-ում որ ուժերը պետք է կոալիցիա կազմեն եւ որ ուժերը մնան որպես ընդդիմություն: Քննարկվում է կոալիցիայի 2 տարբերակ` ՀՀԿ-ՕԵԿ-«Ժառանգություն» եւ ՀՀԿ-ԲՀԿ-ՕԵԿ տարբերակները: Առայժմ փորձում են հասկանալ, թե նախագահական ընտրություններից ամիսներ առաջ որքանո՞վ է նպատակահարմար 36 մանդատ ձեռք բերած եւ ֆինանսական հզոր ռեսուրսներ ունեցող ԲՀԿ-ին ընդդիմադիր դաշտ մղելու տարբերակը: Եվ մեր տեղեկություններով` Սերժ Սարգսյանը փորձում է ամեն ինչ անել, որ ԲՀԿ-ի հետ ունեցած տեւական լարվածությունը հակամարտության չվերածվի: Սակայն, եթե չիրագործվի ԲՀԿ-ի հետ կոալիցիա կազմելու տարբերակը, ՀՀԿ-ն կոալիցիա կհրավիրի արդեն «Ժառանգությանը»: Ընդ որում, ՀՀԿ-ում ոչ բոլորն են միանշանակ վերաբերվում այդ տարբերակներին: ՀՀԿ շտաբի պետ Հովիկ Աբրահամյանն իր համախոհներով ցանկանում է շարունակել ԲՀԿ-ի հետ համագործակցությունը, իսկ Տիգրան Սարգսյանն իր համախոհներով` ոչ: Ասում են, ԲՀԿ-ն, իր հերթին, չի ցանկանում ՀՀԿ-ի հետ կոալիցիա կազմել, եթե վարչապետի պաշտոնում մնա Տ.Սարգսյանը: Մեր տեղեկություններով` արդեն սկսվել են նաեւ քննարկումները նոր կառավարության պորտֆելների բաժանման շուրջ: Այս բոլոր հարցերը պետք է հստակեցված լինեն մինչեւ նոր ԱԺ-ի առաջին նիստը եւ գործող կառավարության հրաժարականը` մինչեւ մայիսի 24-ը: