Վեցնոցների ժամանակը

08/05/2012

Մայիսի 6-ին տեղի ունեցան Հայաստանի Հանրապետության պատմության մեջ եզակի ընտրություններ: Գոնե 1996 թվականից հետո` եզակի: Հայաստանի իշխանությունը կարողացավ կեղծել ընտրությունները գրեթե իդեալական, անխոցելի մակարդակով: Օտարերկրյա դիտորդների, միջազգային հանրության ավելի քնքուշ, ավելի բարձր գնահատական չէր կարող ակնկալել նույնիսկ ամենաժողովրդավարական իշխանությունը: Իշխանությունը կարողացավ ապահովել դա` լինելով ժողովրդավարությունից այնքան հեռու, որքան հնարավոր է: Հայաստանի իշխանությունը կեղծեց ընտրությունների արդյունքները այնքան պրոֆեսիոնալ, այնքան անխոցելի կերպով, որքան կարող է գործել ամենափորձված գողն` անապացուցելի գողություն կատարելիս: Իշխանությունը գողացավ հասարակության ձայնը այնքան հարթ, այնքան անաղմուկ, որ դա չի կարողանա ապացուցել նույնիսկ Հաագայի միջազգային դատարանը: Իշխանությունը գողացավ ընտրողների ձայնը մարդկանց հոգում, ընտրությունը խեղդեց հենց բնում` քվեարկության գնացողների մտածողության մեջ, արժեքային համակարգում: Իշխանությունը գնեց ամեն ինչ` ձայնից մինչեւ բարոյականություն: Եվ թույլ տվեց մյուսներին գնել այնքան, որքան կարելի է: Մեկին թույլ տվեց գնել փողով, մյուսներին` մարդկանց խաբելով, իմիտացիայով: Բայց իրավիճակի ողջ նրբությունն այն է, որ իշխանությունը դա արեց բոլորի հետ միասին` ամենաարմատականից մինչեւ ամենակառուցողական ընդդիմության հետ միասին: Ընտրությունների արդյունքները ցույց տվեցին, որ բացի ՀՀԿ-ից ու ԲՀԿ-ից, մնացած բոլոր ուժերը խորհրդարան անցան բացառապես իշխանության բարեհաճության շնորհիվ: Իսկ ՀՀԿ-ն ու ԲՀԿ-ն` փողի ու իշխանական ռեսուրսների: Այսինքն` իշխանությունն ընտրությունների արդյունքներով ընտրությունների օրվա ավարտին քաղաքական ուժերին դրեց շատ որոշակի երկընտրանքի առաջ` կամ բողոքարկել, բոյկոտել ընտրությունների արդյունքները (որքան էլ դրա ապացուցողական հիմքը թույլ լինի), կամ դառնալ կոնֆորմիստ` բառի ամենալայն իմաստով`յուրաքանչյուրն իր ստացած, ավելի ճիշտ` իրեն նվիրված տոկոսների չափով: ԿԸՀ հրապարակած արդյունքները ցույց տվեցին, որ բոլոր մեծ ու փոքր ուժերին իշխանությունը խորհրդարան գնալու սահմանային հնարավորություն տվեց` դրանով իսկ նրանց առջեւ դրված երկընտրանքը դարձնելով ավելի անդառնալի` կամ ընդունել իրենց հատկացված տոկոսները եւ «բողոքել» այնքանով, որքանով որ պետք է իշխանությանը, կամ բոյկոտել ընտրությունների արդյունքները: Ընդունելով իրենց տրված տոկոսները` այդ ուժերը զրկվում են ընտրությունների արդյունքները վիճարկելու բարոյական ու քաղաքական իրավունքից, քանի որ բոլորը դժգոհ լինելով իրենց «նետված» տոկոսների թվային արտահայտությունից, մեծագույն հաճույքով վերցնելու են պատգամավորական մանդատները: Հակառակ պարագայում` ընտրությունների լեգիտիմությունը վիճարկելու պարագայում այդ ուժերը պետք է հրաժարվեն իրենց մանդատներից, ինչը, արդեն վստահաբար կարելի է ասել, չեն անելու: Դատելով ԲՀԿ-ի, ՀԱԿ-ի, ՀՅԴ-ի ու «Ժառանգության» երեկվա վարքագծից (բոլորը` տարբեր ձեւակերպումներով, երեկ խուսափել են պաշտոնական գնահատական տալ եւ դիրքորոշում արտահայտել ընտրությունների արդյունքների վերաբերյալ), բոլորն ընդունել են իշխանության խաղի կանոնը եւ ժամանակ են «ձգում» ընդամենը հետընտրական գործարքներում ավելին ստանալու ակնկալիքների պատճառով: Այլապես, երեկ արդեն գոնե այդ ուժերի մի մասը պետք է հրապարակում լիներ: Այսինքն` լայն իմաստով խորհրդարան անցած բոլոր 6 ուժերը մասնակից են այն գործընթացին, որը բեմադրեց իշխանությունը եւ որն արժանացավ միջազգային հանրության բոլոր բեւեռների աննախադեպ գնահատականին: Այդ թվում` այն բեւեռների, որոնց «վիզը ծռած» նայում են խորհրդարան անցած բոլոր ուժերը: Այնպես որ, մայիսի 6-ի ընտրություններն իսկապես աննախադեպ էին` կատարյալ ձեւի, սակայն ապաքաղաքական, հակաժողովրդավարական` բովանդակության տեսանկյունից: Իշխանությունը վերարտադրվեց այնքան գեղեցիկ, որքան գեղեցիկ էին հնչում «ընդդիմադիր» ուժերի` իշխանություններին փոխելու խոստումները նախընտրական շրջանում: