Հանրաքվեի ամենածանր հետեւանքը

03/12/2005 Արմեն ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ

Եվ այսպես, սահմանադրական փոփոխությունների հանրաքվեն ավարտվեց։ Դա արդեն անցած էտապ է, եւ այլեւս որեւէ նշանակություն չունի` կեղծիքներն աննախադե՞պ էին, թե՞ նախադեպ ունեին, ընտրակեղծիքների ծավալները սոսկալի՞ էին, թե՞ ընդամենը ահավոր, եւ այլն։ Ընդդիմությունն, իհարկե, 72 ժամ ժամանակ է տվել ԿԸՀ-ին` հանրաքվեի արդյունքները չեղյալ հայտարարելու համար, բայց հազիվ թե որեւէ մեկը հավատում է, որ 72 ժամ անց Գարեգին Ազարյանը հանդես կգա մեղայականով։

Այսպես թե այնպես, վերլուծության արժանի է ոչ այնքան հանրաքվեի ընթացքը, որքան միջազգային կառույցների գնահատականը։ Իսկ այդ գնահատականը, մեղմ ասած, իր մեջ հեգնանքի զգալի դոզա է պարունակում։ Հենց միայն Եվրախորհրդի դիտորդների այն գնահատականը, թե ընտրողների ակտիվությունը եւ մասնակիցների թվի վերաբերյալ ներկայացված տվյալները իրար չեն համապատասխանում, ինչ ասես արժե։ Փաստորեն, դիտորդները նկատել են, որ ընտրողները չափազանց պասիվ են եղել, բայց հանձնաժողովները ներկայացրել են միանգամայն այլ թվեր։ Պարզ ասած, կամ տեղամասերում լցոնումներ են տեղի ունեցել, կամ պարզապես թվեր են նկարվել։ Ընդ որում, խոսքը հարյուր հազարավոր քվեների մասին է (հակառակ դեպքում քվեարկողների պասիվության եւ ներկայացված թվերի միջեւ հակադրությունն այդքան ակնառու չէր լինի)։ Ուրեմն ինչո՞ւ այսքանից հետո միջազգային կառույցները հայտարարեցին, թե հանրաքվեն ընդհանուր առմամբ համարյա համապատասխանում էր ժողովրդավարական չափանիշներին։ Այս հարցի պատասխանը կարող են տալ գրեթե միաժամանակ երկու տարբեր ամբիոններից հնչած երկու հայտարարությունները։ Նախ, ԵԱՀԿ-ում Բելգիայի հատուկ ներկայացուցիչը հայտարարեց, թե «Լեռնային Ղարաբաղի հիմնահարցը մոտ ապագայում լուծելու հնարավորությունները տեսանելի են դառնում», ապա նույն օրը դեսպան Վլադիմիր Կազիմիրովը հայտարարեց, թե ղարաբաղյան կարգավորման հարցում 2006 թվականը կարող է լինել «ճշմարտության պահ»։ Այնպես որ, հանուն «մեծ խաղաղության» միջազգային հանրությունը կարող էր եւ իրեն թույլ տալ չնկատել այնպիսի «մանրուքները», ինչպիսիք էին հանրաքվեի ընթացքում արձանագրված կեղծիքները։

Ի դեպ, «մանրուքների» մասին։ Այն, որ զանգվածային ընտրակեղծիքների արդյունքում Հայաստանն ունեցավ ավելի վատ Սահմանադրություն, դեռ հարցի մի կողմն է։ Հետագայում դա գուցե հնարավոր լինի շտկել` հանրաքվեի արդյունքները վիճարկելու կամ նոր հանրաքվեի միջոցով։ Բայց կա մի բան, որը շտկելը շատ դժվար կլինի։ Խոսքը հասարակության բոլոր խավերին կեղծիքների մեջ ներգրավելու հետեւանքների մասին է։

Ի՞նչ տեղի ունեցավ։ Իշխանական տարբեր կառույցները միանգամից մի ամբողջ սերնդի (ուսանողությանը, երիտասարդությանը) «բացատրեցին», որ այսօր Հայաստանում ինչ-որ բանի հասնել կարելի է միայն սեփական խղճի հետ գործարքի մեջ մտնելով եւ հառուստաէկրանից բացահայտ ստեր ասելով։ Տասնյակ եւ հարյուրավոր երիտասարդական կազմակերպությունների լավ խնամված ղեկավարներն իրար հերթ չտալով փառաբանում էին «սահմանադրական բարեփոխումներն» ու հանրաքվեի «թափանցիկ ընթացքը»` շատ լավ իմանալով, թե իրականում ինչ է կատարվել։ Եվ պատկերացրեք` այդ կազմակերպությունների մեջ չգտնվեց մեկը, որը ճշմարտությունն ասի։ Ընդ որում, վախի մթնոլորտ չկար, ոչ մեկը նրանց չէր ստիպում։ Պարզապես չգտնվեց մեկը, ով հանուն ճշմարտության վտանգի տակ կդնի իր ապագա կարիերան։ Իրականում հանրաքվեի ամենածանր արդյունքը հենց սա էր։

Փաստորեն, իշխանությունները հստակ սանդղակ սահմանեցին, թե Հայաստանում երիտասարդներից ովքեր կարող են ապագայի հետ հույսեր կապել, եւ ովքեր` ոչ։ Հստակեցվեցին նաեւ ընտրության չափանիշները։ Եվ սահմանվեց, որ Հայաստանում «մարդավարի ապրել» կարող են միայն այն երիտասարդները, ովքեր պատրաստ են առանց աչք թարթելու գնալ ցանկացած կեղծիքի, առանց խղճի խայթ զգալու ցանկացած սուտ ասել եւ արժանանալ մայրիկների ու մորաքույրների հիացական գնահատականներին` «վո՜ւյ, ազիզ ջան, մեռնեմ խելքիդ, պատրաստի մինիստր ա»։ Իհարկե, բոլորը «պատրաստի մինիստրներ» են, որովհետեւ արդեն գլխի են ընկել, որ «իրազեկման կենտրոնների» աշխատակիցների պոնչիկի գումարի մի մասը կարելի է յուրացնել։ Խաղի կանոններն են այդպիսին։

Նայելով հանրաքվեի ընթացքում ակտիվացած «գիտակից երիտասարդությանը»` կարելի է հստակ պատկերացում կազմել, թե ինչպիսի Հայաստան ենք ունենալու մի 10-15 տարի անց։ Ընդ որում, իրավիճակը շտկելը շատ դժվար է լինելու, որովհետեւ իշխանություններն արդեն այսօր մեկ առ մեկ ընտրում են քիչ թե շատ մտածելու ընդունակ երիտասարդներին եւ ստիպում խաղալ իրենց կանոններով։ Իսկ մյուսներն այլընտրանք չունեն։ Մյուսները պիտի մնան որպես «շարքային ժողովուրդ», որպեսզի լավ խնամված երիտկոմսոմոլները նրանց առաջնորդեն դեպի ժողովրդավարություն։