Արաբկիրում` ինչպես ողջ Հայաստանում

08/05/2012 Արմինե ԱՎԵՏՅԱՆ

Մայիսի 6-ին Երեւանի Արաբկիր համայնքի թիվ 4 ընտրատարածքում նույնպես կիրառվեցին ընտրակեղծիքների բոլոր այն տեսակները, որոնք իշխանությունները գործի էին դրել ողջ Հայաստանում: Նախ` այդ ընտրատարածքում նույնպես ավելացել էր ընտրողների քանակը, որոնք բերման էին ենթարկվել մոտակա շրջաններից եւ նախօրոք գրանցվել էին այդ համայնքում: Համայնքի գրեթե բոլոր ընտրատեղամասերում կային 10-80 անուններից բաղկացած, այսպես կոչված, լրացուցիչ ցուցակներ, որոնց մեջ ընդգրկված էին այդ շրջանում ժամանակավոր գրանցում ունեցող ընտրողները: 4/33 ընտրատեղամասում, օրինակ, ՀԱԿ-ի թեկնածու Արամ Մանուկյանի վստահված անձ Ժասմեն Ալեքսանյանը առավոտյան նկատել էր, որ այդ լրացուցիչ ընտրացուցակից միանգամից 26 հոգի մտել են ընտրատեղամաս եւ քվեարկել: Նա հետաքրքրվել եւ տեղեկացել էր, որ նրանք Եղվարդի բնակիչներն են: Հիշեցնենք, որ Եղվարդից է նաեւ այդ ընտրատարածքում Հանրապետական կուսակցության կողմից մեծամասնական ընտրակարգով առաջադրված Արտակ Սարգսյանը, որը հայտնի է «ՍԱՍ-ի Արտակ» անունով: Եղվարդը Արաբկիրից գտնվում է ընդամենը 20 րոպե հեռավորության վրա: Եվ եթե իսկապես այդ մարդիկ, ընտրություններին մասնակցելուց բացի, այդ համայնքում գրանցվելու ավելի հիմնավոր պատճառներ ունեին, ապա Եղվարդ հասնելը, քվեարկելն ու վերադառնալը նրանցից մեծ ժամանակ չէր խլի: Իսկ ընդդիմության վստահված անձինք կարծում էին, որ նրանք Եղվարդից բերվել ու այդ համայնքներում են գրանցվել Ա.Սարգսյանին եւ ՀՀԿ-ին լրացուցիչ ընտրաքանակ ապահովելու համար: Իհարկե, վճարովի հիմունքներով: Ինչպես բոլոր համայնքներում, այստեղ եւս համատարած ընտրակաշառքներ էին բաժանվել թե՛ համամասնական, եւ թե՛ մեծամասնական ընտրակարգերով ընտրելու համար: Արաբկիրում պատմում էին, որ Ա.Սարգսյանն օրվա վերջում ընտրակաշառքը բարձրացրել է մինչեւ 100 դոլար: Բոլորը խոսում էին նաեւ այն մասին, որ Սարգսյանը թե իր, թե կուսակցության համար օգտագործել է նաեւ ՍԱՍ սուպերմարկետների ցանցի աշխատողներին:

Փոքր-ինչ այլ տեսարան էր 4/1 ընտրատեղամասում, որտեղ հանձնաժողովի նախագահ Հեղինե Փոգրարյանը պարզապես կոպտելով ու վիրավորելով` ընտրատեղամասից դուրս հանեց մի տարեց ընտրողի, ով դժգոհում էր, թե իր տան վրա գրանցված է 2 հոգի, որոնց ինքը չի ճանաչում: Քանաքեռ ՀԷԿ-ի Բանավան 16 շենքի բնակարանի բնակիչ Սարգիս Մելքումյանը ընտրացուցակում նշված իր հասցեում չէր գտել իր անունը: Երբ նա փորձեց հանձնաժողովի նախագահից բացատրություն ստանալ, վերջինս հրելով` դուրս հանեց եւ պահանջեց լքել տարածքը, հակառակ դեպքում` սպառնալով «թաթալոշ հասցնել»: Ի դեպ, այդ նույն ընտրատեղամասում ՀՀԿ-ի վստահված անձ էր Հ.Փոգրարյանի որդին` Հարություն Գրիգորյանը, ով անընդհատ ցուցումներ էր տալիս թե մորը, թե հանձնաժողովների անդամներին ու վստահված անձանց մի մասին: Մինչդեռ վստահված անձն իրավունք չունի միջամտել ընտրական պրոցեսին, նա ընդամենը կարող է հետեւել: Ընտրական օրվա ընթացքում Ա.Մանուկյանի եւ Սաթիկ Սեյրանյանի վստահված անձինք նկատել են, որ մեծամասնական ընտրակարգի քվեաթերթիկները` քվեարկողների թվի հետ համեմատած, ավելանում են: Երբ փորձել են հանձնաժողովի նախագահից պարզաբանում ստանալ, վերջինս հերքել է, որ հնարավոր է` նման տարբերություն լինի, եւ հրաժարվել է պարզել այդ հարցը: Ավելի ուշ նա ավելի քան 30 րոպե քվեաթերթիկների եւ ընտրական այլ պարագաների պահպանման չհրկիզվող պահարանի մեջ` ինչ-որ հաշվարկներ է արել: Կուսակցությունների վստահված անձանց եւ հանձնաժողովների անդամներին նա ասել է, թե հաշվում է ելունների եւ չօգտագործված քվեաթերթիկների քանակը: Սա գործողություն է, որը պետք է իրականացվի ընտրության ավարտից հետո, երբ հաշվարկում եւ գրանցում են թե քվեները, թե ընտրական բոլոր իրերը: Իսկ ընտրության ընթացքում դա անելը համարվում է ընտրախախտում: ՀԱԿ-ի եւ Ա.Մանուկյանի վստահված անձինք փորձել են այդ եւ այլ խախտումների հետ կապված արձանագրություն կազմել, սակայն տիկին Փոգրարյանը հրաժարվել է այն ստորագրել: Ի վերջո, նրանք որոշեցին գոնե բողոք գրել եւ ներկայացնել Ընտրատարածքային ընտրական հանձնաժողով:

Իհարկե, սրանք բավականին աննշան խախտումներ էին` համեմատած այն խախտումներին, որոնք կատարում էին դրսում իշխող կուսակցությունն ու իր մեծամասնական թեկնածուն` իրենց հաղթանակն ապահովելու համար: Այստեղ նույնպես առավոտից երթուղիներից հանված երթուղային տաքսիներով ընտրողներ էին բերման ենթարկվում ընտրատեղամասեր: Բնականաբար, այդ ընթացքում կամ մի փոքր ավելի շուտ համատարած ընտրակաշառք էր բաժանվում: