Պտտվիր, պտտվիր կարուսել

08/05/2012 Արմինե ԱՎԵՏՅԱՆ

Հայաստանում եւս մեկ խորհրդարանական ընտրություն անցավ պատմության գիրկը` քաղաքական ուժերին ու հանրությանը թողնելով դրա արդյունքներն ու անցկացման մասին քննարկումները: Եվ, ինչպես նախորդ բոլոր ընտրությունները, այս մեկը նույնպես առաջացրել էր որոշակի սպասումներ, իսկ հետո` դրան հետեւող հիասթափություններ:

Նախ նշենք, որ մայիսի 6-ի խորհրդարանական ընտրությունների նախնական տվյալներով` Ազգային ժողով անցան 6 քաղաքական ուժեր` ներկայիս խորհրդարանական 5 ուժերը եւ Հայ ազգային կոնգրեսը: Այս անգամ իրենց անցողիկ տոկոսներն ու մանդատները զգալիորեն ավելացրեցին թե իշխող Հանրապետական կուսակցությունը, եւ թե կոալիցիոն «Բարգավաճ Հայաստանը»: Եթե ՀՀԿ-ն նախորդ ընտրություններին ստացել էր 34 տոկոս, ապա այս անգամ` մոտ 44 տոկոս: Այս ընտրություններին ամենամեծ առաջընթացը գրանցել է ԲՀԿ-ն, որը համամասնական ընտրակարգով ստացել է կրկնակի ավելի` մոտ 30 տոկոս: «Օրինաց Երկիր» եւ «Ժառանգություն» կուսակցությունները ստացել են մոտ 5,5 տոկոս ձայն: ՀԱԿ-ը հավաքել է 7 տոկոս: Այս ընտրություններից նախորդի համեմատ բացասական արդյունքով է դուրս եկել միայն «Դաշնակցություն» կուսակցությունը, որին նախորդ 13,5 տոկոսի փոխարեն` այս անգամ բաժին է հասել ընդամենը 5,7 տոկոս: Ստացած 44 տոկոսը ՀՀԿ-ին կտա 40 մանդատ, եւս 29 մանդատ կունենան մեծամասնական ընտրակարգով, եւ իշխող կուսակցությունը 5-րդ գումարման ԱԺ-ում կունենա 69 պատգամավոր: ԲՀԿ-ին իր 30 տոկոսը կտա 28 պատգամավոր, եւս 8 պատգամավոր կունենան մեծամասնական ընտրակարգով: Ակնհայտ է, որ ԲՀԿ-ն իր տոկոսներն ավելացրեց վերջին շրջանում ընդդիմադիր կեցվածք ընդունելու եւ ընդդիմադիր ընտրազանգվածի մի մասն իր կողմը գրավելու շնորհիվ: Իսկ դա տեղի ունեցավ ՀԱԿ-ի ընտրազանգվածի հաշվին, որը կունենա ընդամենը 7 պատգամավոր: 6-ական պատգամավորներ` ՀՅԴ-ն եւ ՕԵԿ-ը, եւ 5 պատգամավոր` «Ժառանգությունը»: Ընդդիմադիր ՀԱԿ-ի առաջադրած 37 մեծամասնական թեկնածուներից եւ ոչ մեկին չի հաջողվել հաղթել: Նույնը վերաբերում է նաեւ «Ժառանգությանը»: Հատկապես մեծամասնական ընտրատեղերն ու տարածքները բաժանված էին մինչեւ ընտրությունները եւ ընտրությունների արդյունքում դրանք բաշխվեցին կոալիցիոն պայմանավորվածության համաձայն: Իշխանությունների աջակցությունը չունեցող եւ ոչ մի մեծամասնական թեկնածու չկարողացավ հաղթել:

Ընդդիմությունը, բնականաբար, դժգոհ է իր արդյունքներից: ՀԱԿ-ը դեռ գնահատական չի տալիս, հավանաբար այն կհնչի այսօրվա հանրահավաքի ժամանակ: «Ժառանգությունը» նույնպես պաշտոնական կարծիք չի հայտնել, թեեւ առանձին անդամներ դժգոհություն են հայտնել: Շատ դժգոհ է նաեւ ՀՅԴ-ն, բայց դեռ չի հայտարարել, թե ինչ հետընտրական զարգացումներ է նախաձեռնելու: Միայն ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանը բացառել է իշխանությունների հետ կոալիցիա կազմելը: Հիշեցնենք, որ ՀԱԿ-ի, ԲՀԿ-ի եւ ՀՅԴ-ի նախաձեռնած միասնական շտաբը դեռ գործում է: Եվ դեռ հայտնի չէ, թե նրանք կշարունակե՞ն համագործակցել արդեն խորհրդարանում: Իսկ շտաբի համակարգող, արդեն ԲՀԿ-ական պատգամավոր թեկնածու Հմայակ Հովհաննիսյանը երեկ հայտարարել էր, թե «միասնական շտաբը այսօր արդեն` պառլամենտական կուսակցությունների միավորում է»: «Մեր լիագումար նիստի քննարկումների ժամանակ ամեն ինչ պարզ կլինի, թե ինչ դիրքորոշում ունեն կուսակցությունները ընտրությունների հետ կապված»,- ասել էր Հ.Հովհաննիսյանը:

Իսկ այս ընտրությունները, ինչպես եւ սպասվում էր, անցկացվեցին անկախ Հայաստանի պատմության համար բացառիկ համակարգված ու անաղմուկ ընտրակեղծիքների պայմաններում: Այս անգամ ընտրակեղծիքի մեխանիզմը չափազանց կատարելագործված էր, եւ այն կիրառվեց մինչեւ տեղամասեր հասնելը` դրսում: Նախորդ ընտրությունների նման աղմկոտ լցոնումներ կամ ծեծուջարդ չեղավ: Ընտրատեղամասերում գրանցված որոշակի կեղծիքներն ու միջադեպերը զանգվածային չէին եւ չէին կարող ազդել ընտրությունների արդյունքների վրա: Մայիսի 6-ի ընտրությունների հիմնական որոշիչ գործոններից մեկը ընտրակաշառքն էր, որն աստղաբաշխական չափերի էր հասել: Կոալիցիոն ՀՀԿ-ն եւ ԲՀԿ-ն համատարած ընտրակաշառք են բաժանել: Տարբեր տեղեկություններով, ընտրակաշառք է բաժանել նաեւ ՕԵԿ-ը, ասում են, որոշ դեպքերում` նաեւ ՀՅԴ-ն: Ընդ որում, ընտրակաշառքը բաժանվել է առանձին-առանձին` եւ համամասնական ցուցակի, եւ մեծամասնական թեկնածուի համար: Յուրաքանչյուր ընտրակարգի դեպքում շրջանառվող ընտրակաշառքի միջին գումարը 10.000-ական դրամն էր: Այս անգամ այնպիսի իրավիճակ էր ստեղծվել, որ կուսակցությունների ու ընտրողների ընտրակաշառք տալ-վերցնելու լուռ համաձայնություն էր առաջացել: Ինչպեսեւ սպասվում էր, այս անգամ ընտրությունները կեղծիքներից չապահովագրեց նաեւ ընտրողի անձնագրում կնիք դնելը: Շատերի մոտ այդ կնիքը, նախատեսված 12 ժամի փոխարեն, մի քանի ժամ հետո է անհետացել` այդ անձնագրով մեկ այլ ընտրատեղամասում քվեարկելու հնարավորություն ստեղծելով: Համենայնդեպս, ՀԱԿ-ը կարծում է, որ ընտրացուցակներում առկա, բայց իրականում գոյություն չունեցող մոտ կես միլիոն անունների փոխարեն` քվեարկել են տարբեր համայնքներում վերագրանցված մարդիկ կամ զինվորները, ովքեր եւս մեկ անգամ ընտրել են իրենց բնակության վայրերում: Օգտագործվել է նաեւ վարչական լծակների ազդեցությունը: Ի դեպ, ՀՀԿ-ի եւ ԲՀԿ-ի ամիսներ շարունակ տեւած լարվածությունը եւ միմյանց նկատմամբ անվստահությունը որոշ առումով դրսեւորվեց նաեւ այս ընտրություններում: Հանձնաժողովների ՀՀԿ-ական եւ ԲՀԿ-ական անդամները կամ վստահված անձինք լուռ վերահսկում էին միմյանց ողջ օրը:

Այս ընտրությունները նախորդների համեմատ բացառիկ էին նաեւ ընտրողների ակտիվությամբ: Առավոտյան ժամերին անգամ ընտրատեղամասերում կուտակումներ էին առաջացել: Հատկապես Երեւանում առավոտ շուտ արդեն յուրաքանչյուր շենքի մոտ կարելի էր տեսնել մի քանի երթուղային տաքսի, որոնց իշխանական կուսակցությունները կամ մեծամասնական թեկնածուներն իրենց հիմնական աշխատանքից հանել` բերել էին ընտրողներին տանել-բերելու համար: Որոշ դեպքերում, ասում են, որ ընտրակաշառքը բաժանվում էր հենց այդ մեքենաների մեջ: Հատկապես իշխանական կուսակցությունների ակտիվությունն այնպիսի իրավիճակ էր ստեղծել, որ յուրաքանչյուր ընտրող վերահսկվում էր մի քանի կուսակցության կողմից: Շատ քիչ մարդիկ կային, ովքեր կարողացել էին դուրս մնալ այդ կուսակցական վերահսկողությունից, վարչական լծակների ճնշումներից, համատարած ընտրակաշառքի գայթակղությունից, եւ իսկապես կատարել են ազատ ընտրություն: Թեկնածուների կամ կուսակցությունների վստահված անձինք կատակում էին, թե երբ ընտրողները խումբ-խումբ ընտրատեղամաս էին մտնում, նրանց դեմքի արտահայտությունից, վստահված անձանց կամ հանձնաժողովի անդամների հետ հայացքների փոխանակությունից կարելի էր հասկանալ, թե նրանք ում ընտրողն են: Իհարկե, շատ առանձնահատկություններ կարելի է նշել, բայց դրանք արդեն նշանակություն չունեն, հատկապես որ, միջազգային դիտորդական կազմակերպություններն այս ընտրություններին դրական գնահատական տվեցին: Նրանք որոշակի թերություններ նշեցին, բայց դրանք չնչին էին` իրականում կատարված ընտրակեղծիքների համեմատ: Եվրոպական դիտորդները երեկ հրապարակեցին ընտրությունների վերաբերյալ իրենց համատեղ զեկույցը, որտեղ շեշտել էին, թե «ՀՀ-ում 2012թ. մայիսի 6-ի ԱԺ ընտրությունները հատկանշվել են մրցակցային, ակտիվ եւ հիմնականում խաղաղ քարոզարշավի դրսեւորմամբ»: «Ընտրություններն անցկացվել են իրավական բարեփոխված դաշտի ներքո եւ մինչեւ քվեարկության օրը կազմակերպված են եղել ընդհանուր առմամբ պրոֆեսիոնալ եւ թափանցիկ եղանակով»,- արձանագրում է զեկույցը: Իսկ ԱՊՀ դիտորդներն ընտրությունները գնահատել են «բաց, ազատ եւ մրցունակ»: «Կարծում եմ, որ դա կարեւոր քայլ էր երկրում ժողովրդավարության եւ պլյուրալիզմի ամրապնդման գործում»,- նշել է առաքելության ղեկավար Վլադիմիր Գարկունը` ավելացնելով որոշակի թերություններ:

Հիշեցնենք, որ 1 ամիս առաջ ԱԺ նախագահին կից ստեղծվել էր Ընտրական օրենսգրքի կիրառումը մոնիտորինգի ենթարկող աշխատանքային խումբը, որի նիստերին ընտրություններին մասնակցող կուսակցություններից բացի` մասնակցում էին նաեւ ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի, ԱՄՆ դեսպանատան եւ միջազգային մի շարք այլ կառույցների ներկայացուցիչներ: Այդ նիստերի ժամանակ քննարկվեցին հավանական կամ արդեն եղած ընտրակեղծիքների մի քանի հիմնական դեպքեր: Եվ ԱԺ նախագահ Սամվել Նիկոյանը նրանց ներկայությամբ բավականին վարպետությամբ կարողացավ տպավորություն ստեղծել, թե ահազանգվող լրացուցիչ մի քանի հարյուր հազար անձնագրերը կամ ցուցակներում կես միլիոն գոյություն չունեցող ընտրողների անուններ, թանաքի շուտ օքսիդանալը քաղաքական ուժերի կողմից կեղծ ահազանգ են: Եվ Ս.Նիկոյանին հաջողվեց նրանց համոզել, որ իրենց մրցակիցների բարձրացրած հարցերը իրական հիմք չունեն եւ դրանք ընդամենը աղմուկ են: Նա պետական կառույցներից պաշտոնյաներ էր հրավիրում, ովքեր «սպառիչ» բացատրություններ էին տալիս բարձրաձայնվող ահազանգերին: Որոշ տեղեկությունների համաձայն` ընտրություններից առաջ Ս.Նիկոյանի վրա դրված էր միջազգային կառույցների հետ աշխատելու եւ նրանց վրա ազդելու պարտականությունը, ինչը եւ նա կատարեց «փայլուն» կերպով: Իսկ միջազգային դիտորդական կազմակերպությունները, բնականաբար, հենվում կամ օգտվում են իրենց տեղական կառույցների տպավորություններից: Եվ իշխանությունները մի կողմից` կեղծելով ընտրությունները` կարողացան ապահովել միջազգային հանրության դրական գնահատականը: