«Ի՞նչ իրավունքով են իմ տան վրա մարդ գրանցել»,- ընտրատեղամասում հետաքրքրվում էր Արաբկիրի բնակիչը

08/05/2012 Մարինե ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

Արաբկիրի թիվ 4 ընտրատարածքի` Արաբկիր 51-րդ փողոցի 6-րդ տան բնակչուհի Ռոմելա Աբովյանը միայն ընտրության օրն է պարզել, որ իր տան հասցեի վրա կա եւս մեկ գրանցված անձ, ում, սակայն, ինքը չի ճանաչում:

«Տունը ես գնել եմ 3 տարի առաջ, սեփականատերը միայն ես եմ, եւ նման մարդու չեմ ճանաչում: Այդ մարդը` Տերներսիսյան Աշոտ Ալբերտի, ծնված` 1983թ., գրանցված է իմ հասցեի տակ: Ես սենց մարդ ընդհանրապես չեմ ճանաչում»,- մեզ հետ զրույցում իրավիճակը զայրացած ներկայացնում էր Ռ. Աբովյանը: Վերջինիս խոսքով` ինքը շվարած է, եւ նույնիսկ չգիտի` ինչպես վարվել ստեղծված իրավիճակում: «Չգիտեմ էլ, ինչպես վարվել: Երեւի գնամ Անձնագրային բաժին, եւ ասեմ, որ իրեն հանեն գրանցումից: Հըլը էս ընտրությունները մի կողմ, էդ մարդը գրանցվել է իմ տան վրա: Իմ տանը բնակվում եմ ես, երեխաներս եւ ամուսինս»,- նշեց Արաբկիրի բնակչուհին: Ռ. Աբովյանը նշյալ խնդրով դիմել է թիվ 4/12 ԸԸՀ-ին, որը տեղում կազմել է համապատասխան արձանագրություն: Հիշյալ տեղամասի հանձնաժողովի նախագահ Ռուզաննա Խաչիկյանի խոսքով` իրենք արձանագրել են փաստը, եւ տվյալ անուն-ազգանվամբ քաղաքացին դեռ չէր գնացել քվեարկության: «Քրեական գործ պետք է հարուցվի սրա համար»,- ընդգծեց Ռ. Խաչիկյանը: Նա մտավախություն հայտնեց նաեւ օրվա առաջին հատվածում կնիքների թանաքի օքսիդացման առթիվ` նկատելով, որ հնարավոր է` կազմակերպվի կրկնակի քվեարկություն: «Քանի որ մարդիկ կան, որոնք գոյություն չունեն, սակայն գրանցվել են որոշ մարդկանց տների վրա, բայց ունեն նաեւ իրենց հիմնական գրանցումները, ապա հնարավոր է կազմակերպել կրկնակի քվեարկություն: Կարծում եմ` միտումնավոր քայլ էր»,- ասաց թիվ 4/12 ԸԸՀ նախագահը: Նրա հետ զրույցից անմիջապես րոպեներ անց քվեասենյակի հարեւանությամբ հավաքվեցին երիտասարդ մի խումբ աղջիկներ: Վերջիններս եկել էին նույն ժամին, եւ «պատահական» զուգադիպությամբ` նրանցից շատերն իրենց հիմնական հաշվառումից ընդամենն ընտրություններից մեկ օր առաջ` մայիսի 5-ին էին դուրս եկել` գրանցվելով Արաբկիրի նույն փողոցի տարբեր տների վրա:

Օրինակ, Եղեգնաձորի բնակչուհի Սյուզաննա Ս.-ն հաշվառումից դուրս էր եկել այս տարվա ապրիլի 13-ին, եւ նույն օրը ժամանակավոր հաշվառում էր ստացել Արաբկիրի 45-րդ փողոցի 3-րդ տան վրա: Հանձնաժողովի նախագահ Ռ. Խաչիկյանը փորձում էր արձանագրել այդ հանգամանքը. երիտասարդ այդ աղջիկն այդ պահին սկսեց հուզված, զայրացած պատասխաններ տալ, թե` հանձնաժողովի գործը չէ դա: «Իմ պասպորտը կտա՞ք: Դուք իրավունք ունե՞ք վերցնեք»,- ակնհայտ լարվածությամբ ասում էր աղջիկը` հրաժարվելով պատասխանել մեր հարցերին: «Ես ոչ մի հարցի չեմ պատասխանելու: Կարող ա` ես ուրիշ ձեւով եմ լուծում իմ խնդիրը: Ցանկություն չունեմ ոչ մի հարցի պատասխանելու»,- նշեց Արաբկիրում ժամանակավոր գրանցում ստացած աղջիկը: Նա վախից սկսեց ագրեսիվանալ` միեւնույն ժամանակ ակնհայտ վախով պահանջելով իր անձնագիրը: Հաջորդ քվեարկող աղջիկներից երկուսի մոտ եւս արձանագրվեց նույն հանգամանքը: Նրանցից մեկը Երեւանի Էստոնական փողոցի գրանցումից դուրս էր եկել այս տարվա ապրիլի 14-ին` գրանցվելով Արաբկիրի 45-րդ փողոցի 1-ին տան վրա, իսկ մյուսը` Նոր Հաճընից հաշվառումից դուրս էր եկել ապրիլի 21-ին` ժամանակավոր գրանցում ստանալով Արաբկիրի 45 փողոցի թիվ 3 տանը: Մինչ հանձնաժողովի անդամները փորձում էին գտնել այս հետաքրքիր «պատահականությունների» պատճառը, մի երիտասարդ տղա, որը, ինչպես քիչ անց պարզվեց, ՀՀԿ վստահված անձ Ալբերտ Խաչատրյանն էր, փողոցային ժարգոնով միջամտեց. «Էս ի՞նչ քաոս եք անում: Էս ի՞նչ ա էղել: Ի՞նչ պրոբլեմ կա»: Նա հրաժարվեց նշել իր անուն-ազգանունը. «Իմ անուն-ազգանունը պետք չի, որ դուք գրեք: ՀՀԿ-ից եմ, եւ ոչ մի բան…»: ՀՀԿ վստահված անձը հրամայական տոնով էր խոսում ոչ միայն լրատվամիջոցների ներկայացուցիչների, այլեւ հանձնաժողովի անդամների հետ: Նա, չգիտես ինչու, հանդես էր գալիս Արաբկիրում ժամանակավոր փաստացի գրանցված աղջիկների պաշտպանությամբ: Այդ ժամանակ խոսակցություններ եղան, որ աղջիկների այդ խմբին ընտրատեղամաս էին բերել հատուկ գազելով, եւ որ նրանք «ՍԱՍ» սուպերմարկետի աշխատակիցներ են: Մեր տեղեկություններով` «ՍԱՍ»-ի աշխատակիցներին մի քանի օր առաջ հավաքել եւ հանձնարարել էին որեւէ դեպքում չասել, թե որտեղ են իրենք աշխատում:

Ավելի ուշ մենք փորձեցինք գտնել Արաբկիրի վերոնշյալ հասցեի իրական բնակիչներին: Մեր այցելության պահին նրանք չկարողացան, այսպես ասած` հաշվել իրենց տան վրա գրանցված մարդկանց: Հատկապես զավեշտալի էր Արաբկիրի 45 փողոցի 3-րդ տան բնակչի խոսքը: Վերջինս նախ` չասաց իր անուն-ազգանունը, միայն նշեց, որ իր տան վրա գրանցել է իր բարեկամներից չորսին: Բնակիչն այնքան վախեցած էր, որ նույնիսկ մոռացել էր, որ իր հասցեին գրանցված Սյուզաննա Ս.-ն ոչ թե Ստեփանավանից էր, այլ Եղեգնաձորից: Նա այլեւս չպատասխանեց մեր հարցերին` պահանջելով չձայնագրել, չլուսանկարել եւ «ավելորդ» չհետաքրքրվել իրենց կյանքով… Ակնհայտ էր այն, որ այս բնակիչները ճշմարտությունը չէին ասում, եւ նույնիսկ տեղյակ չէին, թե ինչ անուն-ազգանուններով մարդիկ են գրանցված իրենց տների վրա: Այս փողոցի տների վրա գրանցված մարդկանց թիվը հասնում է 22-ի: Ի դեպ, ընդամենը մեկ ամիս առաջ այս` թիվ 4/12 ընտրատեղամասում ընտրողների թիվը 1820 էր, մինչդեռ ընդամենն օրեր առաջ այդ թիվը հասել է 1882-ի: Պատկերը չէր տարբերվում նաեւ Արաբկիրի թիվ 4/28 ընտրատեղամասում: Չնայած այստեղ քվեարկության ավարտին մնացել էր 10 րոպե, բայց ընտրողների հոսքը հասնում էր մինչեւ շենքի մուտք: Տեղի բնակիչներից ոմանք վրդովված էին, որ իրենց չէր հաջողվել ավելի վաղ քվեարկության գնալ: Իսկ դրա պատճառը, ըստ նրանց, ընտրատեղամասի մարդաշատ լինելն էր: Ընդ որում` այս ընտրատեղամասում 51 լրացուցիչ ընտրողներ կային, որոնք եկել էին հիմնականում Դիլիջանից, Գեղարքունիքից եւ Արմավիրից: Թվում էր` այս ընտրատեղամասում որեւէ արտառոց բան չէր կատարվել, մինչեւ քվեաթերթիկների հաշվարկը: Ընտրատեղամասային հանձնաժողովն արտաքուստ ցույց էր տալիս, թե ամեն բան հրաշալի է ընթացել, մինչդեռ տեղամասում կատարված «կարուսելը» արագորեն բացահայտվեց. մի դեպքում 1 չօգտագործված քվեաթերթիկ էր պակասել, ինչը համարեցին, թե պատռել են անվավեր ճանաչված քվեաթերթիկների հետ, ապա հաշվարկի ժամանակ` առանց քվեաթերթիկների պարունակության, «հայտնվեցին» 3 ծրարներ, որոնցից երկուսը դատարկ էին, իսկ մյուսի մեջ կային երկու սպիտակ թղթեր… Այս մասին տեղամասային հանձնաժողովը երկար չխոսեց` իրենց «բուն» պարտականությունը համարելով «հաշվարկն» ավարտելը: Զավեշտը հասավ նրան, որ քվեաթերթիկները սկսեցին հաշվել նաեւ պատգամավորության թեկնածուների վստահված անձինք, ինչը միայն դիտորդների միջոցով կանխվեց: Իսկ վերջում բոլորն արձանագրեցին խիստ «արդար» ընտրությունների անցկացումը` չհաշված «կարուսելներն» ու ուռճացված ընտրացուցակները…