«Մեզանում ձեւավորվել է հոռետեսության եւ հուսահատության մի հոգեբանություն, որն ունի նույնիսկ իր կարգախոսները: Ոչ մի թշնամական քարոզչություն չի կարող այնքան ավերածություններ գործել, որքան այդ բանաձեւերն են, որ հնչում են հաճախ եւ մոտավորապես այսպես. «էս երկրում օրենք ոչ եղել է, ոչ կլինի», «ոնց եկել է, էդպես էլ գնալու է. բան չի փոխվելու», եւ ընդհանրապես «էս երկիրը երկիր չի»։
Ես ասում եմ. Էս երկիրը երկիր է, որի պատմական ու մշակութային ժառանգությունն ուղղակի անգնահատելի է: Էս երկիրը երկիր է, որի ամեն մի քառակուսի սանտիմետրը փրկագնվել է հայի արյամբ: Էս երկիրը երկիր է, որի գրքերը փրկագնվել են հայ կյանքերով…»:
Հատված Սերժ Սարգսյանի ելույթից
Ընտրությունների առաջին արդյունքների ամփոփումից հետո ոչ մեկի դեմքին ոչ հիասթափություն կար, ոչ դժգոհություն։ Բոլորն ասես ի սկզբանե գիտեին, որ իշխանությունը հաղթելու է։ Սակայն, որ ՀՀԿ-ն այսպիսի մեծ տարբերությամբ կհաղթի, չէին սպասում թերեւս հենց իրենք՝ հանրապետականները։ Մարդիկ մեկը մյուսին ոչ թե հարցնում էին՝ տեսա՞ք ինչ եղավ, այլ՝ էս ո՞նց արեցին։ Ո՞նց արեցին, որ առանց կոպիտ, երեւացող խախտումների, է՛լ ավելի ամրապնդեցին իրենց դիրքերը։ Պատասխանը մեկն է՝ «տպՐպրՑՈՐՈսՌրՖ»։ Պետք եղածից ավելի ջանք թափեցին։ Այդքան պետք չէր, որովհետեւ ընտրության այսպիսի արդյունքը առաջ է բերում մի շարք աբսուրդային թվացող հարցեր։
Օրինակ՝ արդյո՞ք կաշառքը վատ բան է (նկատի ունենք թե՛ տալը, թե՛ վերցնելը)։ Հին ժամանակներից դա համարվել է պատժելի արարք, սակայն, եթե ողջ հասարակությունը դա ընդունում է, ի՞նչ իմաստ ունի քրեական օրենսգրքում պահպանել այդ արարքի համար նախատեսված պատիժը։ Ասում են՝ ընտրությունների օրը որոշ տեղերում մարդիկ իսկական կռիվ են սարքել՝ ընտրակաշառքի հետ կապված։ Սակայն ոչ թե պայքարել են դրա դեմ, բողոքել, թե ինչու են բաժանում կամ վերցնում, այլ հակառակը՝ վրդովվել են, որ իրենց չի հասել։ Ասում են, որ այդ օրը «չեյնջերում» անհնար էր դրամ գտնել, մեծ քանակությամբ արտարժույթ է փոխանակվել։ Ասում են, որ հատկապես մարզերի խանութներում այնքան 20 հազարանոցներ են տվել, որ օրվա երկրորդ կեսին արդեն խանութները մանր չունեին վերադարձնելու համար։ Կարճ ասած, կաշառքը, եւ մանավանդ՝ ընտրակաշառքը, կարելի է չպատժել։ Այն համաժողովրդական ընդունելություն ունի, հատկապես ընտրական օրերին։
Երկրորդ, օրնիբուն մեզ ասում են, որ գործարարության եւ քաղաքականության սերտաճումը վատ բան է, դրանից պետք է ձերբազատվել։ Դա ասում է թե՛ իշխանությունը, թե՛ ընդդիմությունը, թե՛ միջազգային կառույցները։ Ժողովուրդն էլ մեծ մասամբ համաձայն է այդ տեսակետին։ Մինչեւ բուն ընտրություններն այդ թեզն առաջ տանելով՝ իշխանությունը լրիվ հակառակն արեց։ Նայեք նորընտիր պատգամավորների ցանկին եւ փորձեք գտնել՝ նախկին գործարար պատգամավորներից ովքե՞ր են մնացել դրսում։ Նրանք հիմնականում վերադարձել են ԱԺ։ Այսինքն՝ իշխանության համար իրականում գործարարության եւ քաղաքականության սերտաճումը ցանկալի, ինչ-որ տեղ` նաեւ անհրաժեշտ պայման է։ Նույնը կարելի է ասել նաեւ ընդդիմության մասին, որը նույնպես խոսում է գործարարներին իշխանությունից հեռու պահելու անհրաժեշտության մասին, սակայն ինքն էլ առաջադրում է գործարար թեկնածու։ Եվ վերջապես, այս եռանկյունու երրորդ կողմը՝ ընտրողները։ Եթե ընտրողներն իրենց քվեն մեծամասնականով եւ համամասնականով տալիս են գործարարներին, այն էլ՝ խոշոր գործարարներին, ուրեմն նրանց համար նույնպես ընդունելի է գործարարների մուտքը ԱԺ եւ պետական իշխանության այլ օղակներ։ Այստեղից հարց՝ ի՞նչ իմաստ ունի քննադատել գործարարներին եւ նրանց սերտաճումը պետական համակարգին, եթե բոլորի համար դա ընդունելի է։ Եթե մի բան խոսում են եւ անում են լրիվ այլ բան, դա արդեն ծիծաղելի է։
Կամ, աղքատությունը իրո՞ք վատ բան է։ Հիմար հարց է թվում, բայց մի պահ մտածենք՝ մարդիկ ուզո՞ւմ են աղքատ լինել։ Մարդիկ շնորհակա՞լ են լինում այն ուժին, որի պատճառով, որի շնորհիվ, որի օրոք իրենք ավելի են աղքատանում։ Այս ընտրությունների արդյունքները հուշում են՝ այո։ Վերջին մի քանի տարվա ընթացքում, անգամ պաշտոնական տվյալներով, աղքատությունը աճել է մի քանի տոկոսային կետով, խորացել է եկամուտների ու սպառման անհավասարությունը, աճել արտագաղթը։ Եվ այդ ամենից հետո բնակչության մեծ մասը գնում եւ ընտրում է այն ուժին, որի օրոք վիճակն ավելի է վատացել, նշանակում է՝ աղքատությունը վատ բան չէ։ Դրա դեմ պետք էլ չէ պայքարել։ Բնակչության կեսից ավելին, ըստ նույն պաշտոնական տվյալների, աղքատ է։ Սակայն, եթե գումարենք վերջին 4-5 տարում իշխանություն կազմած ուժերի ստացած ձայները (ՀՀԿ, ԲՀԿ, ՕԵԿ), ապա կստացվի, որ բնակչության 80%-ը նախընտրում է իշխանությանը, որի օրոք սկսել է ավելի վատ ապրել։ Ի դեպ, մենք բազմիցս նշել ենք, որ աղքատությունը ձեռնտու է իշխանությանը, քանի որ ապահովված մարդը 5, 10 կամ 20 հազար դրամով իր քվեն չի վաճառի։ Իսկ այդ դեպքում իշխանության համար վերարտադրվելը իրոք շատ դժվար կլինի։
Ցանկը կարելի է շարունակել՝ կոռուպցիան վա՞տ բան է, հովանավորչությունը վա՞տ բան է, գնաճը վա՞տ բան է, եւ այսպես շարունակ։ Ամենազավեշտալին այն է, որ եթե ընդունում ենք, որ ընտրությունները չեն կեղծվել, ուրեմն պատասխանը «ոչ» է։ Այդ դեպքում ստացվում է, որ մենք ազգովի հակում ունենք դեպի մազոխիզմը։ Իսկ եթե այդպես չէ, եթե մարդիկ դժգոհ են աղքատությունից, եթե մարդիկ չեն ուզում ունենալ բիզնեսմեն իշխանավորներ, եւ այլն, ապա ընտրության այսպիսի արդյունքներին հավատալ չի ստացվում։ Ախր չափից դուրս շատ են չարչարվել, պետք եղածից ավելի շատ։ Եթե ՀՀԿ-ի ձայների առավելությունը այդքան մեծ չլիներ, միգուցե ինչ-որ տեղ հնարավոր լիներ բացատրություն գտնել։ Սակայն հիմա անհնար է։
Ի դեպ, երեկ գիշեր, ՀՀԿ-ական պատգամավորի թեկնածուներից մեկը (արդեն պատգամավոր) փորձում էր հիմնավորել այդ ամոթալի աստիճանի համոզիչ հաղթանակը։ Ասում էր, որ մարդիկ հավատացել են։ Նաեւ ասում էր, որ մարդիկ վախենում են անորոշությունից, մարդկանց չեն հետաքրքրում ծրագրերը։ Մարդը գիտի, որ այսօր, ՀՀԿ-ի օրոք, ինքը գոնե կարողանում է ապրել, իր ընտանիքի հանապազօրյա հացն ապահովել։ Դրա համար էլ փոփոխություն չեն ուզում, շարվում են «փորձված թանն անփորձ մածունից լավ է» տրամաբանությամբ։ Հետաքրքիր զուգադիպությամբ, Ֆրանսիայի նախագահի ընտրությունները համընկան մեր խորհրդարանական ընտրություններին։ Որեւէ մեկը չի կասկածում, չէ՞, որ ֆրանսիացիները մեզնից լավ են ապրում, եւ օրենքներն ու իրավունքներն էլ լիարժեք պաշտպանվում են։ Բայց արի ու տես, որ վերցրեցին ու ընտրեցին ընդդիմադիր Օլանդին։ Երեւի միամիտ են։ Միամտություն է արել նաեւ Ֆրանսիայի արդեն նախկին նախագահի թիմը. չէ՞ որ դեբատների մասնակցելու փոխարեն` կարող էին փորձագետների խումբ հրավիրել Հայաստանից, որոնք կծանոթացնեին 100%-անոց հաղթանակի գաղտնիքներին։
Ինչեւէ, այսօր իշխանությունը տոնում է իր լիակատար հաղթանակը։ Բայց երկիրը չի տոնում, քանի որ դա երկրի հաղթանակը չէ։ Իսկ մեր ու ֆրանսիացիների տարբերությունը հենց այն է, որ իշխանության հաղթանակը երկրի հաղթանակից կարեւոր չի համարվում։