«Ժառանգություն» կուսակցության անդամ, թիվ 12 ընտրատարածքում մեծամասնական ընտրակարգով առաջադրված պատգամավորի թեկնածու Անահիտ Բախշյանը երեկ tert.am-ի հետ զրույցում հայտարարել է, թե մայիսի 6-ին տեղի ունեցած ԱԺ ընտրությունները փաստում են «հայ հասարակության մի լուրջ տոկոսի ծախվածության բարձրագույն աստիճանի մասին»: Հիշեցնենք, որ թիվ 12 ընտրատարածքում ԱԺ պատգամավոր է ընտրվել ԲՀԿ-ական Լյովա Խաչատրյանը` ստանալով 14.923 ձայն (նախնական տվյալներով), իսկ Ա. Բախշյանը ստացել է ընդամենը 5382 ձայն (նախնական տվյալներով): Ա. Բախշյանն այլեւս պատգամավոր չէ, քանի որ «Ժառանգություն» կուսակցության համամասնական ցուցակում նրա անունը ոչ անցողիկ` 14-րդ տեղում է:
«Ժողովրդի այն հատվածը, որն ամենաթշվառն է, իրավունքները պաշտպանված չեն, եւ որոնք ամենաշատն ունեն ամենօրյա հոգատարության կարիք, երեկ, ծախվելով ընտրություններին, մնացին միայնակ եւ գնացին դեպի կործանում»,- երեկ կայքի հետ զրույցում ասել է Ա. Բախշյանը` հավելելով, թե «իրենց ձայնը վաճառած քաղաքացիները հինգ տարի մատնվելու են անտարբերության եւ ճահիճի մեջ են մնալու»: Հարցին, թե ինչպես է գնահատում 12-րդ ընտրատարածքում կայացած մեծամասնական ընտրությունները եւ իր պարտությունը, Անահիտ Բախշյանը պատասխանել է. «Ես սա առաջին անգամ եմ ասում, մինչ ընտրությունները ես սոցիոլոգիական հարցում էի պատվիրել, եւ հարցվածների 44%-ն իրենց ձայնը պատրաստ էին տալ ինձ: Ճիշտ է, տխրել եմ, բայց ողբերգություն չէ դա ինձ համար»: Իսկ հարցին էլ, թե այդ ընտրատարածքից պատգամավոր ընտրված Լ. Խաչատրյանը կկարողանա՞ իրականացնել իր ծրագրերը, Անահիտ Բախշյանը պատասխանել է. «Մի կողմից էլ` լավ է, որ գոնե Լեւոն Խաչատրյանն է անցել: Ես իրեն ճանաչում եմ եւ գիտեմ, որ հոգատար մարդ է: Շնորհավորում եմ Լեւոն Խաչատրյանին: Ճիշտ է` նա հսկայական գումարներ ծախսեց այդ տեղը գնելու համար, բայց ասում են, որ դա իրեն շատ պետք է»: