«Ընտրությունները կեղծվում են բավական անամոթաբար, լկտիաբար եւ հանցագործ մեթոդներով»

08/05/2012 Մարինե ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

– Նախքան մեր հարցազրույցը, խոսում էինք ընտրություններից հետո առաջացած այն հուսահատության մասին, որ առկա է հասարակության մեջ: Ինչո՞վ եք պայմանավորում դա:

– Ամեն անգամ ընտրություններին գիտենք, որ իշխանությունները կգնան ընտրակեղծիքների, քանի որ դժվար է պահել իշխանությունն առանց դրանց: Իսկ դրա պատճառն այն է, որ իշխանությունները չունեն համապատասխան լեգիտիմություն, սիրված չեն ժողովրդի կողմից: Այսինքն` ժողովուրդը հակված չէ քվե տալու նրանց: Դա է պատճառը, որ, կարծես, միշտ ակնկալում ենք ընտրակեղծիքներ` միեւնույն ժամանակ հուսալով, որ դրանք ավելի քիչ կլինեն, փոքր ազդեցություն կունենան ընտրությունների վրա, եւ հույս կլինի ապագայի նկատմամբ: Մինչդեռ ամեն անգամ հիասթափվում ենք: 2003թ. սկսած վիճակն ավելի է վատացել: Նշեմ, որ մենք սկսեցինք դիտարկել ընտրություններն այդ ժամանակ: Ճիշտ է, չնայած միջազգային դիտորդները արձանագրեցին որոշակի առաջընթաց, բայց, միեւնույն ժամանակ, նշեցին նաեւ հետընթացի, տեղում դոփելու հանգամանքները: Մենք չենք զգում, որ առաջ ենք գնում, որ մեր ժողովրդավարությունը զարգանում է, որ մեր իշխանությունները դառնում են ավելի լեգիտիմ, որ ընտրության ինստիտուտն առհասարակ կայանում է, եւ ժողովրդի ձայնը հաշվի է առնվում: Այսինքն` ամեն անգամ մարդիկ պարզապես կորցնում են հույսը այս երկրի ապագայի նկատմամբ: Իսկ մարդիկ ստեղծված իրավիճակից ելքը տեսնում են երկրից հեռանալը: Դա բավական հիասթափեցնող եւ հուսահատեցնող հանգամանք է, որովհետեւ մարդիկ, ովքեր ուզում են ապրել իրենց երկրում, չպետք է երկրից հեռանան այս հանցագործ իշխանությունների պատճառով: Եվ ստացվում է այնպես, որ չենք կարողանում իշխանություն փոխել ընտրությունների արդյունքում, քանի որ ընտրությունները պարզապես կեղծվում են բավական անամոթաբար, լկտիաբար եւ հանցագործ մեթոդներով:

– Եվ ո՞րն է այս ընտրություններին արձանագրված առաջընթացը:

– Տվյալ պարագայում խոսքը հիմնականում ԶԼՄ-ների` պատգամավորության թեկնածուների համար հավասար հնարավորություններ ստեղծելու մասին է, կամ այն, որ ազատ խոսքի հնարավորություն էր տրվում, եւ, կարծես, խոչընդոտներ չէին լինում: Այս հանգամանքները, սակայն, բացարձակապես բավարար չեն, եւ միջազգային դիտորդները նույնպես ընդգծեցին, որ ստեղծվել էին բավական անհավասար պայմաններ: Ցավոք, նրանք կոնկրետ չէին նշում ընտրախախտումներ թույլ տված կուսակցությունների անուններ, բայցեւ բոլորին հասկանալի է, որ խոսքը մեծամասամբ իշխող կուսակցության մասին է: Ինչպես, օրինակ, մանկավարժները, այսպես ասած` օգտագործվում են նախընտրական քարոզարշավների համար, կամ այն, որ դպրոցների տարածքներն օգտագործվում են քարոզարշավի համար: Այսինքն` տարբեր գործընթացներ կան: Իսկ մեր կարծիքով` հետընթացը ընտրախախտումների ինստիտուտի ամրապնդումն է, որոնք ամեն անգամ արվում են ավելի «զարգացած», ավելի «քաղաքակիրթ» ձեւով: Շատերը համաձայնեցին, որ այս անգամ վիճակը խաղաղ էր, բայց դա միայն արտաքուստ խաղ էր` ընտրացուցակները կեղծված էին, ընտրակաշառքը բաժանվում էր, հարկադրանք ու սպառնալիքներ էլ կային, վարչական ռեսուրսի միանշանակ չարաշահում եւ այլն: Այս բոլոր ճնշումներն օգտագործելով` իշխանությունները ձեւավորել էին համապատասխան հենք, որպեսզի կարողանան ստանալ այն արդյունքը, որն ակնկալում էին: Իհարկե, մենք սպասում էինք այդ արդյունքին, որովհետեւ պատահական չէր «Gallup international»-ին պատվիրված սոցիոլոգիական հարցումը, որն, իսկապես, պատվեր էր: Ըստ էության, նշյալ սոցհարցումները եւ ընտրությունների արդյունքները գրեթե նույնն էին:

– Արդյո՞ք այդկերպ իշխանությունները նախապատրաստում էին հասարակությանը:

– Այո՛, կարծում եմ` այդպիսով նախապատրաստում էին ժողովրդին, որովհետեւ բացառվում է, որ հասարակությունն այդքան անկեղծ լիներ ընդդիմադիր կուսակցությունների անուն տալիս: Նաեւ նկատենք, որ մինչ ընտրությունները շատերը փոխելու էին իրենց կարծիքը: Իսկ հիշյալ սոցհարցումները համընկնում էին ընտրությունների արդյունքներին չնչին տոկոսային տարբերությամբ, ինչն անհնար հանգամանք է: Այսօր ՀՀ քաղաքացին բավական վախեցած է: Նա անկեղծ չի կարող պատասխանել ընտրություններին վերաբերող հարցերի` նշելով, օրինակ, որ ինքը քվեարկելու է ընդդիմադիր կուսակցության օգտին: Իսկ նման ռեալիստիկ պատկերը կարող էր միայն պատվիրված լինել:

– Ընտրության օրը բավական ակտիվ էր Iditord.org ահազանգերի քարտեզը, որը նույն օրը ենթարկվեց հակերային հարձակման: Ըստ Ձեզ` միտումնավո՞ր էր այդ քայլը:

– Նախ նշեմ, որ կայքը հակերային հարձակման ենթարկվեց ժամը 15:30-ից 19:30-ը: Դա ընտրությունների ամենաթեժ ժամանակահատվածն էր: Ահազանգերը բավական ինտենսիվ էին: Եվ կարծում եմ` միտումնավոր էր հարձակումը կայքի վրա: Իհարկե, չենք կարող ասել, թե ո՞վ էր արել դա: Մենք միայն կարող ենք ենթադրել ու կասկածել, որ դա արել են այն ուժերը, որոնք շահագրգռված չեն տեսնել ազատ, արդար ընտրությունների անցկացում: Չնայած դրան, ԶԼՄ-ները, սոցիալական ցանցերն ակտիվորեն աշխատում էին, եւ այսօրվա քաղաքացին նույնը չէ, ինչ 2008թ., երբ մայրաքաղաքում արտակարգ իրավիճակ էր հայտարարված, եւ ԶԼՄ-ներն անջատվել էին: Այսօր ՀՀԿ-ն այն միակ կուսակցությունն է, որ չի ցանկանում ազատ, արդար ընտրությունների անցկացում, ինչն ակնհայտ է նրա յուրաքանչյուր քայլից: ՀՀԿ-ն դա ապացուցում է իր հայտարարություններով` ասելով, թե այս ընտրություններն ամենալավ ընտրություններն են: Ռուսերենով ասած` «լապշա» են կախում մարդկանց ականջներին, որպեսզի նրանք հավատան: Այսինքն` նրանք մտածում են, թե ինչքան շատ խոսեն այդ մասին, իրենց ավելի շատ կհավատան: Մինչդեռ մարդիկ չեն հավատում: Նրանք շատ հուսահատ եւ հիասթափված են:

– Բայց չէ՞ որ այդ մարդիկ նաեւ ընտրակաշառքներ ընդունեցին:

– Կարծում եմ` այդ ընտրակաշառք ընդունողները եւս հիասթափվել են այս երկրից, այս երկրի ապագայից: Նրանք այնքան են հաշտվել ստեղծված իրավիճակին, որ չեն տեսնում փոփոխության հնարավորություն: Այսօր նրանք պարզապես հոգում են իրենց օրվա հացը եւ այլեւս չեն մտածում իրենց վաղվա օրվա մասին: Սա այս երկրի դժբախտությունն է, որ քաղաքացին չի տեսնում իր երկրի ապագան: Մի կողմից` կարելի է մեղադրել ընտրակաշառք ընդունողներին, մյուս կողմից` այդ մարդիկ հարկադրաբար են անում դա, որովհետեւ նրանք հասցվել են աղքատության եզրին, եւ 100 դրամն ինչ-որ բան է նշանակում նրանց համար: Իսկ, օրինակ, եթե գյուղերում մարդիկ հրաժարվեն ընտրակաշառքից, ապա դա նշան կլինի, որ իրենք պատրաստվում են ընտրել որեւէ ընդդիմադիր ուժի: Եվ ամեն քաղաքացի չէ, որ ակհայտորեն կարող է ցույց տալ իր համակրանքն այլ ուժի նկատմամբ:

– Իսկ Iditord-ում գրանցված ընտրախախտումներից քանիսի՞ դեպքում է քրեական գործ հարուցվել:

– Մենք դեռ տեղյակ չենք քրեական գործերի հարուցման մասին, բայց կայքում կա հնարավորություն, որտեղ մարդիկ կարող են նշել` ցույց տալով ընտրախախտումի հետագա զարգացումը: Անկեղծ ասած, չենք վստահում նաեւ իրավապահ մարմիններին, ինչի համար առիթ ունենք: Նախորդ ընտրությունների մեր փորձը ցույց է տվել, որ իրավապահ մարմինները պատշաճ արձագանք չեն տալիս, թեեւ իրենք էլ հայտարարում էին, որ պայքարում էին, որ կոալիցիաներ են կազմում հասարակական կազմակերպությունների հետ, եւ այլն: Բայց իշխանությունը մնացել է նույնը, նրանց հավակնությունները մնացել են նույնը, լեգիտիմության բացակայությունը նույնն է մնացել, ընտրախախտումները մնացել են նույնը, եւ ինչի՞ն պետք է հավատանք: Մենք չենք կարող հավատալ, մինչեւ չտեսնենք պայքարի օրինակներ: Ես կհավատամ անկեղծությանը, եթե ՀՀԿ այն ներկայացուցիչները, ովքեր ընտրակաշառք են բաժանել, կամ սպառնացել են մարդկանց, կամ վարչական ռեսուրս են չարաշահել, պատժվեն: Այդ ժամանակ մենք կհավատանք: Ընտրության նախորդ օրը, որ հայտարարված էր որպես լռության օր, Վանաձորից արձագանքեցին, որ ՀՀԿ շտաբում բաժանում են ընտրակաշառք: Ընդ որում` Վանաձորի բնակիչներն ահազանգել էին նաեւ տեղի ոստիկանություն, որն ասել էր, թե զբաղվում է այդ գործով: Առաջիկայում կտեսնենք, թե ինչպիսի սանկցիա է կիրառվում ՀՀԿ-ի Վանաձորի շտաբի նկատմամբ, եւ ինչպիսի սանկցիա` ԲՀԿ ներկայացուցիչների նկատմամբ, եւ ըստ այդմ էլ կարելի է ենթադրել: Իհարկե, չեմ կարծում, թե միայն ՀՀԿ-ն է ընտրախախտումներ արել, բայց մյուս կուսակցությունների համեմատ` միայն այդ կուսակցության դեպքում է, որ ընտրախախտումների մասշտաբները մեծ են: Հետեւաբար, պետք է տարբեր լինեն նաեւ պատիժների մասշտաբները: Եթե այդ պատիժները չլինեն, եւ մարդիկ չտեսնեն դրանք, ապա ինչի՞ն հավատան, երբ այս ընտրությունների ժամանակ կորցրեցին իրենց հավատը:

– Իսկ ինչպե՞ս վերականգնել այդ հավատը:

– Հիմա չեմ կարող պատկերացնել, եւ առայժմ չեմ տեսնում որեւէ միջոց, որովհետեւ մենք գործ ունենք հանցագործների հետ, եւ խոսում ենք տարբեր լեզուներով: Տպավորություն է, որ մեկը խոսում է բանաստեղծական լեզվով, մյուսը` զենքի: Իսկ հավատի վերականգնումը տաժանակիր աշխատանք է, որ միգուցե կպահանջի տասնյակ տարիներ: Իսկ արդյունքում մենք կորցնելու ենք ժամանակ, էներգիա եւ մարդկային ռեսուրս` դա վերականգնելու համար: Մյուս կողմից` միգուցե ինքներս քայլ առ քայլ, կաթիլ առ կաթիլ փորձենք կերտել մեր պետությունը, եւ այդ ժամանակ լինենք այս պետության տերը: Սա ճիշտ ճանապարհ է, բայց, թույլ տվեք ասել` մեր ներքին թշնամին խարխլում է մեր պետության հիմքերը, եւ համատեղ ուժերով պետք է փորձենք ինչ-որ ձեւով չեզոքացնել դա:

– Եվ վերջում` որպես ՀՀ քաղաքացի, ի՞նչ եք զգում ընտրություններից հետո:

– Դեպրեսիա… Էլ ի՞նչ զգամ: Մենք պետք է շարունակենք մեր պայքարը: Ելքը երկուսն է` կա՛մ հեռանալ երկրից, կա՛մ մնալ եւ պայքարել…