Ընտրական համակարգերի միջազգային փորձագիտական կենտրոնի դիտորդական կարճաժամկետ առաքելության ներկայացուցիչները երեկ հայտարարեցին, որ մայիսի 6-ին ԱԺ ընտրություններն անցել են եվրոպական չափանիշներին եւ ժողովրդավարական արժեքներին համապատասխան: Առաքելության 20 անկախ փորձագետներ, ովքեր ներկայացնում են Եվրամիության 8 երկրներ, ԱՄՆ-ը եւ Իսրայելը, եղել են հանրապետության 6 քաղաքների 117 ընտրատեղամասերում` Երեւանում, Գյումրիում, Վանաձորում, Էջմիածնում, Աբովյանում եւ Արտաշատում: «Ընտրական տեղամասերի գործունեությունն ընդհանուր առմամբ առանց որեւէ խախտումների էր, թեեւ որոշ տեղամասերի աշխատանքն ավելի լավ էր կազմակերպված, քան մյուսներինը: Շատ տեղամասերում եղան տեխնիկական խնդիրներ` կապված կնիքների հետ, որոնք անհետացել էին անձնագրերից երկու ժամ հետո, մինչդեռ պետք է պահպանվեին 12 ժամ: Վիճակը շտկվեց թանաքը փոխելուց հետո: ԿԸՀ-ի աշխատանքն էլ հարգանքի արժանի է»,- երեկ հայտարարեց ԱՄՆ-ը ներկայացնող Լիդիա Լոուսոնը: Իսկ Ավստրիան ներկայացնող Յոհան Ստադլերը նշեց, թե ինքը հաճելիորեն զարմացած է Հայաաստանի զարգացումների ընթացքից` ավելացնելով, որ խորհրդարանական ընտրությունները ոչնչով չեն զիջում Ֆրանսիայում եւ Հունաստանում կայացած ընտրություններին:
Դիտորդական առաքելության ներկայացուցիչ Յոհան Ստադլերին զարմացրել էր նաեւ միջազգային դիտորդների մեծ թիվն ընտրատեղամասերում: Ի տարբերություն Ընտրական համակարգերի միջազգային փորձագիտական կենտրոնի դիտորդների տպավորության, ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ դիտորդները, որոնց մի մասը երկարաժամկետ դիտորդություն է իրականացրել Հայաստանում, նշում են բացթողումների ու թերությունների, օրենքի խախտման դեպքերի մասին: Մասնավորապես, ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի, ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի (ԵԱՀԿ ԽՎ), ԵԽ ԽՎ-ի եւ ԵԽ-ի համատեղ նախնական եզրակացությունում ասվում է. «Մայիսի 6-ի ԱԺ ընտրությունները հատկանշվել են մրցակցային, ակտիվ եւ հիմնականում խաղաղ քարոզարշավի դրսեւորմամբ: Միեւնույն ժամանակ, քարոզչության վերաբերյալ դրույթների խախտման հետեւանքով` անհավասար մրցակցային դաշտը, ընտրողների վրա ճնշման դեպքերը եւ դիմումների ու բողոքների քննության գործընթացներում թերությունները մտահոգությունների տեղիք են տվել: Ընտրություններն անցկացվել են իրավական բարեփոխված դաշտի ներքո եւ մինչեւ քվեարկության օրը կազմակերպված են եղել ընդհանուր առմամբ պրոֆեսիոնալ եւ թափանցիկ եղանակով: Քվեարկության օրը հիմնականում անց է կացվել հանգիստ եւ խաղաղ պայմաններում, բայց աչքի է ընկել կազմակերպչական բնույթի խնդիրներով եւ գործընթացին` հիմնականում կուսակցությունների ներկայացուցիչների կողմից անտեղի միջամտություններով: Հավաքների, խոսքի եւ տեղաշարժվելու ազատությունները հիմնականում հարգվել են, եւ թեկնածուները, հիմնականում, հնարավորություն են ունեցել ազատ քարոզչություն իրականացնել: Կուսակցությունների եւ հասարակության զգալի մասի ընդհանուր թերահավատությունն ընտրական գործընթացների ամբողջականության հանդեպ մտահոգության լուրջ առիթ է, թեպետ բոլոր շահագրգիռ կողմերն ընդգծել են միջազգային չափանիշներին համապատասխան ընտրություններ անցկացնելու իրենց պատրաստակամությունը»:
ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի պատվիրակության ղեկավար Ֆրանսուա-Խավիեր Դե Դոնեայի խոսքով` խախտումները երկու տիպի են եղել:
«Մեկը, որ հերթեր էին առաջանում անկազմակերպ լինելու պատճառով, բայց, անշուշտ, դա չի հանգեցնում ընտրությունների արդյունքի փոփոխությանը, քանի որ հերթերը կամ քաոսային իրավիճակը տեղամասերում մարդկանց հետ չեն պահում քվեարկելուց, նրանք չէին հիասթափվում ու գնում տուն: Ուստի համարում եմ, որ մեր նկատած մի շարք նման խախտումները ենթակա են շտկման, բայց էական չեն ազդել ընտրությունների արդյունքների վրա: Մեզանից ոմանք ականատես են եղել ընտրողների վրա ճնշումների, բայց բավական սահմանափակ դեպքերի: Մյուս տիպի խախտումները կարող են փոփոխել արդար մրցակցությունը: Օրինակ, եթե մի կազմակերպության ղեկավարը մի տեղ 500 հատ տրակտոր է բաժանում, ապա քիչ հավանական է, որ դա որոշ տեղերում իր ազդեցությունը չթողնի: Իսկ արդյոք նման երեւույթը հիմնովին կարո՞ղ է ազդել ընտրությունների արդյունքների վրա, սա մի հարց է, որ թողնում եմ ԿԸՀ-ի հայեցողությանը: Մի կուսակցություն, որ դպրոցներն օգտագործում է իր ընտրարշավը կազմակերպելու համար, էլ չեմ ասում` ուսուցիչների օգտագործումը: Սրանք փաստեր են, որոնց իշխանությունները պետք է ուշադրություն դարձնեն` ընտրությունների օրինականացման համար: Իմ երկրում նման երեւույթները լուրջ քննության առարկա կհանդիսանային»,- ասաց Խավիեր Դե Դոնեան:
Գ. ԼԱԼԱՅԱՆ