Գոնե մինչեւ այս պահը` ավելի դիպուկ, քան ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանը, ոչ ոք չի ձեւակերպել խորհրդարանական ընտրությունների որակը: «Ազատություն» ռ/կ-ին նա ասել է. «Ոչ թե ընտրություններով արտահայտվել է ժողովրդի կամքը, այլ արձանագրվել են այն քվեները, որոնք ձեռք են բերվել ընտրակաշառքով»: Միասնական շտաբի մյուս անդամները` ՀԱԿ-ն ու ԲՀԿ-ն, շփոթված լռում են: ԲՀԿ-ն նեղացածի կեցվածք է ընդունել, իբր` ավելի շատ ձայների ակնկալիք ուներ, սակայն թույլ չտվեցին: Սա` այն դեպքում, երբ նախորդ` 2007թ. խորհրդարանական ընտրություններին ԲՀԿ-ն ստացել էր 204,5 հազար ձայն` 15.13 տոկոս: Այսօր նրա ձայներն առավել քան կրկնապատկվել են` 454.684 (30.20 տոկոս): Կարո՞ղ էր ստանալ ավելին: Գուցե: Եթե ավելի շատ ընտրակաշառք բաժաներ, քան ՀՀԿ-ն: Ամեն դեպքում, Գագիկ Ծառուկյանի գլխավորած կուսակցությունում սպասում են կեսգիշերին. այդ ժամանակ է թռչում Իմաստության աստվածուհի Միներվայի բուն. կեսգիշերին են գալիս խելոք մտքերը: ՀԱԿ-ի դեպքում Միներվայի բուն կթռչի այսօր ցերեկը` կուսակցության հանրահավաքի ժամանակ: Արժե սպասել` ինչպես կհիմնավորի ՀԱԿ-ը նախընտրական իր ինքնատիպ մարտավարությունը, երբ այդքան ձայներ կամավոր հանձնեց իշխող կոալիցիայի կուսակցություններից մեկին: ՀԱԿ հռետորները, վստահ եմ, չեն մոռանա ասել, թե ինչպես ընտրությունների արդյունքի վրա անդրադարձավ ընտրակաշառքի գործոնը: Իսկ ընտրակաշառք բաժանվել է: ՀՀԿ-ն օպերատիվ արձագանքում էր ԲՀԿ-ի բաժանած ընտրակաշառքի դեպքերին: ԲՀԿ-ն քմծիծաղով հակադարձում էր: ՕԵԿ-ի` առատորեն բաժանած ընտրակաշառքի մասին ոչ ոք չխոսեց` կուսակցության անցողիկ տոկոսից բացի: Ի դեպ, իմ գործընկերները սոցիալական ցանցերում գրում էին, թե այդպես էլ իրենց չի հաջողվել տեսնել ընտրակաշառք ստացած մեկին, ով կխոստովանի դա: Ընտրություններից մեկ օր առաջ, մայիսի 5-ին, ընկերուհուս` լրագրող Լուսինե Մարգարյանի հետ, տաքսի նստեցինք: Վարորդը բարձր տրամադրություն ուներ:
– Դուք ձեր ընտրակաշառքը ստացե՞լ եք,- հարցրեց մեզ եւ պատասխանի չսպասելով` շարունակեց,- Էնքան լավ էր, հենց նոր զանգ տվեցին, ասացին` արի՛, 75.000 դրամ ունես ստանալու: Առավոտյան կվերցնեմ: 5-հոգիանոց ընտանիք ենք: Ստացվում է` յուրաքանչյուրին 15.000 դրամ:
– Ո՞ր կուսակցությունն է առաջարկում,- հետաքրքրվեցինք:
– Հանրապետականը: «Բարգավաճն» էլ 10.000 էր առաջարկում: ՀՀԿ-ից կվերցնեմ, բայց կարող է` ԲՀԿ-ին ընտրեմ. մենք 1000 տարվա ԲՀԿ-ական ենք: Է՜, բոլորիս յալանչի դարձրեցին:
75.000-ի տեսլականը վարորդին ստիպում էր շատ խիստ չլինել իր գնահատականներում: Չերկարացնեմ. տաքսիստը Նոր Հաճըն գյուղից էր: Ասաց, որ Ապարանում էլ է ընտրակաշառք բաժանվում: Եվ դարձյալ` ԲՀԿ-ն` 10.000, ՀՀԿ-ն` 15.000 դրամ: Սակայն համապետական աղետի վերածված ընտրակաշառքի պատճառ համարել միայն վերոնշյալ երեք կուսակցություններին, արդար չէ:
Այս գործում իր լուման ունի նաեւ ընդդիմադիր ՀԱԿ-ը: 2007թ. խորհրդարանական ընտրություններին ՕԵԿ-ը` որպես ընդդիմություն, ստացել էր 95,3 հազար ձայն` 7 տոկոս: 2008-ի նախագահական ընտրություններից մեկ օր առաջ Արթուր Բաղդասարյանը մեկ գիշերում դարձավ իշխանություն (մտածելու համար մեկ գիշեր է անհրաժեշտ նաեւ Միներվայի բուի իմաստությունը գնահատող ԲՀԿ-ին): ՕԵԿ-ի` ընդդիմադիր հայացքներ ունեցող մի մեծ զանգվածի ձայները մնացին անհասցե: Այդ ժամանակ ՀԱԿ-ը կրում էր ընդդիմության լիդերի տիտղոսը եւ ուղղակի հնարավորություն ստացավ իր աշխատանքի միջոցով գրավել ընդդիմադիր ՕԵԿ-ականներին: Սակայն, եթե մարտի մեկից մեկ օր առաջ սկսվեց ՕԵԿ առաջնորդի հեղինակազրկումը, մարտի մեկից մեկ օր անց սկսվեց արդեն ՀԱԿ-ի գահավիժումը: Թե ինչպես ընդդիմադիր այս դաշինքը հաջողեց կորցնել իր համակիրներին, որ այսօր հազիվ հաղթահարի 7 տոկոսի արգելանքը, քաղաքագետների վերլուծության առարկան է: Ընդ որում, կարելի է հանգիստ ասել` այս ընտրություններին լուրջ լցոնումներ, որոնք կազդեին ընտրությունների արդյունքների վրա, չարձանագրվեցին: Դա հիմք տվեց «Ազատ հասարակություն ինստիտուտ» դիտորդական կազմակերպության նախագահին հայտարարել. «Նման որակի ընտրություններ Հայաստանի պատմության մեջ չեն եղել: Դրանք լրիվ համապատասխանում են եվրոպական չափանիշներին»:
Լցոնումների կարիք չի եղել գոնե համամասնական ցուցակների դեպքում. մարդիկ վերցրել էին իրենց գումարն ու ազնվորեն իրենց ձայնը տվել իշխանական երեք կուսակցություններից որեւէ մեկին: Իհարկե, կարելի է ՀԱԿ առաջնորդին համարել անզուգական ստրատեգ, իրադարձությունները մի քանի քայլ առաջ կանխատեսող գործիչ: Կարո՞ղ է նա կամ որեւէ մեկը` ՀԱԿ-ից, բացատրել ընտրողներին` ինչո՞վ են տարբերվում ՀՀԿ-ական օլիգարխները ԲՀԿ-ականներից: Ի՞նչ ակնկալիքով ընդդիմադիր հավակնություններ ունեցող կուսակցությունը կարող է պաշտպանել իշխանության մի թեւին եւ այսպիսի ոչ պատվաբեր փաստի առաջ կանգնել` կորցնել այնքան ձայն, որ մի կերպ հաջողեն դուրս չմնալ պայքարից: Զրույցները, թե ՀԱԿ-ը կամ նրա առաջնորդը կարող են վայր դնել մանդատները, ենթադրում եմ, լուրջ չեն: Վարդան Օսկանյանի հետ ասուլիս տվող Տեր-Պետրոսյանը դժվար հիմք ունենա հրաժարվել իր մանդատից:
Ճիշտ քարոզարշավի խնդիր ուներ նաեւ «Ժառանգությունը»: Այս կուսակցությունն այնքան անհասկանալի ցուցակ կազմեց, որ հինգ տարիների աշխատանքից հետո նրա ընտրողների թիվը գրեթե անփոփոխ մնաց. 2007-ին «Ժառանգության» օգտին քվեարկել էր 81.000 ընտրող (6 տոկոս), 2012-ին` 87.095: Տխուր եզրակացությունների հիմք ունի նաեւ ՀՅԴ-ն, ով 2007-ին ստացել էր 177.9 հազար ձայն (13.16 տոկոս), այսօր` 86.296 ձայն (5.73 տոկոս):
Չոր այս թվերի ետեւում երջանիկ հանրապետականներն են: ԲՀԿ-ն եւ ՕԵԿ-ը ԱԺ մտած մյուս կուսակցություններին կարող են երկիմաստ ժպտալ. իբր իրենցից ոչինչ կախված չէր:
Սկսվում է ծախսած հսկայական գումարները տոկոսով վերադարձնելու շրջանը: Ընտրակաշառք տալիս` ժողովրդին այդ մասին մոռացել էին զգուշացնել…