Ջրիկ խոստումներ

03/12/2005 Արա ԳԱԼՈՅԱՆ

Անաչառ դիտորդը պարտավոր է արձանագրել, որ Հայաստանը զարգանում է տարերայնորեն։ Հասարակական կյանքի համարյա բոլոր ոլորտներում կառավարման քաղաքականությունն իսպառ բացակայում է։ Ապրում ենք «Ինչ կստացվի` կստացվի» սկզբունքով։ Եթե խնդիրներ առաջանան` ընթացքում կլուծենք։ Ոչինչ չենք փորձում կանխատեսել եւ փորձել նախօրոք բացառել հնարավոր հետագա բարդությունները։ Ճիշտ այս սկզբունքով հիմա վերակառուցում ենք Երեւանը։ Քաղաքի կենտրոնում ընթացող շինարարությունը ճարտարապետաշինարարական որեւէ չափանիշ հաշվի չի առնում։ Խորհրդային Երեւանը կառուցվել է որոշակի սկզբունքներով։ Կենտրոնում բնակելի տարածքներ էին. կանաչ` հանգստի գոտի այգիներ ու հրապարակներ։ Քաղաքի որոշ ծայրամասերում` Առաջին, Երրորդ մասերում, Էրեբունու հարակից տարածքներում արտադրական ձեռնարկություններն էին։ Որոշ ծայրամասային թաղամասեր ի սկզբանե նախատեսված էին որպես աշխատանքից վերադարձած աշխատավորի հանգստի տարածքներ (րտՈսՖվօպ ՐՈռՏվօ)։ Սոցիալիստական հանրապետության մայրաքաղաքին բնորոշ առանձնահատկություններով ձեւավորված էին Երեւանի բոլոր ենթակառուցվածքները։ Երեւանի ամենալայն փողոցը քաղաքի կենտրոնն արդյունաբերական թաղամասին (Երրորդ մասին) կապող փողոցն էր (այսօրվա Արշակունյաց պողոտան)։ Քաղաքի ամենալայն ջրատարները սպասարկում էին արդյունաբերական թաղամասերը։ Կոյուղու ամենալայն խողովակաշարը նույնպես քաղաքի արդյունաբերական հատվածներում էր։ Կենտրոնի ջրմուղ կոյուղու խողովակաշարերը տրամագծով ավելի փոքր էին։ Երեւանի կենտրոնում չկային այսչափ զվարճանքի վայրեր եւ սպասարկման ոլորտի օբյեկտներ, որքան հիմա։ Կենտրոնում` որպես ավելի հին թաղամաս, բնականաբար, ջրմուղ-կոյուղու խողովակաշարերն ավելի հին էին։ Դրանք հիմնականում անցկացվել էին 50-60-ական թթ.։ Երեւանն ունի ջրամատակարարման 2700 կմ երկարությամբ ընդհանուր ցանց։ Կոյուղու ընդհանուր ցանցի երկարությունը մոտ 1300 կմ է։ Սրանք հիմնականում խորհրդային ժառանգություն են։ Հետեւաբար, վաղուց արդեն սպառել են անվտանգ օգտագործելու տեխնիկապես հիմնավորված ժամկետը։ Պաշտոնական վերջին վիճակագրական տվյալը, որ հրապարակվել է երեք տարի առաջ, արձանագրում է անհավանական փաստ։ Երեւանի ջրմուղում կորուստների ծավալը 65%-ից ավելի է։ Փորձագիտական տվյալներով` բնակչությունը «ձախ» ջրագծերով դրանից 20-30% է օգտագործում։ Հիմնականում` ոռոգման նպատակով։ Մնացած մասը կորում է գետնի տակ` մաշված, ծակծկված ջրագծային ցանցում։ Կենտրոնում կորուստներն ամենամեծն են։ Այս հատվածի ջրագիծն ամենալուրջ գլխացավանքն է ջրամատակարարների համար։ Տարիներ առաջ, երբ Երեւանում ջրաչափեր չկային, ենթադրվում էր, որ երեւանցին միջինն օգտագործում է 250 լ ջուր։ Ջրաչափերի տեղադրումից հետո պարզվեց, որ այդ թիվը 6-7 անգամ չափազանցված է։ Ջրաչափերը եւ ջրի բարձր սակագինը բնակչությանը ստիպեցին անցնել խնայողության։ Արդյունքում` ընդհանուր օգտագործման արդեն մաշված ցանցերում օրական մի քանի լուրջ վթար էր տեղի ունենում։ «Ջրմուղը» ստիպված եղավ ցածրացնել ջրի ճնշումը մայրաքաղաքի կենտրոնի խողովակաշարում։ Այլապես համաճարակային լուրջ վտանգ կարող էր ստեղծվել։ Խորհրդային Երեւանի «Ջրմուղն» ու «Կոյուղին» խիստ հարազատ հաստատություններ էին։ Հարցն այն չէ, որ դրանք միավորված են մեկ գերատեսչության մեջ։ «Ջրմուղի» եւ «կոյուղու» խողովակաշարերը երեւանյան փողոցների տակ համարյա իրար կպած են անցկացվել։ Այդ ծակծկված խողովակաշարերը գործում են հաղորդակից անոթների սկզբունքով։ Կենտրոնում այսօր ընթացող բնակելի շենքերի շինարարությունն անցկացվում է առանց այս փաստերը հաշվի առնելու։ Էլիտար հայտարարված շենքերը ջրագծերին միանալու են առանց նախնական հաշվարկի։ Այսպես են պնդում «Երեւանի Ջրմուղ-կոյուղի» կոչված հիմնարկի մասնագետները։ Նրանք բացառում են էլիտար շենքերի շուրջօրյա ջրամատակարարումը։ Ավելին, այդ շենքերն ավելի են վատացնելու կենտրոնի բնակիչների խնդիրները։ Երեւանի կենտրոնում այսօր հիմնականում գործում է 4-ժամյա ջրամատակարարման գրաֆիկ` 2 ժամ` առավոտյան, 2 ժամ` երեկոյան։ 4-ժամյա ջրամատակարարումով էլիտար շենքերն ակնհայտ նորամուծություն են լինելու քաղաքաշինության ոլորտում։ Համաշխարհային մասշտաբի նորամուծություն։

Ինձ չհաջողվեց գտնել մի մասնագետ, ով կհանդգներ վերլուծել կոյուղու համակարգի վիճակն այդ շենքերը շահագործման հանձնելուց հետո։ Նրանք հույս ունեն, որ այդ շենքերում բնակարան կգնեն հիմնականում սփյուռքահայերը։ Այսինքն, շենքերը հիմնականում դատարկ կմնան. այլապես ջրահեռացումն անհնար կլինի։ Երեւանի կենտրոնի գերբնակեցումը եւ ծանրաբեռնումն անհավատալի խնդիրներ են առաջացնում քաղաքի ենթակառուցվածքների առջեւ։ Եվ եթե էներգահամակարգը վստահ է, որ 90-ականների տեխնիկական փոփոխությունների արդյունքում ի վիճակի է ապահովել նոր շենքերի էներգիայի պահանջմունք-սպառումը, «Ջրմուղի» մասնագետներն այլ կարծիքի են։ «Ջրմուղը» տեխնիկական լուրջ պրոբլեմ է քաղաքի համար։ Իտալական «Էյ-Յութիլիթիի» կառավարման ժամկետը վաղուց է ավարտվել, մինչդեռ նոր-նոր է հստակեցվում, թե ով է լինելու հաջորդ կառավարիչը։ Ակնհայտ է, որ մայրաքաղաքի ջրմուղի վերակառուցման համար անհրաժեշտ 100 մլն դոլարը չի ներդրվելու։ Եվ Երեւանի նոր զինանշանը կարող է լինել ջուր ծախող տղայի արձանը` էլիտար շենքերի ֆոնին։ Իսկ 24-ժամյա ջրամատակարարումը վաղուց արդեն իշխանությունների հերթական դրժած խոստումների շարքում է դասվել։

Հ.Գ. Երեւանում մինչեւ հիմա շահագործվում է Նիկոլայ II ցարի օրոք կառուցված 15 լիտր/վայրկյանում հզորությամբ ջրագիծը։ Սա տեղեկություն է, եւ որեւէ բան չի ակնարկում։