Մեր թերթին տված հարցազրույցում ասել է ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ Ընտրությունների դիտորդական առաքելության ղեկավար Ռադմիլա Շեկերինսկայան` անդրադառնալով ընտրությունների օրն անձնագրերում դրվող օքսիդացող դրոշմակնիքների հետ կապված խնդրին:
– Ձեր գնահատմամբ` ԸՕ-ի ո՞ր թերություններն են առավել ազդել ընտրությունների պատշաճ կերպով անցկացման վրա:
– Թերություններից մի քանիսի մասին արդեն համատեղ կարծիք էր արտահայտվել ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ եւ Վենետիկի հանձնաժողովի կողմից: Դրանց վերաբերյալ բանավեճեր եղան նաեւ Հայաստանի հասարակական տարբեր շրջանակներում: Բայց այն, ինչ տեղի ունեցավ ընտրությունների ժամանակ, մենք դրա մասին կոնկրետ հանձնարարական-խորհուրդներ կներկայացնենք մեր վերջնական զեկույցի մեջ եւ կհասցեագրենք դրանցից մեկը: Մի առանձնահատուկ խնդիր, որ արդեն նշել ենք` գործընթացի ֆինանսավորման հարցն է, որը ԺՀՄԻԳ-ն ու Վենետիկի հանձնաժողովը նշել են որպես թերություններ, եւ մենք կշարունակենք մեկնաբանել այդ հարցը:
– Ո՞րն է ընտրակաշառքի դեմ պայքարի միջազգային փորձը:
– Չկա որեւէ հասարակ միջոց, բաղադրատոմս ընտրակաշառքից խուսափելու համար: Այն կապված է նաեւ տարբեր պետությունների սոցիալ-տնտեսական վիճակի հետ: Բայց, ինչպես արդեն որոշակիորեն նշել ենք մեր զեկույցի նախնական հայտարարության մեջ, կարեւոր է, թե ինչպես են պատկան մարմինները վերաբերվում այդ մեղադրանքներին: Իրականում կարեւոր է, որ Ոստիկանությունը հայտարարել է, թե երբ է սկսում ձայների գնման հետ կապված մեղադրանքների հետաքննությունը, եւ մենք դրան եւս կհետեւենք: Հարցերից մեկը, որ արդեն բարձրացրել ենք, այն է, որ ԸՕ-ն կարող էր լինել ավելի որոշակի եւ իրականում շեշտել, որ ձայների գնման դեպքերի մասին զեկուցողները չեն համարվի հանցակիցներ: Քարոզարշավի ընթացքում ՀՀ գլխավոր դատախազությունը հայտարարեց, որ ընտրակաշառք վերցնողները պատասխանատվության չեն ենթարկվի, բայց մենք կարծում ենք, որ շատ ավելի լավ կլինի, եթե ԸՕ-ն շատ որոշակիորեն սահմանի դա:
– Ի՞նչ կասեք ընտրությունների օրն օքսիդացող կնիքների հետ առաջացած խնդիրների մասին, եւ ինչպիսի՞ն է եվրոպական փորձն այդ հարցում ընդհանրապես:
– Եվրոպական փորձ, որպես այդպիսին, չկա, քանի որ տարբեր երկրներ տարբեր փորձառություն ունեն: Իրականում որոշ հարցեր բարձրացվել էին Վենետիկի հանձնաժողովի հետ մեր համատեղ արտահայտած կարծիքի մեջ: Բայց հատկապես կարեւորն այն էր, որ երեկվա ընտրություններից հետո պարզվեց դրա խնդրահարույց լինելը: Մենք ցավում ենք, որ ԿԸՀ-ն որոշեց չփորձարկել կնիքները, եւ դրա հետեւանքով ավելի շատ մեղադրանքներ հնչեցին գործընթացի թերությունների վերաբերյալ, եւ այն շատ բացասաբար ազդեց գործընթացի վրա: Նման խնդիրներից ապահովագրված լինելու համար առաջին հերթին պետք է համոզվել, որ պատշաճ կերպով կիրականացվի եւ կնիքների առկայությունն անձնագրերում կպահպանվի մինչեւ օրվա վերջը:
– Արդյո՞ք պարտադիր պայման է կնիքները նախապես ստուգելը:
– Չկա նման չափանիշ: Ես կասեի` նպատակահարմար որոշում կլիներ իրականում ստուգել դրանք: Որոշ հարցեր բարձրացվել էին նախկինում, ցավոք, ինչքանով մեզ է հայտնի` կուսակցությունները չխնդրեցին փորձարկել այն, թեեւ նրանք հարց բարձրացրել էին, թե արդյո՞ք դրանք կգործարկվեն պատշաճ կերպով: Դժբախտաբար, բոլորը խնդիրը բացահայտեցին հենց ընտրության օրը: Սա, իհարկե, ցանկալի չէր:
– Իսկ ի՞նչ է անհրաժեշտ, որպեսզի ընտրացուցակներն առավելագույնս ճշգրիտ լինեն:
– Մենք այդ հարցին, անշուշտ, կանդրադառնանք մեր վերջնական զեկույցի մեջ, եւ հիմա վաղ է որեւէ խորհուրդ տալ: Բայց, ամեն դեպքում, համապատասխան գերատեսչությունները կարող էին առավել սերտորեն համագործակցել եւ ավելի նպատակահարմար ձեւով փոխանակել տվյալները: Եվ, անշուշտ, որոշ փոփոխություններ անհրաժեշտ են ԸՕ-ում եւ այլ օրենսգրքերում, եւ մենք, իհարկե, խորհուրդներ կտանք այդ ուղղությամբ: Մահվան վկայականների տվյալները չեն արտացոլվել ընտրացուցակներում: Այդ հարցը հեշտությամբ կարելի էր լուծել: Անշուշտ, երկրից բացակայող անձանց հարցը հեշտ չէ լուծել, որովհետեւ այդ մարդիկ ՀՀ սահմանադրությամբ եւ ԸՕ-ով ընտրելու իրավունք ունեն: Բայց չարաշահումներից խուսափելու ուղիներ պետք է գտնվեն: Որպեսզի ընտրացուցակներում նրանց անվան առկայությունը չչարաշահվի, բացակայողները կարող էին գալ եւ ընտրել: Բայց ապահովության միջոցներ պետք է ձեռնարկվեն, որ նրանց փոխարեն չընտրեն: Մեղադրանքների մեծամասնությունը սրան էին վերաբերում: Հասարակության վստահությունը շահելու համար այս խնդրին պետք է լուրջ ուշադրություն դարձնել:
– Բավականին երկար ժամանակ է` Հայաստանում եք: Ինչպե՞ս եք Ձեզ զգում այստեղ:
– Արդեն 6 շաբաթ է: Ես վայելում եմ իմ այստեղ գտնվելը: Շատ եմ գնահատում, որ ոչ միայն պաշտոնյաները, այլեւ այս երկրի քաղաքացիները սրտաբաց ողջունեցին: Շատ գեղեցիկ երկիր ունեք: Ճիշտ է, բազմաթիվ մարտահրավերների եք դիմակայում, բայց լավ ընտրություններ անցկացնելն էլ օրակարգի առաջնահերթություններից է բոլորի համար, ում հետ խոսել ենք: Բարձր եմ գնահատում մեր ներկայությունը եւ հայերին ու Հայաստանին օգնելու մեր հնարավորությունն այդ հարցում:
– Դուք բավականին երիտասարդ եք ու այսպիսի կարեւոր պաշտոն եք զբաղեցնում: Սա Ձեր առաջի՞ն փորձն է:
– Ոչ: ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ դիտորդական առաքելությունը ղեկավարելու երկրորդ փորձն է: Առաջինը Ղրղըզստանում էր, 2009-ին, հեշտ չէր: Մինչ այդ` Մակեդոնիայի խորհրդարանի անդամ եմ եղել, 1998-ից: 4 տարի եղել եմ փոխվարչապետ` 2002-2004-ը: Ներկայումս հանդիսանում եմ Մակեդոնիայում Եվրախորհրդի անդամ եւ ղեկավար: Շատերի համար երիտասարդ եմ երեւում, բայց արդեն այդքան էլ երիտասարդ չեմ: Հույս ունեմ, որ իմ մասնակցությունը Հայաստանի ընտրությունների դիտորդությունն իրականացնելու գործին, կխրախուսի շատ կանանց` ներգրավվել երկրում որոշումների կայացմանը, որովհետեւ, ես կարծում եմ, նրանք կարող են մեծ ներդրում ունենալ: Հույս ունեմ, որ դա դեր կխաղա:
– Վախ չի՞ եղել պատասխանատվությունից:
– Ես գիտակցում եմ պատասխանատվության չափը: Դիտորդությունը քաղաքականության նման լի է մարտահրավերներով, բայց մյուս կողմից` փոխհատուցմամբ: Դու գիտես, որ օգնում ես մարդկանց, պետությանը` փոփոխություններ անել ճիշտ ուղղությամբ` դեպի լավը:
– Ի՞նչ զգացողությամբ եք լքելու Հայաստանը:
– Ես կապվածություն կզգամ: Ինձ հաստատ որպես զբոսաշրջիկ չեմ զգա Հայաստանում: Թեեւ վստահ եմ, որ զբոսաշրջիկներն իրենց ժամանակը վայելում են Հայաստանում: Բայց ես հնարավորություն եմ ունեցել հանդիպել մարդկանց, ովքեր, համարում եմ, որ կարող են արժեքավոր ներդրում ունենալ երկրի զարգացման հարցում: Ես միշտ հատուկ ուշադրություն կդարձնեմ Հայաստանին, կհետեւեմ լուրերին եւ զարգացումներին: Ամենալավն եմ ցանկանում մարդկանց ու երկրին:
Գայանե ԼԱԼԱՅԱՆ