Պուտինի 10 ամենահայտնի արտահայտությունները

08/05/2012

tert.am-ի փոխանցմամբ` «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը ներկայացրել է երկրի նորընտիր նախագահ Վլադիմիր Պուտինի 10 ամենահայտնի արտահայտությունները: Դրանք են.

1. Բժիշկ ուղարկել (պոսլատ դոկտորա): 2008թ. «Մեչել» մետաղագործական ընկերության խորհրդակցության ընթացքում Պուտինն իր դժգոհությունն էր հայտնել ընկերության վարած քաղաքականության վերաբերյալ: Ընկերության ղեկավար եւ հիմնական բաժնետեր Իգոր Զյուզինը չէր ներկայացել խորհրդակցությանը` պատճառաբանելով, որ հիվանդ է: «Իհարկե, հիվանդությունը` հիվանդություն… սակայն կարծում եմ` նա պետք է շուտափույթ ապաքինվի, հակառակ դեպքում ստիպված կլինենք բժիշկ ուղարկել եւ լուծել բոլոր խնդիրները»,- ասել է Պուտինը:

2. Վերադարձրեք գրիչս (ռուչկու վերնիտե!): 2009թ. Պուտինն անձամբ մեկնել է Պիկալեւո, տեղական երեք գործարանների միջեւ խնդիրների պատճառով առաջացած գործազրկության ու աշխատավարձերի պարտքերի: Քննադատելով գործարաններից մեկի ղեկավարների գործունեությունը, նա պահանջել է անմիջապես պայմանագիր ստորագրել, որը կշտկի իրավիճակը: Դիմելով «ԲազԷլ» ընկերության սեփականատեր Օլեգ Դերիպասկային` Պուտինն ասել է. «Չեմ տեսնում ձեր ստորագրությունը, գնացեք եւ ստորագրեք»: Վերցնելով Պուտինի գրիչը` նա անմիջապես ստորագրել է եւ հեռացել: «Վերադարձրեք գրիչս»,- հիշեցրել է Պուտինը:

3. Օլիգարխներին պետք է ուղարկել ախոռ (օլիգարխով – վ ստոյլո): 2011թ. «ուղիղ եթերի» ժամանակ Պուտինը լակոնիկ կերպով ձեւակերպել է իր դիրքորոշումն օլիգարխների նկատմամբ, որոնք հրաժարվում են հետեւել հարկային օրենսդրությանը, ասելով` «Ինձ թվում է, պետք չի խոսել ինչ-որ բանի ազգայնացման մասին, այլ պետք է այդ մարդկանց ախոռ ուղարկել, ստիպել նրանց օրենքով աշխատել եւ հարկեր վճարել»:

4. Որտե՞ղ են ազատազրկումները (գդե պասադկիգ): 2009թ. կառավարության պրեզիդիումի նիստում Պուտինը բարձրացրել է մաքսանենգության դեմ պայքարելու հարցը: «Ինչ վերաբերում է մաքսանենգությանը, դա առանձին թեմա է: Չնայած պայքարին` արդյունքներ չկան: Արդյունք ասելով` նկատի ունեմ ազատազրկումները: Որտե՞ղ են ազատազրկումները»,- հարցրել է Պուտինը:

5. «Փակելու» ցանկությունը (Ժելանիե ուկոնտրապուպիտ): 2011թ. նա վերադարձել է ազատազրկումների թեմային: «Ինչ-որ մեկին «ուկոնտրապուպիտ» անել` ձերբակալել, ցույց տալ ամենակարողությունը. դա ամենահեշտն է, ինչ կարող էր անել իմ դիրքում գտնվող մարդը… սակայն ոչ մի «քարոզչականություն» այստեղ չկա»,- հայտարարել էր Պուտինը:

6. Դուրս հանել կոյուղու հատակից (Վիկովիրըատ սօ դնա կանալիզացիի): Անդրադառնալով 2010-ին Մոսկվայում իրականացված ահաբեկչությունների թեմային` Պուտինն ասել էր. «Մենք գիտենք, որ ահաբեկչությունների կազմակերպիչներն ընդհատակ են անցել: Սակայն սա իրավապահ մարմինների պատվի հարցն է` դուրս հանեն նրանց կոյուղու հատակից»:

7. Խժռել փողկապը (սլոպատ գալստուկ): Մինչ Յալթայում բանակցություններ էին ընթանում Պուտինի եւ Ուկրաինայի այդ ժամանակվա վարչապետ Տիմոշենկոյի միջեւ, նախագահ Վիկտոր Յուշչենկոն ընդունում է անսպասելիորեն Կիեւ ժամանած` Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլիին: Մեկնաբանելով այդ «զուգադիպությունը», Պուտինն ասել էր. «Խորհուրդ կտամ երկու նախագահներին ընթրել «առանց փողկապների»: Այժմ փողկապները արժեքավոր են… (ակնարկելով Սահակաշվիլիի փողկապի հետ կապված հայտնի միջադեպը), մեկ էլ տեսար` հյուրը (Սահակաշվիլին) կխժռի Յուշչենկոյի փողկապը»:

8. Բանդերլոգներ, սմբակներ, հակաբեղմնավորիչներ (բանդերլոգի, կոպիտա ի կոնտրացեպտիվի): 2010թ. «Կոմերսանտ» թերթին տված հարցազրույցում Պուտինը մեկնաբանել էր ընդդիմության միտինգները` ասելով. «Կարելի է ինչ-որ բան ասել հասարակական զուգարանի մոտ, եւ ամբողջ աշխարհը կլսի, քանի որ այնտեղ կլինեն տեսախցիկներ: Ասացին եւ սմբակները թխկթխկացնելով հեռացան դեպի ծովը»: Իսկ ընդդիմության ներկայացուցիչների մասին խոսելով` նա ասել է. «Ի՞նչ ասեմ: Եկեք ինձ մոտ, բանդերլոգներ (Կիպլինգի «Ջունգլիների գիրքը» ստեղծագործության մեջ հորինված կապիկների ցեղ): Մանկուց սիրել եմ Կիպլինգին»:

2011թ.` տեսնելով ցուցարարների կրծքին ամրացված սպիտակ ժապավենները, որոնք խորհրդանշում էին արդար ընտրությունները, նա ասել է. «Երբ տեսա այդ ժապավենները, մտածեցի, որ դա ՁԻԱՀ-ի դեմ պայքար է, եւ նրանք կրծքին ամրացրել են, կներեք, հակաբեղմնավորիչներ: Նորից նայեցի, կարծես, ոչ: Սկզբունքորեն լավ է, պայքարում են առողջ ապրելակերպի համար»:

9. Անկյունում ծեծել (օտբուցկատ զա ուգլոմ): Պուտինի վերջին ամենահիշվող արտահայտություններից մեկը եղել է « օտբուցկատ զա ուգլոմ » (ծեծել անկյունում) արտահայտությունը, որը նա արել էր ֆուտբոլային երկրպագուների հետ հանդիպման ժամանակ: Իսկ կատակով ասված այս խոսքերը վերաբերել են Կրթության նախարար Անդրեյ Ֆուրսենկոյին, ով ՌԴ Ֆուտբոլային միության նախագահ Սերգեյ Ֆուրսենկոյի եղբայրն է: Վերջինը ներկա է եղել հանդիպմանը, որին Պուտինը խորհուրդ է տվել նաեւ բարեւներ փոխանցել եղբորը:

10. Որակավորման բարձրացման դասընթացներ: Օրեր առաջ, գնահատելով իր գործունեությունը կառավարության ղեկավարի պաշտոնում, Պուտինն ասել էր. «Երբեմն ինձ թվում է, որ ես գտնվում եմ որակավորման բարձրացման դասընթացներում: Այս բարդ տարիներն ինձ համար եղել են առանձնահատուկ փորձություն եւ դպրոց»: