Մեր քաղաքի տարածքն ու վիզուալ ինֆորմացիան մի մեծ` ծավալային, տարածական հականկար է, որի տեղն ու դիրքը ժամանակ առ ժամանակ թեեւ փոխում է «էս պատից էն պատ», այդուհանդերձ, մեր քաղաքն իբրեւ նկար «քամում է» իրեն նայող մարդու վերջին էներգիան: Վերջին երեք օրվա «քաղաք-հականկարում» մարդը մոլորվել, հիասթափվել, խաբվել ու նկարի եզրույթից ճեղք փնտրելով` ուզում է փախչել: Մարդն, ով «հարկադրաբար» հայտնվել էր հականկարում` նույնիսկ այս պսեւդոքաղաքի մեջ սեփական հայրենիքում ապրելու գիտակցությամբ մխիթարվելու համար, հիմա ուզում է կա՛մ փրկվել, կա՛մ փախչել: Հայաստանում մարդն ու հայրենիքն այլեւս դարձել են անհամատեղելի: Քաղաքն այլեւս չի հանդուրժում մարդուն, իսկ մարդը սպառել է քաղաքը հանդուրժելու իր վերջին ներուժը:
Մեր քաղաքը` որպես հականկար, այնուամենայնիվ, ունի նկարներ, որտեղ փախչել ցանկացող մարդու մոտ փրկվելու հույսը վերականգնվում ու վաղվա օրն արժանապատիվ ապրելու հեռանկարը բուժվում է: Աբովյան փողոցում գտնվող «Դալան» գալերեան նման է ռազմաճակատից հետո կանգուն մնացած այն շինությանը, որտեղ կախված նկարները ցնցումներ չեն ապրել, չեն ենթարկվել ռմբակոծության, այլ ճիշտ հակառակը` փորձել են փրկել ինչ-որ կարեւոր բան: Պահպանել են նկարները հականկարի մեջ:
Նկարիչ Դավիթ Գաբրիելյանի ցուցահանդեսը, թերեւս, այն տարածքն է, որը նման է «ցամաքած» լճի մակերեւույթին հայտնված ալիքի: Համատարած տաղտուկի մեջ հայտնված լույս, դատարկված ներաշխարհով մարդկանց աշխարհիկ իրականությունից դեպի հոգեւոր արժեքների հիշատակում: Ցուցահանդեսը կրում է «Գրատախտակ» խորագիրը, իսկ աշխատանքները հիմնականում սեւ-սպիտակ են: Սեւ-սպիտակի մեջ բազում սեւ-սպիտակի շերտեր ու նրբերանգներ կան: Ինքը` Դ. Գաբրիելյանը, չի սիրում նկարի մեկնաբանությունը: «Ընդհանրապես չեմ սիրում նկարի մասին տեքստով խոսել, որովհետեւ նկարչությունն առանձին լեզու եմ համարում: Այստեղ բառերը չեն խոսում, այս տարածքում վիզուալ ինֆորմացիա է, եւ մարդն իր աչքով պիտի կարդա: Կարդալուց հետո մարդը կզգա, կհասկանա, ինչ-որ զգացմունք կառաջանա կամ չի առաջանա: Ցուցահանդեսում ներկայացված գործերը ոչ մի դեպքում մեկնաբանության կարիք չունեն»,- ասում է Դ. Գաբիելյանն, այնուամենայնիվ համարելով, որ «Գրատախտակ» խորագիրն արդեն ցուցահանդեսի գաղափարի մասին հուշող, դիտողին օգնելու հատկություն ունի: Ինքը` սովորական գրատախտակն, ունի իր էսթետիկան, որտեղ սեւ տարածքի վրա մարդիկ սպիտակով գրում կամ նկարում են` արտացոլելով հոգեբանական, երեւակայական, ինտելեկտուալ մարդկային իրենց ողջ ռեսուրսը: Այսինքն` գրատախտակի վրա հայտնվում է մարդու պատկերացումը, երեւակայությունը, ներաշխարհն ու նույնիսկ ձեռագիրը, որի օգնությամբ հաճախ բնորոշում են մարդու էության առանձնահատկությունները: «Նկարչությունն էլ լեզու է, համարեք ինչ-որ բան է գրած, որը պետք է կարդանք: Սեւ թուղթ կամ տախտակ, սպիտակ կավիճ. Արվեստը` նկարչությունը, մարդու հայելիներից մեկն է, որը մարդուն օգնում է ապրել եւ քայլել առաջ: Նկարչության միջոցով մարդը համակարգում է իր գաղափարները: Իմ ցուցահանդեսը երգ է նկարչության մասին: Ավելի ճիշտ` նկարչություն է նկարչության մասին: Եթե գործերի մեջ դաշնամուր կամ ապակի եք տեսնում, ապա դրանք երկրորդական են, որովհետեւ, ըստ էության` դրանք առիթներ են ուղղակի նկարելու համար»,- ասում է Դ. Գաբրիելյանը` վստահեցնելով, որ իր նկարի մեջ առկա դաշնամուրն ընդամենը դաշնամուր է, այլ ոչ թե հեղափոխության կոչ կամ մեծ ուրախություն ու ցավ: Այսինքն` նկարչությունը, լինելով մարդու հոգու հայելին, արտաքուստ կարող է առարկայական արձանագրումներ անել, բայց մտքերն ու գաղափարները, բնականաբար, զգայական եւ ենթագիտակցական դաշտում են «աշխատում»: «Գրատախտակ» ցուցահանդեսի հեղինակը վստահ է, որ նկարչությունը դառնալու է բոլորի սեփականությունը, ճիշտ այնպես, ինչպես բջջային հեռախոսը դարձավ աշխարհի բոլոր մարդկանց սեփականությունը: Այսինքն` մոլորակի բոլոր մարդիկ նկարչությունը համարելու են սեփականություն, որպեսզի այնտեղ փնտրեն ու գտնեն իրենց. «Մարդու ցանկությունն ու ունակությունը տանում է դրան»: «Գրատախտակ» ցուցահանդեսում ներկայացված գործերն ամբողջությամբ թղթի վրա են նկարված: Այսինքն` նյութն ինքնին արտահայտում է գաղափարի վերարտադրման ճշգրտությունը: ««Գրատախտակ» խորագիրը դիտողին նկարի մեջ իր նկարը նկարելուն դրդելու միտում ունի: Այսինքն` ես դիտողին դրդում եմ իր մտքերն ու պատկերացումները երեւակայել նկարի մեջ: Օրինակ` շատ աշխատանքներ անուններ են ունենում, բայց նման դեպքերում այդ անունները եւ՛ դրդում, եւ՛ սահմանափակում են դիտողին: Երբ գրված է` այսինչի դիմանկարը, դու սկսում ես տեսնել այսինչի դիմանկարը: Անանուն նկարի մեջ մարդը տեսնում է այն, ինչ ուզում է տեսնել: «Գրատախտակ» պայմանական անունը հնարավորություն է տալիս մարդկանց տեսնել սպիտակը սեւի վրա: Մարդկանց ուղղորդում եմ, իրենք տեսնում են սեւի վրա իրենց սպիտակ պատկերացումները: Ամենատխուր սեւ գույնի վրա կարող են տեսնել ամենապարզ սպիտակը: Իմաստը` մեծ ուրախություն, մեծ զվարճություն` շատ փոքր տեղում»:
«Դալան» գալերեան կիսադատարկ է: Մեր հասարակական-քաղաքական «ջարդող» կյանքից խեղճացել են նույնիսկ արվեստի տարածքները: «Իհարկե, այցելությունների հաճախականությունը չի բավարարում: Չի բավարարում, որովհետեւ չի կարող բավարարել: Հայաստանն այսօր արվեստով չի ապրում: Շարքային մարդը հոգսերի բեռի տակ ու շատ բաներից էլ անտեղյակ է: Ինձ բացարձակապես չի խանգարում մարդկանց անտարբերությունն արվեստի նկատմամբ: Ես դրան պատրաստ եմ ցուցահանդես անում: Ես պատրաստ եմ այդ անտարբերությանը,- ասում է Դ. Գաբրիելյանն, այնուամենայնիվ, հիշեցնելով, որ իր արվեստը ոչ մի դեպքում քաղաքականության մասին չէ, այլ` նկարչության մասին է: -Կարելի է պարզապես պատմել, թե կյանքն ինչքան գեղեցիկ է, որով հնարավոր է` դիմացինիդ տրամադրությունը փոխելու հարցում ավելի արագ արդյունքի հասնես, քան «դասատուական» ձեւերով»: