Բուժարար ճահճախնկենին
Ճահճախնկենին ընդամենը 200 տարի առաջ են սկսել օգտագործել բժշկության մեջ։ Հատկապես լայն կիրառում ունի Շվեդիայում եւ Գերմանիայում։ Ռուսաստանում արտադրվում է «Լեդին» խորխաբեր դեղամիջոցը, որը մշակվում է բույսի հիմքի վրա։
Հնում չորացրած տերեւի փոշին օգտագործել են ցեցի, իսկ ճյուղերը` մկներին վանելու համար։ Ճահճախնկենին հավամրգազգիների ընտանիքին պատկանող մշտադալար, հաճախ անանցանելի մացառուտ կազմող բույս է։
Գիտական անվանումն է` Ledum Pacustre։
Բույսի արմատային համակարգը զարգանում է հորիզոնական մակերեսային հարթության մեջ։ Ցողունները պառկող են եւ արմատակալող, բարձրությունը 50-150 սմ է։ Տերեւները հերթադիր են, կաշվեպատ, կարճ կոթունավոր, գծային-երկարավուն, ծալված ամբողջական եզրերով։ Տերեւները ձմեռող են, թափվում են աշնանը, վերին մուգ-կանաչ մակերեսը ծածկված է մանր գեղձիկներով, ստորինը` ժանգագույն թավով։ Սպիտակ (երբեմն` կարմիր) ծաղիկները հավաքված են հովանոցավոր ծաղկաբույլերի մեջ։ Կոթունները երկար են, բաժակը ձուլաթերթ է` կազմված հինգ ատամնաեզր թերթերից, որոնք երկար պահպանվում են պտղի կազմավորումից հետո, պսակաթերթերը հինգն են, առէջները` տասը։ Պտուղը (մինչեւ 8 մմ) դեպի ցած թեքված բացվող բազմասերմ, խավոտ գեղձերով պատված տուփիկ է։
Ծաղկում է մայիս-հունիսին, պտղաբերում օգոստոսին։ Բույսի վերգետնյա մասն արձակում է յուրահատուկ սուր հոտ, որը մարդու մոտ առաջացնում է գլխապտույտ, սրտխառնոց եւ նույնիսկ փսխում։
Աճում է ճահճոտ սֆանգային հողերի, տորֆուտների, խոնավ փշատերեւ անտառներում` հաճախ սեւ եւ կապույտ հապալասենու մոտակայքում։ Տարածված է ողջ Եվրասիայում, հատկապես տունդրայում։
Պարունակում է զգալի քանակությամբ եթերային յուղ, արբուտին, ալկալոիդ էրիկոլին, որը թունավոր է։ Կենդանիները չեն ուտում բույսը։
Ունի մեծ կիրառում ժողովրդական բժշկությունում։ Մթերում են մեկ-երկու տարեկան մատղաշ ճյուղերը, ծաղկման շրջանում։
Տիբեթյան բժշկությունը օգտագործել է բույսը թոքախտի, բրոնխիտի, լյարդի հիվանդությունների բուժման համար, գինեկոլոգիայում։
Ժամանակակից բժշկությունը կիրառում է բույսի թուրմը եւ եփուկը` որպես խորխաբեր, քրոնիկ եւ սուր բրոնխիտի, բրոնխների ասթմայի, կապույտ հազի դեպքում։ Կանխարգելվում է հազը, արյան ճնշման բարձրացումը, գլխացավը, անքնությունը։
Ժողովրդական բժշկությունն առաջարկում է բույսի պատրաստուկները ստամոքսի լորձաթաղանթի եւ միզապարկի բորբոքման դեպքում։ Յուղային մզվածքով բուժում են մաշկային հիվանդությունները, արթրիտը, հոդատապը, այն ունի հակամանրէ հատկություններ։
Չնայած բույսը պարունակում է թունավոր նյութեր, չափաբաժինները պահպանելու դեպքում պատրաստուկները չեն առաջացնում օրգանիզմի թունավորում։
Հազ. 1 թ/գ խոտը 8 ժամ թրմեք 500 մլ նախօրոք եռացրած ջրում։ Քամեք։ Խմեք 100-ական մլ, օրը 4 անգամ։ Օգտակար է շնչառական ուղիների հիվանդությունների, ռեւմատիզմի, հոդատապի դեպքում։
Ալերգիա. Կես թ/գ խոտը 30 րոպե թրմեք 200 մլ եռջրում։ Քամեք։ Խմեք 1-ական ճ/գ, օրը 3-4 անգամ։
Հարբուխ. Մեկ ճ/գ չոր խոտի փոշին 21 օր թրմեք արեւածաղկի յուղի մեջ, մութ տեղում, օրը 2-3անգամ թափահարեք տարան։ Քամեք, մզեք հումքը, զտեք թանզիֆով։ Կաթեցրեք 1-ական կաթիլ, օրը 3-4 անգամ։ Շարունակեք 1 շաբաթ։
Ռեւմատիզմ. 2 ճ/գ մանրացրած խոտը 12 ժամ թրմեք փակ տարայում 42-47 C ջերմաստիճանի տակ, 5 ճ/գ բուսայուղի մեջ։ Քամեք։ Օգտագործեք շփումների համար։
Վնասվածք, կապտուկներ. 2 շաբաթ 10 գրամ ծաղիկը 15 օր թրմեք 100 մլ օղու մեջ։
Բրոնխների ասթմա.
– Խառնեք ճահճախնկենու եւ եղինջի խոտերը։ Հումքից 3 ճ/գ 30 րոպե թրմեք 600 մլ եռջրում։ Քամեք։ Խմեք 100-ական մլ, օրը 5-6 անգամ։
– Մանրացրեք, խառնեք հավասար քաշային հարաբերությամբ ճահճախնկենու, մանուշակի խոտերը, դաղձի, տատրակի եւ ջղախոտի տերեւները, երիցուկի եւ վաղենակի ծաղիկները, քաղցրարմատի եւ կղմուխի արմատները, անիսոնի պտուղը։ Հումքի 1 ճ/գ-ին ավելացրեք 200 մլ ջուր, եփեք 15 րոպե։ Քամեք։ Խմեք 50-70-ական մլ, օրը 3 անգամ` սնվելուց հետո։ Շարունակեք 28 օր։
Դիզենտերիա. Խառնեք 2 թ/գ ճահճախնկենու խոտը, 5 թ/գ տուղտի արմատը, 15 րոպե թրմեք 1 լ եռջրում։ Քամեք։ Խմեք 1-ական ճ/գ, յուրաքանչյուր 2 ժամը մեկ։
Ինֆեկցիոն հիվանդություններ, կապույտ հազ.
– Խառնեք 4 թ/գ ճահճախնկենու եւ 3 թ/գ եղինջի խոտերը, ավելացրեք 1 լ եռջուր, 8 ժամ թրմեք տաք տեղում։ Քամեք։
-Երեխաներին տալ 1-ական թ/գ, օրը 3-4 անգամ։
– Մեծերին` 50-ական մլ, օրը 4 անգամ` սնվելուց հետո։
– Դրեք թրջոցներ էնդարտերիտի, ցրտահարության, կապտուկների, այտուցի, միջատների խայթոցի դեպքում։