Ինչպես սպասվում էր, երեկ, մոտ երկու ժամ տարբերությամբ, Երեւանում կայացել են ԲՀԿ-ի եւ Հայ ազգային կոնգրեսի հանրահավաքները: Երկուսն էլ շատ մարդաշատ են եղել, չնայած դժվար է ասել` որքանով են երկու ուժերն իրար նպաստել, քանի որ, բնականաբար, ԲՀԿ-ի պաստառներով մասնակիցներ ՀԱԿ-ի հանրահավաքում չեն եղել: Սակայն դատելով ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի երեկվա ելույթից, այդ հնարավորությունն առնվազն պետք չէ բացառել: «Ուժերի նպաստավոր դասավորության պարագայում Ազգային ժողովում կարող է ձեւավորվել նոր, իրական կոալիցիա, փոխարինելով մինչ այժմ գործած կեղծ կոալիցիաներին, որոնցում մշտապես գերիշխող դիրք է զբաղեցրել Հանրապետական կուսակցությունը, իսկ կրտսեր գործընկերներին բաժին ընկել երկրորդական ու նվաստացուցիչ դեր: Հայ ազգային կոնգրեսը չի բացառում իր մասնակցությունն իրական կոալիցիայում` կտրականապես մերժելով, սակայն, որեւէ համագործակցություն Հանրապետական եւ «Օրինաց Երկիր» կուսակցությունների հետ, նրանց համարելով մեր երկրի գլխավոր չարիքը»,- հայտարարել է Լ. Տեր-Պետրոսյանը: Ակնհայտ է, որ խոսքն առաջին հերթին կարող է վերաբերել եւ վերաբերում է ԲՀԿ-ի հետ կոալիցիա կազմելու հնարավորությանը: Հատկապես հաշվի առնելով այն հանգամանքը, որ ՀԱԿ երեկվա հանրահավաքում գրեթե բոլոր ելույթ ունեցողները առանձնակի գովասանքով են խոսել ընտրակեղծիքների վերահսկման միասնական շտաբում հատկապես ԲՀԿ-ի ունեցած կարեւոր դերակատարության մասին: Ամենազավեշտալին այն է, որ Լ. Տեր-Պետրոսյանը, ըստ էության, կոալիցիոն առաջարկներ է հղում մի կուսակցության, որի ղեկավարի թեկնածությանը սատարելու մասին ընդամենը նախօրեին հայտարարել է նախագահ Սերժ Սարգսյանը: Հիշեցնենք, որ ի տարբերություն Լ. Տեր-Պետրոսյանի, ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը մի քանի օր առաջ չէր բացառել ՀՀԿ-ի հետ կոալիցիա կազմելու հնարավորությունը: