Ընդունել է

07/05/2012

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը երեկ ընդունել է ԱԺ ընտրություններում ԱՊՀ դիտորդական առաքելության ղեկավար, ԱՊՀ գործադիր կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Վլադիմիր Գարկունին եւ առաքելության շտաբի ղեկավար, ԱՊՀ գործկոմի բաժնի ղեկավար Եվգենի Սլոբոդային: Նա ողջունել է Համագործակցության անդամ պետությունների դիտորդներին եւ վստահություն հայտնել, որ արդյունավետ աշխատանք կիրականացնեն: ՀՀ նախագահի մամլո գրասենյակի տարածած հաղորդագրության համաձայն` դիտորդական առաքելության ղեկավարն ընդգծել է, որ Հայաստանում գտնվող ԱՊՀ 173 դիտորդները, ովքեր աշխարհագրական տեսանկյունից ներառում են Համագործակցության անդամ գրեթե բոլոր երկրները, մեծ կարեւորություն են տալիս մայիսի 6-ին անցկացվելիք խորհրդարանական ընտրություններին: Վլ. Գարկունը բարձր է գնահատել ընտրություններին ընդառաջ ՀՀ ԿԸՀ-ի աշխատանքը եւ նշել է, որ ՀՀ ընտրական օրենսգիրքը լուրջ եւ կարեւոր բարեփոխումների է ենթարկվել, նախընտրական քարոզչության` իրենց մոնիտորինգի արդյունքներով մինչ այժմ արձանագրվել է հանգիստ, հավասարակշռված ընթացք, ԶԼՄ-ների աշխատանքը եւս այդ առումով դրական է համարել: