Ո՞վ կոալիցիա կկազմի ՀԱԿ-ի հետ

07/05/2012 Արմինե ԱՎԵՏՅԱՆ

Երեկ Երեւանում իրենց ամփոփիչ հանրահավաքներն անցկացրեցին ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսն ու կոալիցիոն «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը: Մայրաքաղաքի տարբեր համայնքների ընտրողների հետ երեկ հանդիպել են նաեւ մայիսի 6-ին խորհրդարանական ընտրություններին մասնակցող մյուս կուսակցությունները: ՀՀԿ ղեկավար Սերժ Սարգսյանը հանդիպել է Աջափնյակ համայնքի ընտրողների հետ, իսկ «Ժառանգությունը» համերգ-հանդիպում էր կազմակերպել Կենտրոն համայնքի բնակիչների հետ` Ազնավուրի հրապարակում:

Նախ` Մատենադարանի հարակից տարածքում ժամը 17-ին սկսվեց ԲՀԿ-ի հանրահավաքը, սակայն հորդառատ անձրեւի պատճառով այն շատ կարճ տեւեց` մոտ կես ժամ: ԲՀԿ-ի հանրահավաքին մասնակցելու համար Հայաստանի գրեթե բոլոր մարզերից ու խոշոր քաղաքներից ավտոբուսներով ու երթուղային տաքսիներով բազմաթիվ մարդկանց էին բերել: Հանրահավաքի մասնակիցների գերակշիռ մասը մարզերի բնակիչներն էին: Եվ նրանց մայրաքաղաք հասցրած բազմաթիվ մեծ ու փոքր տրանսպորտային միջոցները երեկ կաթվածահար էին արել Երեւանի կենտրոնական փողոցները: Ամեն դեպքում, ԲՀԿ-ի հանրահավաքը բավականին մարդաշատ էր, մարդկանց բազմությունը Մատենադարանի հարակից փոքր հրապարակից ձգվում էր մինչեւ Մաշտոցի պողոտա: Սակայն անձրեւը սկսվելուց կարճ ժամանակ անց ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանի հորդորով հանրահավաքն ավարտվեց, եւ մարդիկ Մատենադարանից երթով իջան դեպի Հանրապետության հրապարակ: Երթին մասնակից մարդկանց խմբերի զրույցներից հասկանալի էր դառնում, որ այդ հանրահավաքը կազմակերպելու համար բավականին գումար է ծախսվել: Նրանց մեջ կային նաեւ մարզային, տեղական կազմակերպիչներ, ովքեր խոսում էին, թե իրենց շրջանից քանի տրանսպորտային միջոց են հասել Երեւան, որքան մարդ են բերել, եւ, որ նրանցից յուրաքանչյուրը ծախսել է հարյուր-հազարավոր դրամներ: Սակայն, երբ լրագրողները փորձեցին այդ մասին մեկնաբանություններ եւ ավելի կոնկրետ պատասխաններ ստանալ, կազմակերպիչներն ու վարորդները խուսափեցին ասել, թե որքան գումար են ստացել:

Ամեն դեպքում ԲՀԿ-ի երեկվա հանրահավաքին կարճ ելույթ ունեցան ԱԺ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը, նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանը եւ Գ.Ծառուկյանը:

Ն.Զոհրաբյանի խոսքով` իրական սոցիոլոգիական հարցման պատասխանն այդ հանրահավաքին հազարավոր մարդկանց ներկայությունն է: «Գալու է լռության օր, երբ ձեր միակ զրուցակիցը լինելու է ձեր խիղճը: Ձեր խիղճը, որը ձեզ հուշելու է, թե ինչպիսի ապագա ընտրել Հայաստանի համար: Ես մեկ րոպե անգամ չեմ կասկածում, որ դուք ընտրելու եք այն քաղաքական ուժին, որի բարձրագույն արժեքը մարդն է»,- հայտարարեց Ն.Զոհրաբյանը:

«Ընտրությունը շատ բարդ է. եթե դուք գոհ եք այսօրվա վիճակից, գնացեք, քվեարկեք իշխող կուսակցությանը: Բայց եթե կգտնեք, որ սա անհանդուրժելի է, ապա քվեարկեք ԲՀԿ-ին: Այս ընտրություններով մենք մեկս մյուսին պիտի բուժենք, պիտի փոխենք իրավիճակը, պիտի վերացնենք մենաշնորհը»,- ասաց Վ.Օսկանյանը:

Վերջում Գ.Ծառուկյանն ասաց, որ չի կորցնելու ժողովրդի հավատն ու վստահությունը եւ անելու է այն, ինչ ասելու է: «Ամեն մի ձայնին տեր ենք կանգնելու: Ամենակարեւորը` գնացեք ընտրության, ոչ մեկին մի լսեք, ձեր սիրտը ինչ թելադրում է, այնպես էլ արեք: Ամեն ինչ լավ է լինելու, Աստված թող ձեզ պահապան լինի, ձեր բոլորի նպատակին ու ցանկությանը թող իրականացում լինի»,- հայտարարեց Գ.Ծառուկյանը:

Ոստիկանության Երեւան քաղաքի վարչության պետի տեղակալ Ռոբերտ Մելքոնյանը երեկ հայտարարել է, որ իրենց հաշվարկներով` մոտ 18 հազար մարդ էր մասնակցում ԲՀԿ-ի հավաքին:

Պակաս քանակությամբ մարդիկ չէին մասնակցում նաեւ Ազատության հրապարակում ՀԱԿ-ի հանրահավաքին: Անցած տարվա գարնանային մարդաշատ հանրահավաքներից հետո երեկ, թերեւս առաջին անգամ, Ազատության հրապարակը նորից լիքն էր: ՀԱԿ-ի հանրահավաքին թեեւ ամպերը կուտակված էին, բայց անձրեւ չեկավ: ՀԱԿ առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանը երեկ իր ելույթում նախ` ամփոփելով նախընտրական քարոզարշավը` ասաց, թե իրենց եւ որոշ ուժերի մարզային այցելությունները ժողովրդին հանել են թմբիրից ու հաղթահարել վախի մթնոլորտը: Տասնյակ-հազարավոր մարդկանց հետ շփումների ժամանակ հիմնականում լսել են «հանցավոր ռեժիմին» ուղղված անխնա քննադատություններ: Համոզվել են, որ «իշխող վարչախումբը` ՀՀԿ-ն եւ ՕԵԿ-ն իրական ձայներ չունեն, եւ քոչարյանա-սերժական վարչախումբը նորից հույսը դրել է վարչական, ուժային եւ քրեական ռեսուրսի միջոցով ընտրությունների կեղծման ու իշխանության բռնազավթման վրա»: Նրա խոսքերով` ընտրարշավը բացահայտել է, որ արդար ընտրությունների անցկացմամբ անկեղծորեն շահագրգռված են միայն ՀԱԿ-ը, ՀՅԴ-ն եւ ԲՀԿ-ն, ինչի արտահայտությունն է այդ ուժերի սերտ համագործակցությունը ընտրությունների օրինականության վերահսկման միասնական շտաբում: Իսկ ընտրարշավի ամենանշանակալի արդյունքը, նրա կարծիքով` նախագահական ընտրությունների համեմատ խորհրդարանական ընտրությունների ոչ կարեւորության կարծրատիպի կոտրումն է: Ուստի քաղաքական ուժերի խնդիրն է` հաղթահարել հոգեբանական այս բարդույթը եւ հասարակությանը այս ընտրությունների կարեւորությունը` դրանք դիտելով որպես նախադրյալ` նախագահական ընտրություններում հաջողության հասնելու համար: Նա նաեւ ավելացրեց, թե առկա են մի քանի հանգամանքներ, որոնք հույս են ներշնչում, թե այս անգամ իշխանություններին չի հաջողվի նույն հաջողությամբ կեղծել ընտրությունները: Նախ` արաբական երկրներում տեղի ունեցած ու շարունակվող հեղափոխությունների ազդեցությամբ միջազգային հանրությունը ստիպված է վերանայել բռնապետական ռեժիմների հանդեպ նախկինում վարած հանդուրժողականության քաղաքականությունը, եւ դրա փոխարեն` ավելի մեծ ուշադրություն դարձնել ժողովրդավարության ապահովմանն ու մարդու իրավունքների պաշտպանությանը: Իսկ ՀՀ-ի պարագայում, ըստ Լ. Տեր-Պետրոսյանի, միջազգային հանրության վարքագծի փոփոխությունը պայմանավորված է նաեւ 2008թ. խայտառակ ընտրությունների կրկնությունը թույլ չտալու ձգտմամբ: «Ուզում եմ հույս հայտնել, որ միջազգային դիտորդական առաքելություններն այս անգամ ավելի օբյեկտիվ ու սկզբունքային գնահատական կտան ընտրություններին, զգուշանալով ապօրինի իշխանություններին լեգիտիմացնող այնպիսի վտանգավոր ձեւակերպումներից, ինչպես, օրինակ, «ընտրությունները հիմնականում համապատասխանել են «եվրոպական չափանիշներին», կամ «դրանք մի քայլ առաջ էին նախորդ ընտրություններից»,- ասաց ՀԱԿ առաջնորդը:

Լ.Տեր-Պետրոսյանի խոսքերով` ընտրատեղամասերում ՀԱԿ-ի, ԲՀԿ-ի եւ ՀՅԴ-ի ներկայացվածությունը ստեղծել է ընտրությունների օրինականության վերահսկման, ընտրակեղծիքների կանխման նախադեպը չունեցող արդյունավետ մեխանիզմ, որն ի վիճակի է էապես փոխել ընտրությունների որակը: Եվ եթե Սահմանադրական դատարանն էլ հակասահմանադրական ճանաչի քվեարկության մասնակիցների ցուցակների գաղտնիության դրույթը, ապա իշխանությունների համար գրեթե անհնար կդառնա ընտրակեղծարարության գլխավոր ռեսուրսի` երկրից բացակա շուրջ 700.000 քաղաքացիների անունների օգտագործումը:

Վերջում Լ.Տեր-Պետրոսյանը հիշեցրեց, որ այս ընտրությունների նվազագույն խնդիրը ՀՀԿ-ին իշխանության մենաշնորհից զրկելն է, ինչը հնարավորություն կտա խորհրդարանը վերածել գործադիր իշխանության լիարժեք հակակշռի եւ հող նախապատրաստել նախագահական ընտրություններում հանցավոր ռեժիմից վերջնականապես ազատվելու համար: «Ուժերի նպաստավոր դասավորության պարագայում ԱԺ-ում կարող է ձեւավորվել իրական կոալիցիա` փոխարինելով մինչ այժմ գործած կեղծ կոալիցիաներին, որոնցում մշտապես գերիշխող դիրք է զբաղեցրել ՀՀԿ-ն, իսկ կրտսեր գործընկերներին բաժին ընկել երկրորդական ու նվաստացուցիչ դեր: ՀԱԿ-ը չի բացառում իր մասնակցությունը իրական կոալիցիայում` կտրականապես մերժելով որեւէ համագործակցություն ՀՀԿ-ի եւ ՕԵԿ-ի հետ, նրանց համարելով մեր երկրի գլխավոր չարիքըգ Պատշաճ քաղաքացիական գիտակցություն դրսեւորելու եւ ճիշտ ընտրություն կատարելու դեպքում դուք ի զորու եք մայիսի 6-ը դարձնել բեկումնային օր` երկրում սահմանադրական կարգի վերականգնման, սոցիալ-տնտեսական վիճակի բարելավման եւ արժանապատիվ կյանքի վերահաստատման համար: Ուրիշ այսպիսի պատեհություն կամ շանս գուցե այլեւս չլինի»,- հայտարարեց Լ.Տեր-Պետրոսյանը:

ՀԱԿ համակարգող Լեւոն Զուրաբյանը նշեց, որ ոչ միայն Կոնգրեսը, այլ նաեւ ՀՅԴ-ն եւ ԲՀԿ-ն եւս լուրջ են տրամադրված` պայքարել ընտրակեղծիքների դեմ: «ԲՀԿ առաջնորդը հայտարարեց, որ ներում-բեկում չի լինելու ընտրակեղծարարների համար»,- Գ. Ծառուկյանին մեջբերեց Լեւոն Զուրաբյանը: Իսկ այսօր Լ.Զուրաբյանը հանդիպելու է ՀՅԴ ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանի հետ մայիսի 6-ին միասնական գործողություններին պայմանավորվելու համար: Նա ավելացրեց, որ այս ընտրություններին իրենց համագործակցությունը «հոգեւոր հեղափոխություն է», պայքար ազատության եւ ստրկամտության, օրինականության եւ կրիմինալի միջեւ: Նիկոլ Փաշինյանը նորից հիշեցրեց 30 վայրկյանի հեղափոխության իր բանաձեւը: «Բոլոր ընտրողներին բարեկամաբար խնդրում եմ ընտրության գնալուց առաջ մտածել` ո՞ւր, ինչո՞ւ եւ ի՞նչ նպատակով եք գնում: Եթե գնում եք, որովհետեւ վախենում եք մարզպետից, գյուղապետից, որովհետեւ նրանց վրա պլան է դրված, եւ դուք պիտի կատարեք այդ պլանը, եթե գնում եք ընտրելու, ու ձեր համար մեկ է` ով է լինելու ձեր պատգամավորը, ուրեմն վերցրեք ընտրակաշառք: Բայց հետո չասեք, որ ձեզ կողոպտել են: Տվել են, դուք էլ վերցրել եք, իրենցից ոչնչով լավը չեք, որովհետեւ պարզ առեւտուր եք արել, իսկ առեւտրի մեջ մեկը միշտ խաբվում է»,- հայտարարեց «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը:

«Եթե ուզում ենք երկիրն ապագա ունենա, պետք է արմատախիլ անենք երկրում ձեւավորված քրեաօլիգարխիկ համակարգը: Այս համակարգն է եղել եւ շարունակում մնալ մեր երկրի զարգացման հիմնական խոչընդոտը: Մենք կոչ ենք անում մասնակցել ընտրություններին: Եթե ուզում ենք փոփոխություններ, պետք է մերժենք երկիրն այս վիճակին հասցրած քաղաքական ուժերին, մերժենք ընտրակաշառքը»,- ավելացրեց ՀԺԿ նախագահ Ստեփան Դեմիրճյանը:

Հանրահավաքի մասնակիցները նաեւ երթով անցան Երեւանի փողոցներով ու նորից վերադարձան Ազատության հրապարակ, որտեղ Լ.Տեր-Պետրոսյանը նորից ելույթ ունեցավ: Անդրադարձավ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի երեկվա հարցազրույցին, որտեղ սուր քննադատություն կար` գործող իշխանություններին ուղղված: «Ընտրություններից երեք օր առաջ նման բովանդակությամբ հարցազրույցը ոչ այլ ինչ է, քան դաշույնի հարված Սերժ Սարգսյանի թիկունքին: Նախընտրական քարոզչության ընթացքում մեկուսացած եւ ամենքի կողմից մոռացված գիշատիչը չէր կարող իր մաղձը չթափել»,- ասաց ՀԱԿ առաջնորդը:

Իսկ ՀԱԿ հաջորդ հանրահավաքն արդեն տեղի է ունենալու ընտրություններից հետո` ապրիլի 8-ին: ՀԱԿ-ում համոզված են, որ այն լինելու է իրենց հաղթանակի հանրահավաքը: