1in.am լրատվական կայքը աննախադեպ հակերային հարձակման է ենթարկվել, որի արդյունքում պաշտպանող համակարգը արգելափակել է կայքի հասանելիությունը` անվտանգության նկատառումներից ելնելով: Կայքի Facebook-ի էջում հրապարակված հայտարարության մեջ ասված է. «Մեր քաղաքական ուրույն գիծը համառորեն հետապնդելու ճանապարհին ո՛չ անթաքույց սպառնալիքները եւ ո՛չ իսկ գործադրված ֆիզիկական բռնությունները չկարողացան մեզ լռեցնել: Մնում էր վերջին քստմնելի միջոցը` 1in.am-ը ենթարկել աննախընթաց հարձակման: Առաջիկա շատ կարճ ժամանակահատվածում մեր մասնագետները Հայաստանում եւ Միացյալ Նահանգներում կվերականգնեն կայքի բնականոն աշխատանքը»: Հայտարարության մեջ նաեւ ուշադրություն է հրավիրվում այն փաստին, որ հայաստանյան առաջատար ԶԼՄ-ների առաջին եռյակում գտնվող լրատվական կայքի նկատմամբ հակերային հարձակումն իրականացվել է խորհրդարանական ընտրություններից երեք օր առաջ եւ Մամուլի ազատության օրվա նախօրեին: