Մայիսի 6-ի ԱԺ ընտրություններին մասնակցող քաղաքական 6 ուժեր` ԲՀԿ, ՀՅԴ, ՀՀԿ, ՕԵԿ, ՀԴԿ, ՀԿԿ, երեկ հանդես են եկել հայտարարությամբ` տեղեկացնելով, որ ընտրությունների օրն ընտրատեղամասերում նկարահանելու են քվեարկության ամբողջ ընթացքը: «Կարեւորելով 2012թ. ԱԺ ընտրությունների անցկացման որակն ու պատշաճ վերահսկողություն իրականացնելու անհրաժեշտությունը եւ հիմք ընդունելով ՀՀ ընտրական օրենսգրքի 6-րդ, 48-րդ եւ 67-րդ հոդվածների դրույթները, որոշեցինք դրսեւորել միասնական կամք, միավորել մեր հնարավորությունները, եւ համատեղ ջանքերով ՀՀ հնարավորինս մեծաքանակ ընտրական տեղամասերում իրականացնել քվեարկության գործընթացի եւ արդյունքների ամփոփման տեսանկարահանում` չխախտելով քվեարկության գաղտնիությունը: Յուրաքանչյուր մասնակից կուսակցության վստահված անձի կատարած տեսանկարահանումը ըստ պահանջի կտրամադրվի մյուս մասնակից կուսակցությանը: Սույն հայտարարությանը կարող են միանալ ԱԺ ընտրություններին համամասնական կարգով մասնակցող մյուս կուսակցությունները»,- ասված է հայտարարության մեջ: Այս հայտարարությանը չեն միացել ՀԱԿ-ը, «Ժառանգությունն» ու ընտրություններին մասնակցող «Միավորված Հայեր» կուսակցությունը: