Առողջ հասարակությանն անհրաժեշտ է տեղեկատվություն

07/05/2012

Տեղեկատվությունը ուժ է: Մտքերի ու գաղափարների մրցակցության արդյունքում մենք բոլորս դառնում ենք ավելի ուժեղ: Առանց տեղեկատվության ազատ հոսքի, առանց առողջ տեղեկատվական առաջարկի, քչերն է, որ կկարողանան իրենց ապրուստը վաստակել, դաստիարակել ու կրթել իրենց երեխաներին, պետական պաշտոնյաներին ներկայացնել իրենց գաղափարներն ու շահերը: Քաղաքացիներին անհրաժեշտ է ճշգրիտ, ոչ ժամանակավրեպ, անկախ լրատվություն, որի վրա հիմնվելով` նրանք կմասնակցեն քաղաքականության շուրջ քննարկումներին ու հանրային բանավեճերին, որոնք ազատ հասարակության հիմքն են կազմում: Լրատվամիջոցների ազատությունը կենսունակ, գործուն ու առողջ հասարակության եւ տնտեսության կարեւոր նախապայման է: Երբ ընդհատվում է լրատվության ու տեղեկատվության ազատ հոսքը, տուժում են անհատները, տուժում է հասարակությունը, տուժում է տնտեսությունը:

Այդ իսկ պատճառով էլ Միացյալ Նահանգներն այսօր միանում է աշխարհին` նշելու Մամուլի ազատության համաշխարհային օրը եւ եւս մեկ անգամ շեշտադրելու լրատվամիջոցների ազատության կարեւորությունն աշխարհում:

Անցյալ տարի մենք տեսանք, թե ինչ ներուժ ունի ազատ մամուլը, եւ թե ինչ վտանգներ են ծառացած ազատ մամուլի առաջ: Մինչ լրագրողները, բլոգերները, ռեժիսորները եւ վերլուծաբանները ներկայացնում էին Միջին Արեւելքում եւ Հյուսիսային Աֆրիկայում մոլեգնող բողոքի ալիքների ժամանակագրությունը, որոշ քաղաքացիներ, ովքեր զինված էին սոսկ բջջային հեռախոսներով, հայտնում էին ճշմարտությունը` վտանգելով իրենց կյանքը:

Սրանով նրանք իրացնում էին 1948թ. Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրով սահմանված հիմնարար ազատություններից մեկը, որը Հռչակագրում նկարագրված է այսպես. «Յուրաքանչյուր ոք ունի համոզմունքների ազատության եւ դրանք արտահայտելու իրավունք. այս իրավունքը ներառում է համոզմունքներին անարգել հավատարիմ մնալու եւ տեղեկություններ ու գաղափարներ որոնելու, ստանալու ու լրատվության ցանկացած միջոցներով տարածելու ազատություն` անկախ պետական սահմաններից»:

Շատ պետություններ փորձ են անում ուղղակի կամ անուղղակի կերպով իրականացնել լրատվության գրաքննություն: Լռեցվում են բազմաթիվ հետաքննող լրագրողներ, ովքեր հիմնականում բացահայտում են կոռուպցիոն դրսեւորումները կառավարության կենտրոնական, շրջանային եւ տեղական մակարդակներում: Անպատիժ են մնում լրագրողների նկատմամբ հարձակումների ու լրագրողների սպանությունների մեղավորները:

Ողջունելի է, որ խորհրդարանական ընտրություններին նախընթաց Հայաստանում տեսնում ենք առավել հավասարաչափ հեռուստատեսային լուսաբանումներ քաղաքական կուսակցությունների վերաբերյալ: Լրատվամիջոցների հավասար հասանելիությունն ազատ ու արդարացի ընտրությունների ապահովման կարեւոր բաղադրատարրերից է: Բոլոր կուսակցությունների համար հավասար խաղի պայմանների համար անհրաժեշտ է լրատվամիջոցների հասանելիության ապահովում: Եթե առավել ընդհանրական ձեւակերպում տանք, ապա լրատվամիջոցների ազատությունը բոլոր բաց ու ժողովրդավարական հասարակությունների հիմնաքարն է, գաղափարների ու մտքերի փոխանակման խթանն ու կատալիզատորը եւ համազգային քննարկումների հարթակը:

Լրագրողներն իրենց մասով նույնպես անելիք ունեն: Ճշգրիտ ու անկողմնակալ լրատվության ապահովումը լրատվամիջոցների կողմից քաղաքացիներին հնարավորություն է տալիս իրենց ապագա առաջնորդների ընտրության հետ կապված անկախ ու իրազեկ որոշումներ կայացնել: Լրատվամիջոցները պատասխանատու են քաղաքացիներին ճշգրիտ ու ոչ ժամանակավրեպ տեղեկատվություն ապահովելու համար եւ պետք է հետամուտ լինեն տեղեկատվության ազատ հոսքի ապահովմանը:

Նշելով Մամուլի ազատության համաշխարհային օրը` բոլոր պետությունները պետք է անհրաժեշտ քայլեր ձեռնարկեն` ձեւավորելու անկախ լրագրողների գործունեության համար անհրաժեշտ այնպիսի միջավայր, որտեղ նրանք կարող են աշխատել առանց բռնության ու հալածանքների վախի: Մենք առանձնակի ակնածանքով ենք վերաբերվում այն քաջարի լրագրողներին, բլոգերներին ու քաղաքացիներին, ովքեր իրենց կյանքի, առողջության կամ ազատության գնով կարողացել են ճշմարտությունը հասու դարձնել մյուսներին: Եվ մենք պատկառանքով ենք մոտենում կայուն ժողովրդավարություն եւ առողջ ու բաց հասարակություն ստեղծելու գործում ազատ ու անկախ լրատվամիջոցների ունեցած դերակատարմանը:

Ջոն ՀԵՖԵՐՆ
ԱՄՆ դեսպան