Այսօր քարոզչության վերջին օրն է։ Վաղը քաղաքական ուժերից եւ թեկնածուներից ոչ ոք իրավունք չունի քարոզչությամբ զբաղվելու։ Այնպես որ, այսօր սեփական արժանիքները գովերգելու եւ այլոց սխալները մատնանշելու վերջին շանսն է, որն ընտրարշավի մասնակիցները պետք է առավելագույնս օգտագործեն։
Վերջին «պայթյունները», ամենայն հավանականությամբ, պահված են այսօրվա համար։ Սակայն երեկ էլ պակաս անակնկալներ չեղան։ Առաջին հերթին` այն, որ մշտապես ընդդիմադիր դիրքերից հանդես եկող Սուրեն Սուրենյանցը «Ա1+»-ի վճարովի եթերում Սամվել Ալեքսանյանի գովքն էր անում։ Այն էլ ինչպիսի ձեւակերպումներով՝ «Ես ընտրում եմ հայրենիքի պաշտպանին եւ հայրենիքի գաղափարը, եւ իմ քվեն տալու եմ Սամվել Ալեքսանյանին»։
Ինչեւէ, քաղաքական ուժերի համար երեկվա օրը բավականին հագեցած էր։ ՀԱԿ-ը եւ ԲՀԿ-ն հանրահավաքներ էին անում։ Ընդ որում, ԲՀԿ ղեկավարը հրաժարվել էր անձրեւանոցից եւ ընտրողների հետ հանդիպմանը մասնակցում էր հորդառատ անձրեւի տակ։ Մի խոսքով, երեկ ամբողջ քաղաքը աժիոտաժի մեջ էր։ Ամենուր խցանումներ էին։ Իշխող կուսակցությունը՝ ՀՀԿ-ն, քաղաքի կենտրոնը մեծահոգաբար զիջելով մյուս ուժերին, բավարարվել էր Աջափնյակ համայնքով։ Սակայն` շուքով չէր զիջում՝ եւ՛ հավաք, եւ՛ համերգ։ Իսկ Շինարարների փողոցն ամբողջությամբ ծածկված էր ՀՀԿ դրոշներով։ Հոգ չէ, որ կրկին պարտադիր-կամավոր սկզբունքով այնտեղ էին «հրավիրել» դպրոցականներին եւ նրանց ծնողներին։ Դրան արդեն բոլորը սովորել են։
Սակայն ՀՀԿ-ի PR արշավը միայն փողոցում չէր։ Ոչ պակաս ինտենսիվությամբ այն ծավալվում էր նաեւ շենք-շինությունների ներսում։ Օրինակ՝ կառավարության շենքի ներսում։ Կառավարության երեկվա նիստն ամբողջությամբ տեղավորվում է նախընտրական տրամաբանության շրջանակներում։ «Հայաստանի կույրերի միավորում» հաշմանդամների հասարակական կազմակերպության անդամ հանդիսացող ընկերությունների կանոնադրական գործունեության իրականացման արդյունքում հաշվարկված (հաշվարկվելիք) ԱԱՀ-ի եւ սոցապահովության վճարի գծով մուծված գումարները փոխհատուցելու նպատակով գործադիրը հատկացրել է ավելի քան 55 մլն դրամ։ Այսինքն՝ կույրերի մուծած հարկերը մասամբ փոխհատուցվելու են։ Արտոնությունից կօգտվեն առնվազն 50% հաշմանդամներ ունեցող ընկերությունները։
Պարզ է, որ հիմա մեզ կհակադարձեն՝ նշելով, որ կառավարության որոշման մեջ ոչ մի նախընտրական նպատակ չկա, որ այն նորմալ աշխատանքային որոշում է։ Ճիշտ այնպես, ինչպես նախագահ Սերժ Սարգսյանի այցը Մաշտոցի պուրակ, պատահական հանդիպումը քաղաքապետի հետ եւ պատահական խորհուրդը՝ ապամոնտաժել «բուծիկները», քանի որ դրանք աչք չեն շոյում։ Ամեն դեպքում, անկախ իրական շարժառիթներից, լավ է, երբ ինչ-որ բան դրական լուծում է ստանում։
Եթե հավատանք կառավարությանը՝ իրենք մի՛շտ են դրական քայլեր կատարում, ոչ միայն նախընտրական շրջանում, այլեւ վերջին մի քանի տարիների ընթացքում։ Եթե այդպես է, ապա դա պետք է դրական փոփոխությունների բերած լիներ։ Եթե հավատանք կառավարությանը՝ այդպես էլ եղել է, դրական փոփոխություններն ու արդյունքները կան։ Դրանք ավելի շոշափելի կլինեին, եթե չլիներ ճգնաժամը։
Սակայն կառավարության դիրքերն այստեղ թույլ են։ Անգամ պաշտոնական վիճակագրության տվյալներով, աճել է թե՛ աղքատության մակարդակը, թե՛ եկամուտների անհավասարությունը։ Ու չնայած այն հանգամանքին, որ մեզ փորձում են համոզել, որ Հայաստանում 4 տարվա ընթացքում ընտրողների թիվն աճել է 160 հազարով, փաստ է, որ նույն ժամանակահատվածում ունեցել ենք այդ թիվը գերազանցող արտագաղթ։
Իբր ընդդիմախոսները քիչ էին, նրանց ցանկին երեկ ավելացել է նաեւ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանը։ «Մեդիամաքս» գործակալությանը տված հարցազրույցում, մեկնաբանելով կառավարության պնդումները, թե տնտեսությունը վատ վիճակում չէ, եւ գրանցվել են տնտեսական հաջողություններ, Ռ. Քոչարյանն ասել է. «Յուրաքանչյուր մարդ բոլորից լավ ինքը գիտի` իր ապրուստը հեշտացե՞լ է, թե՞ դժվարացել: Այդ փաստը ինքն արձանագրում է ամեն օր` սառնարանի դուռը բացելիս կամ խանութ մտնելիս: Մարդիկ չեն հասկանում, երբ իրենց փորձում են համոզել, թե կյանքը լավացել է: Ի վերջո, դա վերածվում է անտարբերության եւ հասարակական համընդհանուր անվստահության: Իսկ դրանք ամենեւին էլ մեծ գործեր անելու տրամադրություններ չեն: Երկրի տնտեսական եւ քաղաքական առողջության «ձայնաազդանշանային համակարգը» արտագաղթն է: Դրա սպառնացող չափերը` ֆունդամենտալ խնդիրների գոյության ամենաճշգրիտ ցուցիչն են: Մարդիկ լավից չեն փախչում»։
Ժամանակին մենք գրել էինք, որ ներկայիս իշխանությունները ուղղակիորեն կամ անուղղակիորեն քննադատության սլաքն իրենց վրայից փորձում են թեքել նախկին վարչակազմի ուղղությամբ։ Անգամ անմեղ թվացող այն դրույթը, որ տնտեսական աճի նպատակադրման քաղաքականությունից անցում է կատարվում տնտեսական զարգացման նպատակադրմանը, անուղղակիորեն նսեմացնում էր Ռ. Քոչարյանի օրոք արձանագրված երկնիշ աճն ու դրա տված օգուտը։ Պարզ էր, որ Քոչարյանն անպատասխան չէր թողնելու այդ մեղադրանքները, եւ հարցազրույցում ասել է. «Իմ հարաբերությունները իշխանության հետ միանշանակ չեն: Ես անկեղծորեն ցանկանում եմ, որ այն հաջողություն ունենա, բայց դժգոհ եմ դրա գործունեության արդյունքներից, հատկապես` տնտեսական: Ի դեպ, այդ մասին ես ուղիղ ասել եմ նաեւ նախագահին»։
Ամենաաբսուրդայինն այն է, որ նորմալ քաղաքական միջավայր ունենալու դեպքում նման փոխադարձ խայթոցները լուրջ չէին ընկալվի։ Այն պարզ պատճառով, որ թե՛ Ռ. Քոչարյանի օրոք, թե՛ հիմա, գլխավոր իշխող կուսակցությունն ու տնտեսական քաղաքականության հիմնական պատասխանատուն եղել է ՀՀԿ-ն` գոնե վերջին տարին Քոչարյանի անվան հետ կապվող ԲՀԿ-ի հետ միասն։
Իսկ մեզ մոտ արդյո՞ք նորմալ քաղաքական միջավայր է՝ դատեք ինքներդ։ ԲՀԿ-ն իշխող կոալիցիայի անդամ է, սակայն հանդես է գալիս որպես ընդդիմություն եւ միանում ընդդիմության նախաձեռնություններին։ «Ժառանգությունը» հանդես է գալիս որպես ընդդիմություն, սակայն այդ նախաձեռնություններին չի միանում։ ՀԱԿ-ը իրեն համարում է գլխավոր քաղաքական ուժը, սակայն քննադատության սլաքը պահում է միայն ՀՀԿ-ի, ձեռքի հետ նաեւ՝ ՕԵԿ-ի վրա։ ՕԵԿ-ին շատերը արդեն «հրաժեշտ էին տվել», բայց դատելով իրադարձությունների զարգացումից՝ չի բացառվում, որ նրանք ավելի մեծ ներկայություն ունենան ԱԺ-ում, քան նախորդ անգամ։ ՀՀԿ-ն համարվում էր Ռ. Քոչարյանի գլխավոր քաղաքական հենարանը, սակայն անուղղակիորեն քննադատում է նրա օրոք տարված տնտեսական քաղաքականությունը (այսինքն՝ ինքն իրեն)։ Ընդ որում, ԲՀԿ-ին քննադատելով հանդերձ՝ Սերժ Սարգսյանը Աբովյան քաղաքում ելույթ ունենալով` կոչ է անում ընտրել Գագիկ Ծառուկյանին։ Եթե ոմանց թվում էր, թե նախընտրական քարոզարշավի ընթացքում ամեն ինչ ավելի կպարզվի, եւ ավելի հեշտ կլինի որոշել՝ ո՞ւմ ընտրել, ապա ստացվեց հակառակը՝ ամեն ինչ ավելի խճճվեց։ Այնպես որ, քարոզարշավի վերջին օրը եւ դրան հաջորդող «լռության օրը» կարելի է հանգստանալ, կտրվել ինտրիգներից եւ ամսի 6-ի առավոտյան գնալ ընտրատեղամաս ու ընտրել այնպես, ինչպես այդ պահին կհուշի ներքին ձայնը։ Առողջ դատողությունն ու տրամաբանությունը հայաստանյան քաղաքական դաշտում ոչ մի դեր չեն խաղում։