Դժբախտ պատահար

07/05/2012

Երեկ` մայիսի 3-ին, Գորիս-Երեւան ավտոճանապարհի 15-րդ կմ-ում տեղի է ունեցել ավտովթար, կան զոհեր: Դեռեւս չպարզված հանգամանքներում բախվել են «Opel Sintra» մակնիշի S 9387 համարանիշի եւ «ԿրԱԶ» մակնիշի 386 ՏՍ 54 համարանիշի ավտոմեքենաները: Պատահարի հետեւանքով «Opel Sintra»-ի վարորդը` ԼՂՀ Վերին Ճարտար գյուղի բնակիչ, 45-ամյա Ժիրայր Սարգսյանը տեղում մահացել է: Հրշեջ-փրկարարները զոհված Ժ. Սարգսյանին, ուղեւորներ` 24-ամյա Արթուր Մկրտչյանին եւ 22-ամյա Գոռ Հովհաննիսյանին դուրս են բերել ավտոմեքենայից եւ հանձնել «1-03» ծառայության աշխատակիցներին:

Մինչեւ հրշեջ-փրկարարների ժամանումը` «Opel Sintra»-ի ուղեւորներ` 23-ամյա Արման Խաչատրյանը, 23-ամյա Արթուր Ավանեսյանը, 23-ամյա Արտակ Սեդրակյանը եւ 22-ամյա Շիրակ Հարությունյանը տեղի ուժերով տեղափոխվել են Գորիսի հիվանդանոց: Ա. Խաչատրյանը հիվանդանոցում մահացել է, իսկ մյուս տուժածների առողջական վիճակը, բժիշկների գնահատմամբ, ծանր է:

Ավելի ուշ news.am-ին հաջողվել է պարզել, որ վթարի ենթարկված «Opel Sintra» մակնիշի մեքենան ԼՂՀ պաշտպանության բանակի զինծառայողների է տեղափոխելիս եղել, որը բախվել է «ԿրԱԶ-256» բեռնատարին: Վթարի ենթարկված «ԿրԱԶ»-ը պատկանել է Սիսիանի բնակիչ 46-ամյա Գագիկ Գալստյանին: ՊՆ քննչական բաժնի հասարակայնության հետ կապերի ավագ սպա Մերի Սարգսյանը կայքի թղթակցի հետ զրույցում հաստատել է, որ «Opel Sintra»-ի ուղեւորները ԼՂՀ Պաշտպանության բանակի պայմանագրային զինծառայողներ են եղել: