ՀՅԴ-ն քարոզարշավի շրջանակներում երեկ հանդիպել է գործարարների հետ: Երեւանի մսի կոմբինատի գլխավոր տնօրեն, ՀՅԴ անդամ Ռազմիկ Դարբինյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում նշել է, որ հիմնական խնդիրների շարքում ոչ միայն բարձր հարկերն ու վարկերն են, այլեւ համատարած բյուրոկրատական քաշքշուկը. «Մի թղթի համար մի տասը տեղ պիտի գնաս: «Մի պատուհանը» չի գործում»,- ասել է նա: Իր խոսքում ՀՅԴ ներկայացուցիչ Արա Նռանյանը նշել է, որ հարկավոր է ստեղծել տնտեսության այլ մոդել, որը զարկ կտա տեղական արտադրանքին ու դրա արտահանմանը: Նրա խոսքով` ՀՅԴ-ն նաեւ մտադիր է վարկավորման տեսքով խթանել տնտեսության տարբեր ոլորտները: Ըստ Ա. Նռանյանի` թյուր կարծիք է, որ իրենց նախընտրական ծրագիրը գումար ծախսելու ծրագիր է. «Բոլոր նրանց, ովքեր այսօր կասկածի տակ են դնում ՀՅԴ ծրագիրը, ըստ էության, պաշտպանում են կառավարության կողմից վարվող քաղաքականությունը եւ, ըստ էության, արդարացնում են քաղաքացիների արտագաղթը»,- ասել է նա` հավելելով, թե ՀՅԴ-ն մտադիր է արտասահմանյան ընկերությունների բերել Հայաստան: Նրա գնահատականներով, 1990-ականներից հետո իշխանությունների կողմից անբարենպաստ միջավայր ստեղծելու պատճառով Հայաստանը դրսից ներդրումներ չի ունեցել:
Ի դեպ, երեկ գործարարների հետ հանդիպման ժամանակ ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչներ Վահան Հովհաննիսյանն ու Լեւոն Մկրտչյանը հայտարարել են, որ առաջիկա ԱԺ ընտրություններին թիվ 10 ընտրատարածքում աջակցելու են մեծամասնական ընտրակարգով առաջադրված թեկնածու Գարեգին Նուշիկյանին: «Տնտեսության մեջ կա նոր կուլտուրայի առաջացման անհրաժեշտություն: Այս առումով այդ նոր մշակույթի, մաքուր մշակույթի կրողը կարող է լինել ցանկացած ոք` անկախ կուսակցական պատկանելությունից, քանի որ կան պարկեշտ տնտեսվարողներ, պարկեշտ բիզնեսմեններ բոլոր քաղաքական ճամբարներում: Օրինակ` ես այժմ որպես կուսակցության ներկայացուցիչ չեմ խոսում, որպես Բյուրոյի անդամ կամ ֆրակցիայի ղեկավար չեմ խոսում, այլ որպես Երեւան քաղաքի Կենտրոնի բնակիչ: Այնտեղ երկու տնտեսվարող իրար դեմ թեկնածություն են դրել: Նրանցից ոչ մեկն իմ կուսակցությունից չէ, այնտեղ ՀՅԴ-ն ընդհանրապես թեկնածու չունի: Բայց ես կցանկանամ, որ հաղթի Գ. Նուշիկյանը: Որովհետեւ, իմ կարծիքով, նա ավելի շատ է համապատասխանում այդ նոր կուլտուրայի մասին մեր պատկերացումներին, քան նրա մրցակիցները: Սա շատ պարզ է, եւ մենք բոլորս պետք է կարողանանք կողմնորոշվել թե՛ կուսակցությունների հարցում, որտեղ ՀՅԴ-ն միանշանակ առանձնանում է, թե՛, իհարկե, շատ ավելի բարդ խնդիր կա յուրաքանչյուր կոնկրետ ընտրատարածքում: Օրինակ` իմ դիրքորոշումը` որպես անհատի, քվեարկողի, Նուշիկյանն է»,- ասել է Վ. Հովհաննիսյանը: Լ. Մկրտչյանն էլ ասել է, թե ինքը` որպես ՀՀ շարքային ընտրող, հակված է քվեարկել համեստ, բանիմաց եւ ժամանակակից բիզնես-մտածելակերպ ունեցող գործարարի օգտին:
Հավելենք, որ երեկ Գ. Նուշիկյանին սատարելու մասին հայտարարություն է արել նաեւ «Ժառանգության» ներկայացուցիչ Ալեքսանդր Արզումանյանը: «Գարեգին Նուշիկյանը շատ սկզբունքային անձնավորություն է, ահա թե ինչու ես քվեարկելու եմ նրա օգտին: Ես բավական վաղուց եմ ճանաչում Գ. Նուշիկյանին, նա արժանի է, քանի որ 1998թ. նա անկախ ամեն ինչից հավատարիմ մնաց իր սկզբունքներին, անհաղորդ մնաց քաղաքական կոնյունկտուրայի պահանջներին եւ միշտ, մինչեւ այսօր էլ հավատարիմ է մնում իր ընկերներին, ընկերություն է անում բոլորի հետ` անկախ նրանց քաղաքական հայացքներից»,- lragir.am-ին ասել է նա: