«Ընթերցողը կարող է մասնակցել տեղեկատվական հոսքի ձևավորմանը»

07/05/2012

«Լրագրողներ հանուն ապագայի» հ/կ-ն առաջին անգամ անցկացրել է առցանց լրատվամիջոցների մշտադիտարկում՝ 2012թ. ԱԺ ընտրությունների լուսաբանման վերաբերյալ: Փետրվարի 6-ից ապրիլի 18-ն ընկած ժամանակահատվածում ուսումնասիրվել է 10 կայք՝ լուսաբանումների քանակական եւ որակական ցուցանիշների վերլուծությամբ:

– Ի՞նչ սկզբունքով են ընտրվել այդ 10 կայքերը:

– Հաշվի ենք առել բաց վիճակագրական տվյալները, կայքերի՝ նախկինում ունեցած գործունեությունը, տարածումը, ակտիվությունը սոցիալական ցանցերում, ինչպես նաեւ՝ փորձագետների կարծիքները, ովքեր մեդիա հ/կ-ների ներկայացուցիչներ են, լրագրողներ եւ օրվա ընթացքում տեղեկատվություն են ստանում նույն այդ կայքերից: Մեր ընտրած կայքերից ամենահինը www.a1plus.am-ն է, որը 2002 թվականից է սկսել իր գործունեությունը, իսկ ամենանորը՝ www.civilnet.tv-ն է, որը սեպտեմբերի 21-ից է պաշտոնապես հեռարձակվում ինտերնետում: Փաստորեն, բոլոր կայքերը բավականին հայտնի են, տարածում ունեն, եւ մեր ընտրությունը, կարծում եմ, ապահովում է այսօրվա ինտերնետային լրատվական դաշտի պատկերը:

– Ո՞ր կայքերն են առավել չեզոք կամ առավել կողմնակալ լուսաբանել քարոզարշավի ընթացքը:

– Յուրաքանչյուր կայք ունի իր դեմքը, բայց ընդհանուր վերցրած կարելի է ասել, որ ամեն օր մեծ ծավալի լրահոս է տարածվում, եւ 10.000-ից ավելի նյութեր ենք ուսումնասիրել: Հիմնական մասը չեզոքություն է ապահովում: Արագության, օպերատիվության պատճառով կայքերի հեղինակները կամ լրագրողները դիրքորոշում չեն արտահայտում, իսկ վերլուծական նյութերը շատ քիչ են, բայց յուրաքանչյուր կայքում կան նաեւ վերլուծական նյութերի վրա կենտրոնացած հեղինակներ: Հիմնականում քաղաքականությամբ առավել հետաքրքրված են 10 կայքերից 8-ը, բայց առաջատարը panorama.am-ն է՝ 17.8 տոկոսով: Բոլոր նյութերը, անկախ դրական կամ բացասական երանգավորում ունենալուց, դիտարկվել են: Կարող է լինել մեծ թվով չեզոք նյութերի հոսք, բայց մի փոքր տոկոսով բացասական երանգավորում ունեցող նյութեր, օրինակ՝ որեւէ կուսակցության դեմ: lragir.am-ում նյութերը շատ են, բայց կարճ, քիչ են վերլուծական նյութերը: 7or.am-ն ակտիվորեն լուսաբանում է «Բարգավաճ Հայաստանի», Գագիկ Ծառուկյանի, Վարդան Օսկանյանի մասին, երկրորդ նախագահին է անդրադառնում` ոչ բացասական երանգավորմամբ: Բացասական նյութեր կան իշխող կուսակցության, ՀՀ նախագահի կամ վարչապետի մասին: a1plus.am-ը գլխավորապես լուսաբանում է ՀԱԿ-ին առնչվող նյութերը, շատ են անդրադառնում ընտրակեղծիքներին, ընտրակաշառքներին, ՀԱԿ-ի բողոքներին: Կենտրոնացած են այդ ուղղությամբ: Եթե նախքան քարոզարշավը azatutyun.am կայքը օրական 2-3 նյութ էր տեղադրում, ապա քարոզարշավի ընթացքում` 5-7: Այն դեպքում, երբ մյուս կայքերը մինչեւ 30 նյութ են ունենում: Նրանք մի քանի նյութ են հրապարակում, բայց շատ հավասարակշռված, եւ կարողանում են տարբեր կողմերի ներգրավել: civilnet.tv-ն էլ է քիչ թվով նյութեր տեղադրում` հնարավորություն տալով տարբեր կողմերին արտահայտվելու, սակայն իշխանությունների մասին քննադատություն հնչում է, եւ հիմնականում՝ բողոքի համատեքստում: Իշխանություն ասելով` նկատի չունեն կոալիցիա, այլ՝ ՀՀԿ:

– Երեւանի մամուլի ակումբի մշտադիտարկումների արդյունքում հեռուստաալիքներն առավել հավասարակշռված են լուսաբանում այս քարոզարշավը: Արդյո՞ք նման միտում կա նաեւ կայքերում:

– Այս ընթացքում մենք դիտարկել ենք 40 կուսակցությունների վերաբերյալ լուսաբանումներ, բայց նախընտրական քարոզարշավին մասնակցող 9 կուսակցություններից առավել շատ անդրադարձ եղել է ՀՀԿ-ին՝ 31 տոկոսով, ՀԱԿ-ին` 17, ԲՀԿ-ին՝ 12.7: Եթե հաշվի առնենք, որ կայքերը հիմնականում լրատվական ժանրի նյութեր են տարածել, ապա առցանց լրատվամիջոցներն ակտիվ են եղել այն չափով, որ չափով ակտիվ են եղել տվյալ կուսակցությունները, կամ` կայքերը տվյալ կուսակցության միջոցառումները կարեւոր են համարել, կամ՝ ոչ: Բայց ակնհայտ տարբերություններ երեւում են:

– Որքանո՞վ է կարեւոր առցանց ԶԼՄ-ների ուսումնասիրման այս առաջին փորձը:

– Հիմնական նպատակն էր` վեր հանել այն կետերը, որոնք ինտերնետի շնորհիվ ստեղծված այս նոր լրատվական դաշտում համարվում են դեռ ոչ լիարժեք: Ուրախ կլինենք, որ զեկույցն օգտագործվի այդ 10 լրատվամիջոցների եւ այլ առցանց լրատվամիջոցների կողմից, եւ հաշվի առնեն հետագա լուսաբանումների ընթացքում: Նյութերի 80 տոկոսից ավելիում հեղինակն ընդհանրապես բացակայում է, եւ դա նվազեցնում է լրագրողների պատասխանատվության զգացումը: Ցանկալի է, որ յուրաքանչյուր նյութ ունենա առնվազն 2-3 աղբյուր, հեղինակի անունը նշվի, ինչպես ընդունված է լրագրության մեջ: Այսինքն՝ այս դաշտը դեռ նոր-նոր է ձեւավորվում, եւ մենք հույս ունենք այսպիսի մշտադիտարկումներով աջակցել մեր գործընկերներին, որպեսզի հետագայում առավել որակյալ նյութեր մատուցեն ընթերցողներին: Ընթերցողներն էլ կարողանան իրենց տեղեկատվություն մատուցողների շրջանակում տարբերել որակյալն՝ անորակից:

– Ձեր կարծիքով` ի՞նչ դերակատարում ունեն առցանց լրատվամիջոցները՝ տեղեկատվական դաշտի զարգացման հարցում:

– Մենք 2-3 տարի առաջ չունեինք նման պատկեր: Եթե նախկինում ավանդական լրատվամիջոցներն ունեին տեղեկատվություն ստանալու մի քանի տարբերակ՝ սեփական աղբյուր, ստեղծված արհեստական միջոցառումներ, արխիվային նյութեր կամ ինչ-որ զեկույցներ, ապա այսօր տվյալ դեպքում ստեղծվել է մի շղթա՝ սոցիալական ցանցեր, առցանց լրատվամիջոց, ավանդական մեդիա: Ստացվում է այնպես, որ վերջում միայն ավանդական լրատվամիջոցին է հասնում տեղեկատվությունը, որ սկսվում է սոցիալական ցանցերից կամ առցանց ԶԼՄ-ից: Դա նաեւ նոր թափ է հաղորդել տեղեկատվության հոսքին: Այս պարագայում ընթերցողն այլընտրանքային տեղեկատվություն ստանալու հնարավորություն է ստացել, եւ ինքն էլ ակտիվ կարող է մասնակցել այդ տեղեկատվական հոսքի ձեւավորմանը: Ցանկացած մարդ կարող է որեւէ կարեւոր տեղեկատվություն տեղադրել սոցիալական մեդիայում, որը հետո կտեղադրվի առցանց կայքում, դրանից հետո նորից կարող է վերադառնալ սոցիալական ցանցեր եւ այնպիսի աղմուկ բարձրացնել, որ ավանդական մեդիաները անմասն չկարողանան մնալ այն թեմաներին, որ 2-3 տարի առաջ կարող էին եւ անտեսել:

Գայանե ԼԱԼԱՅԱՆ