Եվրոպական հեռարձակողների միությունը որոշել է տուգանել Հայաստանին` այս ամսվա վերջին Բաքվում կայանալիք «Եվրատեսիլ-2012» երգի մրցույթին մասնակցությունից հրաժարվելու համար: Այդ մասին տեղեկացնում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ լրատվական գործակալությունը` վկայակոչելով Եվրոպական հեռարձակողների միության լրատվամիջոցների հետ կապերի վարչության ղեկավար Աննիկա Նիբերգ-Ֆրանկենհաուզերին: Ըստ նրա` Եվրոպական հեռարձակողների միությունը Հայաստանին պարտավորեցնում է մուծել եւ՛ մրցույթի մասնակցավճարը, եւ՛ տուգանք` այդ վճարի 50 տոկոսի չափով: Թե որքան է կազմում գումարը` չի հրապարակվում:
Բացի այդ, Ֆրանկենհաուզերն ասել է, որ Հայաստանի հանրային հեռուստաընկերությունը պետք է ուղիղ եթերում առանց ընդմիջումների ցուցադրի մրցույթի եզրափակիչ փուլը, հակառակ դեպքում` Հայաստանը կարող է զրկվել հաջորդ տարվա «Եվրատեսիլին» մասնակցելու իրավունքից: Պարզաբանելով Եվրոպական հեռարձակողների միության վճիռը` Աննիկա Նիբերգ-Ֆրանկենհաուզերը վկայակոչել է կանոնակարգը, ըստ որի` մրցույթին մասնակցելու ցանկություն հայտնած երկիրը որոշակի ժամկետից հետո չի կարող փոխել իր որոշումը, մինչդեռ Հայաստանը «Եվրատեսիլին» մասնակցությունից իր հրաժարվելու մասին հայտարարել է, երբ բոլոր ժամկետներն արդեն սպառված էին: