Հիշատակի խոսք

07/05/2012

Երջանկահիշատակ Վալտեր Լիպարիտի Արամյանը ծնվել է 1940թ. Երեւանում, մանկավարժի ընտանիքում: Միջնակարգ կրթություն ստանալուց հետո իր աշխատանքային գործունեությունն սկսել է Հակոբ Մեղապարտի անվան տպարանում, որտեղից էլ 1960թ. գործուղվել է Մոսկվայի հրատարակչության ինստիտուտում սովորելու:

Ինստիտուտն ավարտելուց հետո իր աշխատանքային ողջ գործունեության ընթացքում մեծ ներդրում է ունեցել Հայաստանի Հանրապետության գրահրատարակչական արտադրության զարգացման, արտադրական պրոցեսների ավտոմատացման, ժամանակակից նորագույն տեխնոլոգիաների ներդրման, արտադրության տնտեսական եւ տեխնիկական արդյունավետության բարձրացման ուղղությամբ: Արամյանը ոչ միայն մեծ ներդրում է ունեցել հրատարակչության արտադրության ինժեներական մտքի զարգացման գործում, այլ հմտորեն ղեկավարելով Երեւանի տարբեր տպարաններ (1-ին, 6-րդ), դրսեւորել է նաեւ տնտեսական հմուտ ղեկավարի բարձր որակներ, կայուն եւ պատասխանատու աշխատանքային կոլեկտիվների ստեղծման ունակություն, որի շնորհիվ նրա ղեկավարած հիմնարկները անընդմեջ ապահովելով տնտեսական առաջընթացի բարձր ցուցանիշներ, բազմիցս արժանացել են ինչպես հանրապետական, այնպես էլ միութենական փոխանցիկ դրոշների:

Հայաստանում հրատարակչական արտադրության զարգացման գործում ունեցած մեծ ծառայությունների համար 1978թ. «ՀՍՍՀ մինիստրների խորհրդի հրատարակչության պետական կոմիտեի» կոլեգիայի որոշմամբ Արամյանը արժանացել է «Կուլտուրայի վաստակավոր գործչի» պատվավոր կոչմանը, իսկ 1979թ. Արամյանին շնորհվել է «Հայաստանի Հանրապետության վաստակավոր ինժեների» կոչում:

Վալտեր Արամյանը արտադրության ղեկավարի բազմազբաղ աշխատանքն ակտիվորեն զուգակցել է հանրապետության հասարակական-քաղաքական ակտիվ աշխատանքի հետ: Նա մայրաքաղաքի Սպանդարյանի կուսշրջկոմի եւ շրջխորհրդի գործկոմի անդամ էր, դեպուտատ, կուլտուրայի աշխատողների արհմիության հանրապետական կոմիտեի պլենումի անդամ, եւ այսպես շարունակ:

Նրա հմուտ ղեկավարի, արտադրության լավագույն կազմակերպչի եւ ինժեներական նորարարության հատկությունները գնահատվեցին հանրապետության ղեկավարության կողմից, եւ 1981-ից մինչեւ 1991թ. զբաղեցրեց «Հայաստանի հրատարակչության պետական կոմիտեի» նախագահի տեղակալի պաշտոնը` իր փորձն ու գիտելիքները ծառայեցնելով նշված համակարգի զարգացմանը ավելի լայն շրջանակներում:

Արամյանը ոչ միայն հմուտ ղեկավար էր, այլ նաեւ սրտացավ, ականջալուր եւ հարահաս ընկեր ու բարեկամ իր աշխատանքային ընկերների, ենթակա աշխատողների եւ իր լայն շրջապատի նկատմամբ ընդհանրապես:

Մարդկային այդ բարձր ու ազնիվ հատկանիշները նրան չլքեցին իր ողջ պաշտոնավարության ընթացքում:

1991-ից նա իր աշխատանքային գործունեությունը շարունակեց Մոսկվայում` չկտրվելով իր հայրենիքից հոգեպես եւ ֆիզիկապես: Հայաստանի համար այն ծանրագույն տարիներին նա ապրեց հայրենիքի ցավով ու հոգսերով եւ ուժերի ներածին չափ մասնակցեց անկախ Հայաստանի տնտեսական, սոցիալական եւ պաշտպանական խնդիրների գործընթացներին:

Նա մինչեւ իր երկրային լուսավոր կյանքի ավարտը մնաց իր հայրենիքի հավատարիմ եւ նվիրյալ զավակը:

Փառք եւ խոնարհում նրա պայծառ ու խնկելի հիշատակին: