Բազմաշնորհ սրոհունդը
Հնում սրոհունդը համարվել է մոգական բույս։ Բույսի փոքր փունջ են դրել երեխայի բարձի տակ, քանի որ համարվել է, թե խոտը պաշտպանում է վախից եւ անուշ քուն պարգեւում։
Լատիներեն անվանումը` Fuga daemonum, կրում է չարքերը վանող իմաստը։
Տերեւները նստադիր են` 0,7-3 սմ երկարությամբ, 0,3-1,5 սմ լայնությամբ հակադիր զույգերով տեղակայված։ Ունեն բազմաթիվ կետային գեղձեր, որոնք թափանցիկ են լույսի համար, ինչպես եւ ամբողջ տերեւը, պարունակում են եթերային յուղ։ Տերեւի նման կառուցվածքով է բնորոշվում սրոհունդ անվանումը` Hypericum perforatum։ Ծաղկատերեւիկները եւ թերթիկները եզերված են սեւ գեղձիկներով, որոնք պարունակում են արնագույն յուղ։ Հնում աղջիկները ոլորել են բույսի ցողունը, եթե այն կարմրում է, ուրեմն իրենց սերը փոխադարձ է։
Բազմամյա բույս է, արմատը` հորիզոնական ճյուղավորված, ցողունը` ուղղաձիգ, 30-100 սմ բարձրությամբ։ Ծաղկաբույլերը հուրանաձեւ են, ծաղիկի բաժակաթերթերը հինգն են, առէջները` բազմաթիվ, ծալված երեք փնջերով, ունեն շատ գեղեցիկ դեղնաոսկեգույն երանգ։ Ծաղկում է մայիս ամսին։
Պտուղը ձվաձեւ եռաբուն տուփիկ է, սերմերը մանր են, գլանաձեւ, գորշագույն։ Բույսը մեղրատու է, ծաղկափոշու մատակարար։
Աճում է բաց արեւոտ վայրերում, խոտածածկ լանջերին, թփուտներում, անտառներում, գրեթե ամենուր։ Տարածված է ողջ Եվրոպայում, հաճախ է մշակվում որպես զարդաբույս։
Սրոհունդազգիների ընտանիքն ընդգրկում է 300 տեսակ։ Հայերեն անվանումը` սրոհունդ, շատ ճիշտ է բնորոշում բույսի մեջ պարունակվող ներկանյութերի հատկությունը։ Դրանք զգայուն են լույսի նկատմամբ, եւ, եթե կենդանին արածում է արեւոտ եղանակին, ապա դնչի, կոպերի, ականջների հատվածում նկատվում է այտուցում, առաջանում քոր, հետագայում` ճաքեր եւ թարախային խոցեր։ Ազդեցությունը հատկապես ուժեղ է բաց բրդե ծածկույթով ոչխարների վրա։ Ամպամած եղանակին նման ազդեցություն չկա։
Սրոհունդն օգտագործվում է գինու եւ լիկյորի արտադրության մեջ` որպես համեմունք։ Ստանում են դեղին, կանաչ, կարմիր գույների կայուն ներկեր։
Հնագույն ժամանակներից կիրառվել է ժողովրդական բժշկության մեջ։
Ծաղկման շրջանում (մինչեւ պտղի հասունացումը) հավաքեք ցողունի վերին մասը տերեւի եւ ծաղիկների հետ (15-30 սմ)։ Վաղ ամռանը հավաքելու դեպքում` բույսը կրկին ծաղկում է օգոստոս-սեպտեմբեր ամիսներին։
Չորացրեք օդափոխվող ծածկի տակ կամ ջեռոցում 40 C (ոչ ավելի բարձր), որից հետո առանձնացրեք ծաղիկները եւ տերեւները։ Պահպանման ժամկետը 3 տարի է։
Պարունակում է 10-13 տոկոս դաբաղանյութ, ներկանյութեր, որոնցից կարեւորագույնը հիպերիցինն է, վիտամիններ C, PP, կարոտին, եթերային յուղեր, բուսախեժ, ֆենոլային միացություններ, ֆլավոններ (հիպերոզիդ ռուտին, կվերցետին, կվերցիտրին), ֆլյուորեսցենտ (լուսածորող) նյութեր, անտոցիաններ, սապոնիններ, սպիրտ, քոլին, ալկալոիդներ։
Ունի հակամանրէ, կապող, հակաբորբոքային, վերքամոքիչ, արյունարգել, լեղամուղ, հանգստացնող եւ առույգացնող հատկություններ։
Գիտական բժշկության մեջ բույսի պատրաստուկները նշանակում են աղեստամոքսային համակարգի լեղաքարային հիվանդությունների դեպքում, տրոֆիկ խոցերի բուժման համար կատարում են ողողումներ եւ դնում թրջոցներ։
Արտադրում են հակամանրէ հատկություն ունեցող «Նովոիմանին» եւ հոդերի, մկանների ցավերը մեղմող «Կապսիցին» դեղամիջոցները։
Ժողովրդական բժշկության մեջ դեղաբույսերի կիրառման ոլորտը շատ ավելի լայն է` լյարդի եւ երիկամների հիվանդություններ, մրսածություն, գիշերամիզություն, թոքախտ, թութք, գլխացավ, նյարդային հիվանդություններ, կլոր որդեր եւ այլն։
Ապացուցված է, որ սրոհունդը ազդեցիկ հակադեպրեսանտ է, «Նեգրուստին» դեղամիջոցը կիրառվում է որոշ հոգեկան հիվանդությունների բուժման նպատակով։ Սակայն կա նաեւ կարծիք, թե սրոհունդը երկարաձգում է անեստետիկ (նարկոզ) դեղերի ազդեցության ժամկետը եւ անհամատեղելի է հակադեպրեսանտների հետ։
Լեղապարկի բորբոքում, լուծ. Մեկ ճ/գ հումքը 15 րոպե թրմեք 200 մլ եռջրում։ Քամեք։ Խմեք 50-ական մլ, օրը 3 անգամ` նախքան սնվելը։
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ։ Եռջրում թրմված սրոհունդի խոտն ունի` կապող, իսկ սառը ջրում թրմվածը (1-2 ժամ)` մանրէասպան հատկություն։
Էնուրեզ (գիշերամիզություն). Խառնեք ծաղիկը եւ տերեւը (1։3)։ 10 գ հումքը 3 ժամ թրմեք 250 մլ եռջրում տաք տեղում։ Կարգավորում է միզարձակությունը։ Գիշերամիզության դեպքում խմեք 100-200 մլ` քնելուց առաջ։
Հոգեկան խանգարումներ. 2 թ/գ հումքը թրմեք 200 մլ եռջրում։ Հովանալուց հետո քամեք։ Խմեք 200-
400 մլ` առավոտյան եւ երեկոյան։
Աղեստամոքսային հիվանդություններ. Նախորդ թուրմը խմեք 70-ական մլ, օրը 3 անգամ։
Հաճախ կրկնվող լուծ. Խառնեք սրոհունդի եւ երիցուկի ծաղիկները (1։1), 1 ճ/գ-ն 30 րոպե թրմեք 200 մլ եռջրում։ Խմեք օրվա ընթացքում` սնվելուց առաջ (մասերով)։
Արգանդի միոմա. Մանրացրեք, խառնեք չորացրած անմեռուկի, առյուծագու եւ սրոհունդի խոտերը, մասուրի պտուղը (առանց սերմ), երիցուկի եւ վաղենակի ծաղիկները, բեկտենու (Frangula) կեղեւը (3։3։2։2։1։1։1)։ Հումքի 1 ճ/գ-ն 8-10 ժամ թրմեք 500 մլ եռջրով ջերմապահում (հարմար է գիշերը)։ Քամեք։ Խմեք 100-ական մլ, օրը 3 անգամ` սնվելուց 30 րոպե առաջ։ Մնացորդը խմեք քնելուց առաջ։ Շարունակեք 1 ամիս, որից հետո, մեկական շաբաթ ընդմիջումներով, կատարեք եւս 2 անգամ
Սրոհունդի յուղ. Խառնեք սրոհունդի թարմ խոտը (կամ միայն ծաղիկները), սպիտակ գինի, արեւածաղկի յուղ (կամ վուշի) հետեւյալ քաշային հարաբերությամբ 1։2։2։ Թրմեք 3 օր, դրեք թույլ կրակի վրա, եփեք, մինչեւ գինին ամբողջովին գոլորշիանա (մոտ 2-3 ժամ)։ Կրկին թրմեք մութ տեղում 15-20 օր։ Քամեք, մզեք հումքը, զտեք թանզիֆով։
– Խմեք 1 ճ/գ առավոտյան` մինչեւ սնվելը, ստամոքսի խոցի դեպքում։ Շարունակեք 30-60 օր։
– Օգտագործեք թրջոցի ձեւով այրվածքի, վերքի, տրոֆիկ խոցերի բուժման համար։
Կամ`
– 15-20 օր թրմեք հումքը բուսայուղի մեջ (1։10), պարբերաբար թափահարեք տարան։ Նախատեսված է արտաքին օգտագործման համար։
Ոգեթուրմ- Չորացրած խոտը 15 օր թրմեք օղու մեջ (1։10)։
– Խմեք 30-ական կաթիլ (50 մլ ջրով), օրը 3 անգամ` գլխացավի, աղեստամոքսային համակարգի եւ լեղաքարային հիվանդությունների, թութքի, ռեւմատիզմի, ցիստիտի դեպքում։
– Խառնեք գոլ ջրի հետ (1թ/գ։200 մլ), կատարեք ողողումներ։ Նվազեցնում է բերանի տհաճ հոտը, ամրացնում լնդերը։
Քսուք արտաքին օգտագործման համար. Մեկ մաս ոգեթուրմը խառնեք 4 մաս հալեցրած կարագի հետ։
Կապտուկներ. Պատրաստեք թունդ եփուկ (40 գ, 200 մլ եռջուր, եփեք 10 րոպե)։ Հովացրեք, քնելուց առաջ դրեք թրջոց ցավոտ մասին։ Օգտակար է նաեւ վիտիլիգոյին, այդ դեպքում տնից դուրս չգաք։
Կնճիռները հարթեցնող. Մաքրեք դեմքը սրոհունդի յուղով։
Հիշեք, որ սրոհունդի պատրաստուկները բարձրացնում են մաշկի զգայունությունը արեւի ազդեցության հանդեպ։
Լոսյոն. Խառնեք երիցուկի ծաղիկը, սրոհունդի խոտը (1։4), 1 ճ/գ հումքը 15 րոպե եփեք ջրային բաղնիքի վրա։ Թրմեք մինչեւ գոլանալը, քամեք։ Ավելացրեք 40 մլ օղի եւ 15 մլ բժշկական գլիցերին։ Պահեք սառնարանում։
ԶԳՈՒՇԱՑՈՒՄ։ Սրոհունդը հակացուցված է հիպերտոնիկներին։ Հիպոտոնիայի, ինչպես նաեւ այլ հիվանդությունների բուժումը կատարեք միայն բժշկի հսկողությամբ։