Այսօր տեղի են ունենալու ՀԱԿ-ի եւ ԲՀԿ-ի հանրահավաքները: ԲՀԿ-ի հանրահավաքը նախատեսված է ժամը 17։00-ին` Մատենադարանի հարակից հրապարակում, ՀԱԿ-ինը` ժամը 19։00-ին` Ազատության հրապարակում: Արդեն խոսակցություններ են շրջանառվում, որ այս քաղաքական ուժերը միտումնավոր են հանրահավաքները հրավիրել 2 ժամվա տարբերությամբ, այն հաշվով, որ ԲՀԿ-ի հանրահավաքների ավարտին սկսվելու է ՀԱԿ-ինը, եւ մարդիկ Մատենադարանից կիջնեն Ազատության հրապարակ: Թերեւս, նույն տրամաբանությամբ են առաջնորդվել նաեւ ՀՀԿ-ն ու ՕԵԿ-ը, որոնց հանրահավաքները տեղի են ունենալու քարոզչության վերջին օրը` մայիսի 4-ին: ՕԵԿ-ի հանրահավաքը սկսվելու է ժամը 16։00-ին` Ազատության հրապարակում, ՀՀԿ-ինը` 18։00-ին` Հանրապետության հրապարակում: