ՀՀ Ոստիկանության ԿՀԴՊ Գլխավոր վարչության աշխատակիցների ձեռնարկած օպերատիվ հետախուզական միջոցառումների արդյունքում խարդախություն կատարելու կասկածանքով օրեր առաջ ՀՀ ոստիկանության 6-րդ գլխավոր վարչություն բերման է ենթարկվել Երեւանի բնակիչ 1980թ. ծնված «Վ. Վ. Սաիտ» ՍՊԸ տնօրեն Վարդան Վարդանյանը: Վերջինս զբաղվել է բնակարանների, անշարժ գույքի առք ու վաճառքով: Քննչական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ նա մի լիբանանահայից խաբեությամբ վերցրել է 7000 ԱՄՆ դոլար` վերջինիս համար բնակարան ձեռք բերելու նպատակով, իսկ Ավան թաղամասի մի բնակչից` Քանաքեռում գտնվող նրա տունը վաճառելու պատրվակով, վերցրել է 1500 ԱՄՆ դոլար, գործարքը չի կատարել, իսկ գումարը յուրացրել է: Վ. Վարդանյանը նույն եղանակով տիրացել է նաեւ Քանաքեռ, Նոր Արեշ, Կոնդ թաղամասերի մի քանի բնակիչների գումարներին, համապատասխանաբար` 2000, 3500, 4000, 10.000 ԱՄՆ դոլար եւ 80.000 դրամ: Ընդհանուր առմամբ, Վ. Վարդանյանը վերը նշված քաղաքացիներից խաբեությամբ յուրացրել է 50.000 ԱՄՆ դոլար: Սակայն ենթադրվում է, որ Վ. Վարդանյանից տուժածների թիվն այսքանով չի սահմանափակվում: Նախաքննության շահերից ելնելով` տուժող քաղաքացիների տվյալները չենք հրապարակում: Վ. Վարդանյանը ձերբակալված է, հարուցվել է քրեական գործ, քննությունը վարում է ՀՀ Ոստիկանության Քննչական գլխավոր վարչությունը: