Առանց «Կիկոսի մահի»

04/05/2012

ԲՀԿ պատգամավոր, ներքին քարոզչության պատասխանատու Նաիրա Զոհրաբյանը երեկ tert.am-ի հետ զրույցում վերահաստատել է ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի քարոզչությունից առաջ արած հայտարարությունը, թե ԲՀԿ-ն ԱԺ ընտրություններից հետո ունենալու է 50+1 քվե: «Քարոզարշավի ընթացքը կրկին վերահաստատում է այն համոզմունքը, որ ամենամեծ վստահությունն ունի ԲՀԿ-ն»,- ասել է Ն. Զոհրաբյանը: Նա համոզված է, որ ազատ եւ արդար ընտրությունների դեպքում ԲՀԿ-ն կստանա առավելագույն քվե: «Ես հույս ունեմ, որ բոլոր քաղաքական ուժերը պատասխանատու կլինեն իրենց հայտարարություններում` ազատ եւ արդար ընտրություններ անցկացնելու, իսկ ազատ եւ արդար ընտրությունների արդյունքում, ես վստահաբար պնդում եմ, որ ձայների առավելագույն քվեն ստանալու է ԲՀԿ-ն»,- նշել է Ն. Զոհրաբյանը: Հարցին, թե` հակառակ պարագայում ԲՀԿ-ն դուրս կգա՞ փողոց` վիճարկելու արդյունքները, Նաիրա Զոհրաբյանը պատասխանել է. «Եկեք «Կիկոսի մահը» եթե-ներով չտեղափոխենք քաղաքականություն: Եթե մեզ որեւէ արդյունք չբավարարի, եւ եթե մենք տեսնենք որեւէ ընտրակեղծիք, որեւէ մեկը թող չկասկածի, որ ԲՀԿ-ն այդ ամենի մասին բարձրաձայնելու է թե՛ այստեղ, թե՛ միջազգային հարթակներում»: