ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանը երեկ Չարենցավանում ընտրողների հետ հանդիպման ժամանակ քաղաքական բոլոր ուժերին կոչ է արել միասին պայքարել, միասին աշխատել եւ միասին հաստատել արդարություն յուրաքանչյուրի համար: «Ինձ համար բոլորն էլ մերոնք են»,- ասել է Ս. Սարգսյանը:
«Արցախյան ազատամարտի ժամանակ մենք երեւանցի ու գորիսեցի, հրազդանցի ու վանաձորցի, գավառցի ու գյումրեցի չէինք հարցնում: Բոլորս մի բռունցք էինք, որի նպատակն էր` կոտրել հակառակորդի ողնաշարը: Եվ մենք դա արեցինք:
Այսօր էլ մենք կռիվ ունենք տալու: Այդ կռիվը բարդ է, քանի որ այն խրամատի դիմացը դիրքավորված թշնամու դեմ չէ: Մենք պետք է վեր հանենք մեր բոլոր թերությունները եւ կռիվ տանք դրանց դեմ: Այսինքն` ինքներս մեր սեփական թերությունների դեմ պիտի պայքարենք»,- Չարենցավանում հայտարարել է Սերժ Սարգսյանը` հավելելով, թե նախորդ տարիների իր գործունեության ժամանակ ինքը երբեք որեւէ խտրականություն չի դրել ու միշտ բոլորի հետ համագործակցելու պատրաստակամություն է հայտնել: «Ինձ համար բոլորն էլ մերոնք են: Հիմա էլ բոլորին ասում եմ` եկե՛ք միասին պայքարենք, եկե՛ք միասին աշխատենք:
Սեփական սխալը վեր հանելը եւ ուղղելը հեշտ բան չէ: Մարդը հեշտությամբ է մատնանշում ուրիշի թերությունը, բայց սեփականը կա՛մ չի տեսնում, կա՛մ էլ չի ուզում տեսնել:
Վստահ եմ` սեփական սխալը վեր հանելն ու շտկելը ուժեղին, իսկապես ուժեղին վայել գործ է: Այս բոլոր տարիներին իմ ղեկավարությամբ ՀՀԿ-ն աշխատել ու ծառայել է մեր ժողովրդին: Եվ երբ սխալվել ենք, երբեք չենք ամաչել ճանաչել այդ սխալը: Այժմ էլ բոլորին ասում ենք` եկեք միասին հաստատենք արդարություն յուրաքանչյուրի համար: Ոստիկանը, դատախազը, իրավապահ մարմնի ներկայացուցիչը ՀՀԿ-ի ենթական չեն: Նրանք բոլորը Հայաստանի ժողովրդին ծառայողներն են: Ուսադիրն ու զենքը ծառայում են ժողովրդին, եւ ոչ թե ինչ-որ նեղ շրջանակի շահերին: Եկե՛ք միասին ամրապնդենք այդ մարմինների անկախությունը ու կարողությունները, որպեսզի նրանք պաշտպան լինեն բոլորիս: Եկե՛ք միասին սահմանենք աչալուրջ վերահսկողություն այդ մարմինների նկատմամբ` մեր ամբողջ քաղաքացիական հասարակությամբ: Վերջիվերջո, իշխանություն ունեցող կուսակցությունները գալու են եւ գնալու են, իսկ այդ մարմինները պիտի լինեն մեր անդորրը պահպանող հաստատությունները: Այդ կառույցները պետք է երբեք կախված չլինեն կուսակցությունների քմահաճույքից»,- հայտարարել է Ս. Սարգսյանը:
Իսկ Աբովյանում ընտրողների հետ հանդիպման ժամանակ Ս. Սարգսյանը խոսել է մարդու պաշտպանվածության մասին` ասելով, թե մարդը պիտի լինի պաշտպանված եւ ապահով թե՛ տանը, թե՛ փողոցում, թե՛ աշխատավայրում, պաշտպանված եւ՛ ֆիզիկապես, եւ՛ իրավական առումներով: «Մենք դա անում ենք հետեւողականորեն: Նաեւ կատարելագործում ենք առկա մեխանիզմները: Ե՛վ ոստիկանությունում, եւ՛ դատաիրավական համակարգերում մենք նախաձեռնել եւ իրականացնում ենք լրջագույն փոփոխություններ, որոնք ուղղված են հենց մարդու ապահովությանն ու պաշտպանվածությանը: Օրինապահ քաղաքացին մեծագույն հարստություն է յուրաքանչյուր պետության համար, եւ մենք ամեն ինչ անելու ենք, որ այդպիսի քաղաքացին խաղաղ եւ հանգիստ լինի եւ իրեն զգա երկրի տերը»,- ասել է Ս. Սարգսյանը` հավելելով, թե անհատը չի կարող պաշտպանված լինել, եթե որեւէ պետական պաշտոնյա նրանից կաշառք է ակնկալում: Խոսելով ազգի անվտանգության մասին` Սերժ Սարգսյանն ասել է, որ այս խնդիրը մեր պետության, Արցախի եւ ողջ հայության առջեւ նորովի ծառացել է Հայաստանի անկախացումից ի վեր: «Անցած ժամկետում հսկայական գործ է արվել, ինչի արդյունքում ապահովվել է հավասարակշռություն հավանական հակառակորդի նկատմամբ: Կտրուկ հզորացվել է պետության պաշտպանական ներուժը: Այդ մասին երկար կարելի է խոսել, բայց ես կարճ ասեմ. մենք շարունակում ենք խաղաղություն պարտադրել: Սա է ամենամեծ եւ գլխավոր արդյունքը: Այս արդյունքը մենք պահպանելու եւ ամրապնդելու ենք: Զգոնություն ու զգաստություն, այդ հատկությունների թուլացում չի լինելու ոչ մի վայրկյան»,- ասել է Ս. Սարգսյանը: