Երեկ Ազատության հրապարակում տեղի ունեցավ ՀՅԴ նախընտրական քարոզարշավի եզրափակիչ հանրահավաքը:
ՀՅԴ համամասնական ցուցակը գլխավորող Վահան Հովհաննիսյանն իր ելույթում նախ ամփոփեց կուսակցության նախընտրական քարոզարշավի արդյունքները` ասելով. «ՀՅԴ քարոզչական խմբերը, այցելելով Հայաստանի գրեթե բոլոր բնակավայրերը, մարզերը, քաղաքներն ու գյուղերը, կարողացան հասնել հիմնական նպատակի. սկզբից զգուշավոր, վախվորած, անվստահությամբ, սեփական ուժերին դեռեւս ամբողջությամբ հույս չունենալով, մեր ժողովրդի աչքերի մեջ սկսեց կամաց-կամաց լույս բացվել: Ամեն նոր հանդիպում ավելի ոգեւորիչ էր թե՛ մեզ համար, թե՛ հանդիպման մասնակիցների»: Նրա խոսքով` մարդիկ լրջագույն հարցեր էին դնում իրենց առջեւ, որոնց պատասխաններն իրենք գտան վերջին մեկ ամսվա ընթացքում, ինչն ավելի հարստացրեց իրենց ներկայացրած ծրագիրը: «Մայիսի 7-ին մենք ասելու ենք ոչ միայն նույնը, ինչ որ ասելու ենք, ոչ միայն կատարելու ենք այն, ինչ որ խոստացել ենք, բայց անդրադառնալու ենք նաեւ նոր խնդիրների, որոնք ձեր օգնությամբ կարողացանք տեսնել, ճանաչել, ախտորոշել եւ որոշել, թե ինչպես ենք լուծելու: Եվ այդ մարզերի հանդիպումները մեզ համոզեցին, որ մեր ժողովուրդը կոտրված չէ, հիասթափված չէ, որ այդ հուսալքությունը հնարավոր է հաղթահարել Դաշնակցության ուժերով»,- ընդգծեց Վ. Հովհաննիսյանը` շեշտելով, որ քարոզարշավին ինքը տեսավ, թե մարզերի դժվար կյանքով ապրող ժողովուրդն ինչպես ոտքի կանգնեց: Նրա խոսքով` իրենք ունեն տեղեկատվություն, որ տարբեր կուսակցությունների, մասնավորապես կոալիցիոն ուժերի կողմից մեծամասնական ընտրակարգով առաջադրված որոշ պատգամավորության թեկնածուներ հայտարարում են, թե իրենք փողը բաժանել են, եւ քանի որ չեն վստահելու այդ գումարը վերցրած մարդկանց, պահանջելու են բաց քվեարկություն: «Բացատրում եմ` երեւանցի լինեք կամ մարզից: Բաց քվեարկողը քրեական հանցագործություն է իրականացնում եւ պատասխանատու է լինելու օրենքի առջեւ: Իսկ նա, ով պահանջում է նրանից, նույնպես քրեական հանցագործություն է կատարում եւ նույնպես պատասխանելու է օրենքի առջեւ: Մի՛ խաբվեք, նրանք ոչ մի բան չեն կարող Ձեզ անել,- ասաց Վ. Հովհաննիսյանը, շարունակելով,- Երկրորդ ինֆորմացիան, որ ստացել ենք: Հատկապես, օրինակ, Մասիսում` երկու քայլ Երեւանից: Լկտիությանը նայեք: «Փարոսի» որոշ աշխատողներ, ովքեր, հասկանալի է, վերադասների ճնշման տակ իրենց կուսակցապետերի կամ առաջնորդների դրդմամբ մտնում են ՀՀ ամենաանպաշտպան տարրի տները` նպաստառուների, «Փարոս», նպաստ ստացող մարդկանց տներն ու ասում են` «Իշխանությանը ձայն չտաս, «Փարոսից» կկտրենք: Նախ սուտ է, չեն կարող կտրել, օրենքը դա թույլ չի տա, երկրորդը` եթե նրանք փորձեն մի բան անել, էդ մենք կկտրենք նրանց ականջները»: Իսկ ՀՅԴ խորհրդարանական խմբակցության անդամ Արծվիկ Մինասյանն էլ նշեց, որ նախընտրական քարոզարշավի ողջ ընթացքում ՀՅԴ ներկայացրած ծրագիրը մրցակից չուներ: Նա անդրադարձավ այդ ծրագրի սոցիալական եւ տնտեսական արդարության մոտեցումներին, որոնք, ըստ նրա, անվիճարկելի են: «Երկրում հուսալի սոցիալ-տնտեսական համակարգի ձեւավորումը նշանակում է բնակչության բոլոր շերտերի համար ստեղծել ապրելու եւ զարգանալու լիարժեք պայմաններ: Ծրագրի կենտրոնում մարդու արժանապատվությունն ու հայոց պետականությունն են, որոնք մեզ համար բարձրագույն արժեք են»,- ընդգծեց Ա. Մինասյանը` նշելով, որ սոցիալ-տնտեսական հիմնական նպատակներ են համարվում չքավորության վերացումը, միջին խավի ձեւավորումը, սեփականության իրավունքի պաշտպանությունը, արդար եւ մրցակցային կարգերի հաստատումը, անաչառ դատական համակարգի ձեւավորումը, արտագաղթի կասեցումը, բնակչության վստահության վերականգնումը երկրի ապագայի եւ հանրային իշխանության նկատմամբ: «Յուրաքանչյուր աշխատունակ մարդ կունենա աշխատանքի հնարավորություն: Աղքատության շեմն, առկա 33.500 դրամի փոխարեն, կճանաչենք կենսապահովման նվազագույն բյուջեի մեծությունը, որը ներկա հաշվարկներով` 63.000 դրամ է: Կընդունենք աշխատավարձերի սահմանման միասնական ռազմավարություն, ինչը կապահովի աշխատանքի արտադրողականության աճ եւ միջին աշխատավարձերի տարբերակում»,- ասաց Ա. Մինասյանը` թվարկելով նախընտրական ծրագրի մի շարք կետեր: «Այս ընտրարշավի ժամանակ մեր շատ ընկերների ելույթները լսելով` շատերը, շատ հակառակորդներ սկսեցին խոսել, թե` ինչի՞ առաջ չէիք քննադատում: Այն տպավորությունն է, որ կամ հիշողությունն է կորել, կամ այդ օրերին ուշադիր չեն եղել: Բայց, ախր, բոլորը հիշում են, որ այդ քննադատությունը տարիներ շարունակ նրանք լսել են, եւ շատ անգամ նեղացել»,- Ա. Մինասյանի ելույթից հետո ասաց Գեղամ Մանուկյանը: Իսկ ՀՅԴ Գերագույն մարմնի անդամ Արմեն Ռուստամյանը եւս մեկ անգամ հայտարարեց, որ ՀՅԴ-ն բանավեճի էր հրավիրել բոլոր քաղաքական ուժերին, ինչը, սակայն, տեղի չունեցավ: «Այսօր բոլոր կողմերից գլխավոր հիմնական թեման, գլխավոր բանալի հարցը, որ կանգնած է կուսակցության, քաղաքական ուժերի առաջ, որը քարոզչության մեխն են դարձրել` փոփոխություններն են: Բոլորը խոսում են փոփոխությունների անհրաժեշտությունից, անգամ իշխանությունները, ընդդիմության տարբեր հատվածներ, որովհետեւ շատ լավ գիտեն, որ այն վիճակը, որ այսօր Հայաստանում կա, անընդունելի է մեր ժողովրդի համար, եւ եթե ուզում են քարոզչություն անել, չեն կարող ասել, որ ամեն ինչ լավ է, կամ մի քիչ էլ սպասեք, լավ կլինի: Բոլորին հայտնի է, որ ժողովուրդը զզվել է էս վիճակից, որ ժողովուրդը այլեւս չի կարող մնալ այս վիճակում: Բոլորն իրենց լոզունգն են դարձրել` փոխենք մեր երկիրը, փոխենք մեր կյանքը»,- ասաց Ա. Ռուստամյանը: Ըստ նրա` մարզեր կատարած իրենց այցելությունները վկայում են, որ վիճակը չփոխվելու դեպքում երկիրը կդատարկվի: «Մեր մրցակիցների մի մասը, որ ընտրապայքարի մեջ են, ասում են` եկեք միասին փոխենք, հավատացեք, որ կփոխենք, բայց ասում են` մի կպեք նախագահին, մի կպեք նախագահի աթոռին, դա պիտի մնա` նախագահն էլ պիտի մնա, նախագահի աթոռն էլ պիտի մնա: Ի՞նչ փոփոխություն պիտի ակնկալի ժողովուրդը դրանից: Այդ պարագայում ո՞նց կարող է ինչ-որ բան փոխվել: Եթե փոխող էին, թող փոխեին: Եթե մարդիկ կան, ովքեր հավատում են, որ պիտի մնա նախագահը, պիտի մնա այս համակարգը, պիտի մնա նախագահի աթոռը, թող ձայնը գնան-տան այդ ուժին, բայց ես վստահ եմ, որ այդ մարդիկ արագ հիասթափվելու են, փոփոխություն չեն տեսնելու, եթե մի բան փոխվելու է, ապա փոխվելու է դեպի ավելի վատ, առավելագույնը մնալու է այն, ինչ կա»,- նշեց Ա. Ռուստամյանը: