«ՌԻԱ Նովոստին»` վկայակոչելով ՆԳ Մոսկվայի վարչության մամուլի ծառայությանը, գրում է, որ ապրիլի 30-ին Մոսկվայի հարավում Ոստիկանության աշխատակիցները ձերբակալել են մի տղամարդու, ով գազային ատրճանակից կրակել էր Հայաստանի քաղաքացու վրա: Դեպքը տեղի է ունեցել «Էլեկտրոլիտնի» անցումում, որտեղ ասֆալտապատման աշխատանքներ են տարվել: Ըստ կայքի` աշխատանքային բրիգադին մոտեցել է ալկոհոլի ազդեցության տակ գտնվող մի տղամարդ եւ հարձակվել շինարարներից մեկի վրա: Նշվում է, որ նա մի քանի անգամ կրակել է ՀՀ քաղաքացու վրա, ապա վիրավորել դանակով: Ոստիկաններին հաջողվել է ձերբակալել հարձակվողին: «Բանվորը տեղափոխվել է հիվանդանոց հրազենային եւ կտրած վերքերով»,- կայքի թղթակցի հետ զրույցում պատմել է ականատեսներից մեկը: