Տնտեսական շաբաթը տարօրինակորեն հագեցած էր: Եվ իրադարձություններով, եւ տեղեկատվությամբ: Ամենակարեւոր իրադարձությունը ցավալիորեն սպասված էր: ԱՄՆ իշխանությունները վաղուց էին հայտարարել, որ դադարեցնելու են «Հազարամյակի մարտահրավերներ հիմնադրամի» հայաստանյան գրասենյակի ֆինանսավորումը: Խոստացել ու դադարեցրել էին: 2006թ. գործող հիմնադրամը միջպետական համաձայնագրով 235 մլն դոլարի ծրագրեր պիտի իրականացներ: Բայց իրականացրեց միայն 177 մլն դոլարի չափով: Ու հիմա մեր կառավարությունը ստիպված հայտարարեց այդ գրասենյակի լուծարման մասին: Համայնքային ավտոճանապարհների նորոգման խնդիրը մնաց մեր բազմաչարչար պետբյուջեի հույսին: Սա քիչ էր, ետեւից հայտարարվեց, թե այս տարի Հայաստան ժամանող զբոսաշրջիկների թիվը նախորդ տարվա համեմատ նվազել է: Պաշտոնական պատճառը ձգձգված ձմեռն է: Բա հո չէի՞ն ասելու, թե օտարերկրացիները խուսափում են նախընտրական շրջանում այցելել մի երկիր, ուր վերջին ընտրությունները մարտի 1-ով են ավարտվել: Տնտեսական հաջորդ իրարամերժ տեղեկատվության հեղինակը հայրենի վիճակագրական ծառայությունն է: Մի տեղեկատվությամբ բոլորիս աչքալուսանք տվեցին, թե մեր հայրենիքում գնանկում է արձանագրվել: Երկար-բարակ ու տրամաբանական բացատրություն տվեցին, որ գարնան գալու հետ` նվազել են բանջարեղենի ու կանաչու գները: Բայց մյուս տեղեկատվությունը ճիշտ հակառակ բան էր ասում: Պարզվում է, նվազագույն սպառողական զամբյուղը սկսել է թանկանալ: Բայց դե Հայաստանում, նվազագույն թե սպառողական թե պարենային զամբյուղների հաշվարկի մետաֆիզիկական մեթոդներից ոչ ոք գլուխ չի հանում: Նույնիսկ հեղինակ վիճակագիրները: Այնպես որ, այս լուրը հասարակական ուշադրության չի արժանանա: Պաշտոնապես տարփողվող տնտեսական աճի, գնանկման ու նման երեւույթների հախից եկավ մի մաքսային (հետեւաբար՝ պաշտոնական) տեղեկատվություն: Նախորդ տարվա համեմատ պակասել է ներմուծվող ավտոմեքենաների քանակը՝ մոտ ինը տոկոսով: Ավելին՝ ընկնում է նաեւ ներմուծվող ավտոմեքենաների որակը: Դրանց 55 տոկոսը 5 հազար դոլարից ցածր գին ունեցող մեքենաներ են: Նախորդ տարի ներմուծված մեքենաների միջին գինը 7,3 հազար դոլար էր: Այս տարի՝ 6,3 հազար: Այս ու նախորդ բոլոր թվերը, մարքսիզմի բառապաշարով ասած, անտագոնիստական (անհամատեղելի) են այն հայտարարագրերի հետ, որ լրացրել են պատգամավորության մեր թեկնածուները: Դրանք մեկը մեկից տարօրինակ են: Դրանք առանձին-առանձին ու միասին վերցրած` ապացուցում են, որ մեր տնտեսությունը հաշվառվող չէ: Որ իրենց «քաղաքական գործիչ» համարող մեր գործարարները հարկ մուծելու հետ գլուխ չունեն: Ու դա հասկանալի է հաշվետարի կրթություն ունեցող ցանկացած մեկին: Ով, իհարկե, կհամեմատի մեր բյուջեի հարկային մուտքերն ու մեր գործարար-պատգամավորության թեկնածուների հայտարարագրերի հետ: Օրենքը պարտադրում է ԱԺ պատգամավորության թեկնածուներին գույքի ու եկամուտների հայտարարագիր հրապարակել: Ինչ-որ բան այս ընտրություններում իսկապես փոխվել է: Որովհետեւ թեկնածուները ահագին գույք ու եկամուտ են հայտարարագրում: Դրա շնորհիվ ահագին հետաքրքիր փաստեր բացահայտվեցին: Օրինակ, որ ՀՀԿ անդամ, գործադիր իշխանությունում բարձր պաշտոն (վարչապետ, նախարար եւ այլն) ունեցողներն իրենց խնայողությունները բանկում պահում են 50-50 սկզբունքով: Այսինքն` կեսը` տարբեր տարադրամներով, կեսը՝ վերջին տարիներին արժեզրկվող ազգային դրամով: Սույնով ապացուցելով, որ իրենք ազգային (եթե իրենց լսես՝ նաեւ պետական) մտածողություն ունեցող այրեր են: Այս տրամաբանությանը հակասում է ՀՀ նախագահի վերահսկողական ծառայության պետ Հովհաննես Հովսեփյանի հայտարարագիրը: Այս պաշտոնյան իր խնայողությունը 1:9 հարաբերությամբ է պահում՝ 300 հազար դոլարի չափ գումարը` ազգային դրամով, իսկ 2 մլն 270 հազար դոլար գումարը՝ ապազգային ԱՄՆ դոլարով: Բոլորովին այլ պատկեր է կոալիցիոն կուսակցությունների անդամ գործարարների ունեցվածքի հայտարարագրերում: Պաշտոնական վիճակագրության համաձայն` Սիսիանը մոտ 17 հազար բնակչություն ունեցող քաղաք է: Փոքրիկ, աշխատատեղեր չունեցող աղքատիկ քաղաք: Բայց ահա հանրապետական գործարար-պատգամավոր Հերմինե Նաղդալյանն իր հայտարարագրում գրել է, որ անցած տարի իրեն պատկանող «Սիսիանի ԲՈՒՍՏ» ՍՊԸ-ից ստացել է 422 մլն 119 հազար դրամ: Այսինքն, մոտ 1 մլն 80 հազար ամերիկյան դոլարին համարժեք գումար: Իհարկե, չի կարելի պնդել, թե Սիսիանի ողջ բնակչությունն անցած տարի այդքան եկամուտ չի ունեցել: Սիսիանի ողջ բնակչությունը՝ միասին վերցրած: Բայց ընդունեք, որ 17 հազար բնակչի եկամուտը համարյա համադրելի է մեկ հոգու ստացածին: Հանրահայտ գործարար Գագիկ Ծառուկյանն էլ հայտարարագրեց, որ 2011-ին, եթե չեմ սխալվում, մոտ 140 մլն դոլար եկամուտ է ունեցել: Հիմա ասեք, ի՞նչ պատկերացում կկազմի մեր տնտեսության ստվերային ու հարկվող հատվածները համեմատող հաշվետարը: Անցած տարի ճիշտ ու ճիշտ այդ կարծիքին եկան ԱՄՆ իշխանությունները: Եկան ու հայտարարեցին, որ դադարեցնում են «Հազարամյակի մարտահրավերներ հիմնադրամ-Հայաստան» գրասենյակի ֆինանսավորումը: Ինչպես ասվում է հանրահայտ գովազդում` «Սպասեք ավելիին»: