Համամասնական ընտրակարգով առաջադրված ինը քաղաքական ուժերը ներկայացնող ԱԺ պատգամավորի թեկնածու կանայք` ընդգրկված համամասնական ցուցակների առաջին եւ վերջին տեղերում, հայտարարում են, որ երկրի հասարակական-քաղաքական կյանքում կանանց ներգրավվածությունը բավարար չէ, եւ իրենք գալիս են այդ բացը լրացնելու: Օրենսդրական նախաձեռնությունները, որոնցով նրանք պատրաստվում են հանդես գալ երկրի օրենսդիր բարձրագույն մարմնում, վերաբերում են սոցիալական, կրթական, առողջապահական, տնտեսական, իրավական ոլորտներին: Քաղաքական տարբեր ուժերի կանանց ցանկություններն ու նպատակները մեկն են` օրենքի գերակայություն տիրի երկրում, ձեւավորվի քաղաքացիական հասարակություն, քաղաքացիներն էլ լինեն պահանջատեր:
Նաիրա Զոհրաբյան, ԲՀԿ
Մասնագիտությամբ լրագրող 47-ամյա Նաիրա Զոհրաբյանը «Բարգավաճ Հայաստան» կուսակցության համամասնական ընտրացուցակի վեցերորդ համարն է: 2012 թվականի խորհրդարանական ընտրություններին մասնակցությունը պայմանավորում է բազմաթիվ անելիքներով ոչ միայն օրենսդրական դաշտում, այլեւ միջազգային ասպարեզում:
Լիանա Ստեփանյան, ԲՀԿ
«Մի-Պրոդակշն» պրոդյուսերական ընկերության տնօրեն, 34-ամյա Լիանա Ստեփանյանը «Բարգավաճ Հայաստան» կուսակցության համամասնական ցուցակի 165-րդ հորիզոնականում է. «Խորհրդարանում լինելով` լսելի կդարձնեմ անապահով ընտանիքների, հաշմանդամների, ծնողազուրկ երեխաների, միայնակ ծերերի խնդիրները` հետամուտ լինելով դրանց լուծմանը»:
Կարինե Հարությունյան, ՀՅԴ
44-ամյա Կարինե Հարությունյանը աշխատում է ՀՀ կրթության եւ գիտության նախարարության կրթության ազգային ինստիտուտում, որպես հասարակագետ: ՀՅԴ համամասնական ցուցակի վեցերորդ համարն է: Խորհրդարանում պայքարելու է քաղաքացիական հասարակության ձեւավորման համար: Ամեն ինչ անելու է, որ հայ քաղաքացու գիտակցության մակարդակը բարձրանա, ու նա լինի պահանջատեր իր երկրում:
Սուսաննա Պողոսյան, ՀՅԴ
Մասնագիտությամբ տնտեսագետ 37-ամյա Սուսաննա Պողոսյանը ՀՅԴ անդամ է 1993 թվականից, աշխատում է ՀՅԴ Գերագույն մարմնում, որպես գործավար: Կուսակցության համամասնական ցուցակի 84-րդ տեղում է: ԱԺ-ում փորձելու է նպաստել սոցիալական օրենսդրության բարելավմանը, այդ թվում` անչափահասներին, թոշակառուներին, ծնողազուրկ երեխաներին եւ միայնակ ծերերին վերաբերող օրենսդրությունում եւ պետական քաղաքականությունում փոփոխություններ անելով:
Հրանուշ Հակոբյան, ՀՀԿ
Սփյուռքի նախարարությունը ղեկավարող 58-ամյա Հրանուշ Հակոբյանը ՀԽՍՀ Գերագույն խորհրդի պատգամավոր է եղել դեռեւս 1986-1990թթ.-ին: Հայաստանի անկախացումից հետո եղել է 1990-1995թթ.` ՀՀ ԳԽ եւ 1995-1996թթ.` ԱԺ պատգամավոր: Կուսակցության համամասնական ցուցակի վեցերորդ համարն է: 22 տարի լինելով ԱԺ-ում` նա մշակել է 150 օրենքի նախագծեր: Վեց անգամ մեծամասնական ընտրակարգով հաղթել է 5-6 տղամարդու, ինչն էլ համարում է աշխատանքին նվիրվելու, պատասխանատվության, արդարամտության ու ազնվության արդյունք: Կարծում է, որ համամասնական ցուցակով անցնելուց հետո, կտեղափոխվի գործադիր մարմին:
Արփինե Հովհաննիսյան, ՀՀԿ
28-ամյա Արփինե Հովհաննիսյանը աշխատում է ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի ամբիոնում, համամասնական ցուցակի 141-րդ համարն է: Որպես իրավաբան` կարծում է, որ խորհրդարանում կփորձի հանդես գալ դատաիրավական բարեփոխումներով հիմնական ոլորտները կարգավորող ակտերում:
Լյուդմիլա Սարգսյան, ՀԱԿ
Մասնագիտությամբ ինժեներ Լյուդմիլա Սարգսյանը 2004 թվականից ՍԴՀԿ ատենապետուհին է, կուսակցության համամասնական ցուցակում վեցերորդ համարն է: ԱԺ մտնելն ինքնանպատակ չի համարում եւ ասում է, որ լուրջ անելիքներ կան սոցիալ-տնտեսական ոլորտում` զբաղվածության եւ առողջապահության: Կարեւորում է թոշակառուների եւ հաշմանդամների հիմնախնդիրների բարձրաձայնումը:
Ջեմմա Կարագյոզյան, ՀԱԿ
Մասնագիտությամբ դերասանուհի 74-ամյա Ջեմմա Կարագյոզյանը քաղաքականությունում է 2007 թվականից, համամասնական ցուցակում 115-րդն է: ԱԺ-ում ամեն ինչ անելու է, որ օրենքը գործի բոլորի համար`ներկայացնելով օրենքի կիրառման հստակ մեխանիզմներ:
Հեղինե Բիշարյան, ՕԵԿ
Մասնագիտությամբ մանկավարժ 51-ամյա Հեղինե Բիշարյանը, համալրել է կուսակցության շարքերը 2003թ., կուսակցության համամասնական ցուցակում` 2-րդն է: Ասում է` իր աշխատանքը գնահատվեց, եւ ինքը լինելով սովորական ուսուցչուհի` մտավ մեծ քաղաքականություն ու ճանաչվեց: Առաջադրվել է նաեւ մեծամասնական ընտրակարգով Շենգավիթ համայնքում: Կարծում է, որ այս համայնքը լուրջ խնդիրներ ունի`հողերի սեփականության, բնակարանաշինության, փողոցների լուսավորության հետ կապված, որոնց մասին էլ կբարձրաձայնի խորհրդարանում:
Մարինե Քոչարյան, ՕԵԿ
48-ամյա Մարինե Քոչարյանը 186 հիմնական դպրոցի տնօրենն է: Քաղաքականությունում է 2007 թվականից: Համամասնական ցուցակի 31-րդ համարն է: ԱԺ-ում կփորձի ստեղծել կրթության, գիտության, մշակույթի, առողջապահության եւ այլ բնագավառներում նշանակալի հաջողությունների հասած կանանց քաղաքական նոր ինստիտուտ, որը կբարձրաձայնի սոցիալական բոլոր շերտերի խնդիրները:
Զարուհի Փոստանջյան, «Ժառանգություն»
Մասնագիտությամբ իրավաբան 39-ամյա Զարուհի Փոստանջյանը քաղաքականություն է մտել 2007թ.` դառնալով ԱԺ պատգամավոր «Ժառանգություն» կուսակցության համամասնական ցուցակով: Համամասնական ցուցակի 3-րդ համարն է, առաջադրված է նաեւ մեծամասնական ընտրակարգով թիվ 4 ընտրատարածքում: Անցած 5 տարիները համարում է շատ կարճ ժամանակահատված աշխատանքի համար եւ պատրաստվում է այն շարունակել հատկապես իրավական ոլորտում:
Ոսկեհատ Իսահակյան, «Ժառանգություն»
26-ամյա Ոսկեհատ Իսահակյանը մսնագիտությամբ կենսաֆիզիկ է: Աշխատում է ԱԺ-ում, որպես փորձագետ, համամասնական ցուցակում 70-րդ-ն է: Որպես կենսաբան` նրան հուզում են բնապահպանական խնդիրները եւ ԱԺ-ում պատրաստվում է հանդես գալ բնապահպանական եւ բնօգտագործման աղտոտվածությունը կանխող օրենքի նախագծով:
Դոնարա Նալբանդյան, ՀԿԿ
Մասնագիտությամբ տնտեսագետ Դոնարա Նալբանդյանը 65 տարեկան է: Կոմկուսի շարքերը համալրել է 1980թ.:
Համամասնական ցուցակի 6-րդ համարն է: Օրենսդիր մարմնում կանանց ներգրավվածությունը անհրաժեշտություն է համարում: Խորհրդարանում հանդես է գալու օրենսդրական նախաձեռնություններով, որոնք կզարգացնեն փոքր եւ միջին գործարարությունը:
Հայկանուշ Բալայան, ՀԿԿ
48-ամյա Հայկանուշ Բալայանը աշխատում է «ՀայՌուսգազարդում»` որպես հսկիչ: Կոմկուսի շարքերում է 1995 թվականից, համամասնական ցուցակում 66-րդն է: Կանանց սակավաթիվ լինելը օրենսդիր մարմնում ամենամեծ խնդիրն է համարում: Խորհրդարանում հանդես կգա կանանց խորհրդի ստեղծմամբ, որը կզբաղվի սոցիալական տարբեր շերտերի պաշտպանությամբ: Ըստ նրա` եթե ԱԺ-ի 1/3-ը լինեին կանայք, երկիրն ավելի լավ վիճակում կլիներ:
Գայանե Անդրեասյան, «Միավորված Հայեր» Մասնագիտությամբ իրավաբան 47-ամյա Գայանե Անդրեասյանը համամասնական ցուցակի 3-րդ համարն է: Նրա կարծիքով` երկրում գործում է ուժի օրենքը, ընտրվելու դեպքում պայքարելու է, որ գործի օրենքի ուժը` հանդես գալով դատաիրավական փոփոխությունների օրենսդրական նախաձեռնություններով:
Անահիտ Հովհաննիսյան, «Միավորված Հայեր»
35-ամյա տնտեսագետ Անահիտ Հովհաննիսյանը «Միավորված Հայեր» կուսակցության անդամ է 2005 թվականից: Կուսակցության համամասնական ցուցակի 28-րդ համարն է: Ընտրվելու դեպքում փորձելու է օրենքը ծառայեցնել մարդկանց շահերին: Փորձելու է ներկայացնել փոքր եւ միջին բիզնեսը խթանող օրենսդրական նախաձեռնություններ, որպեսզի կրճատվի մենաշնորհը երկրում:
Իրինա Գասպարյան, ՀԴԿ
45-ամյա Իրինա Գասպարյանը աշխատում է ԵՊՃՀ մեխանիկայի մեքենագիտության ամբիոնում: Համամասնական ցուցակում 5-րդ համարն է: Պատգամավոր ընտրվելու դեպքում բարձրացնելու է պետական կառավարման համակարգին, կրթական ոլորտին, ազգային փոքրամասնությունների իրավունքներին վերաբերող հարցեր:
Անահիտ Գրիգորյան, ՀԴԿ
Մասնագիտությամբ լրագրող 59-ամյա Անահիտ Գրիգորյանը անկուսակցական է, ՀԴԿ-ի համակիրներից է, համամասնական ցուցակում 30-րդ-ն է: ԱԺ-ում հանդես է գալու սոցիալական ոլորտը կարգավորող նախաձեռնությամբ, ներկայացնելով մասնավորապես աղքատության չափերը կրճատող մեխանիզմներ, ինչպես նաեւ ծրագրեր, որոնք կնպաստեն` երիտասարդ ընտանիքներին բնակարաններով ապահովել:
Ինա ՄԽԻԹԱՐՅԱՆ
Ազատ ֆոտոթղթակից