Կանանց աջակցմանն ուղղված քաղաքական կուսակցությունների նախընտրական ծրագրերը հիմնականում ընտանիքին եւ մայրությանն օժանդակելու միտում ունեն:
Կանանց շահերի պաշտպանությամբ զբաղվող կառույցների ներկայացուցիչներ կարծում են, որ դրանք ընդամենը նախընտրական խոստումներ են եւ չեն նպաստում կանանց հիմնախնդիրների լուծմանը:
Հայ Հեղափոխական Դաշնակցություն կուսակցությունն առաջարկում է առաջին երեխայի համար մինչեւ 7 տարի ամսական վճարել 20.000 դրամ նպաստ: Երկրորդ երեխայի դեպքում` 25.000 դրամ, երրորդ երեխայի համար` 40.000 դրամ, չորրորդ երեխայի համար` 60.000 դրամ, իսկ հինգերորդ երեխայի ծնունդի դեպքում` բնակարան: Կուսակցության նախընտրական ծրագրով նախատեսվում է նաեւ մինչեւ 2 տարեկան երեխա խնամող չաշխատող կանանց համար այդ ժամանակահատվածը համարել աշխատանքային ընդհանուր ստաժ:
ՀՅԴ-ն իր նախընտրական ծրագրում շեշտը դրել է կնոջ զբաղվածության խնդրի վրա: ՀՅԴ-ական ԱԺ պատգամավոր Ռուզան Առաքելյանն ասում է, որ կանանց համար աշխատատեղեր են ապահովելու մանր եւ միջին բիզնեսի զարգացման արդյունքում` արտոնյալ վարկերի միջոցով:
«Օրինաց Երկիր» կուսակցության նախընտրական ծրագրով նախատեսվում է առաջին երեխայի ծննդյան միանվագ նպաստի չափը դարձնել 100.000 դրամ, երկրորդ երեխայի ծննդյան դեպքում` 200.000 դրամ, երրորդ երեխայի համար` 500.000 դրամ, չորրորդ երեխայի համար` 600.000 դրամ, հինգերորդ երեխայի համար` 1մլն դրամ:
Ընտանիքում առաջին, երկրորդ, երրորդ, չորրորդ, հինգերորդ եւ հաջորդ յուրաքանչյուր երեխայի ծնվելու դեպքում` համապատասխանաբար աճող միանվագ դրամական նպաստի կամ այլ օժանդակության տրամադրում, ծնելիությունը խթանող այլ ծրագրեր է նախատեսում նաեւ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախընտրական ծրագիրը:
Հայաստանի հանրապետական կուսակցությունը խոստանում է շարունակել երրորդ եւ յուրաքանչյուր հաջորդ երեխայի ծննդին պետական աջակցության ծրագրերի ծավալների ավելացումը:
Ի տարբերություն բոլոր կուսակցությունների, «Ժառանգություն» կուսակցությունը շարժվում է բոլորի համար հավասար հնարավորությունների սկզբունքով: «Մեր կուսակցությունը կանանց խնդիրներն առանձին չի դիտարկում. հասարակության մեջ էապես ապահովված է լինելու սոցիալական արդարությունը»,- ասում է Ստյոպա Սաֆարյանը:
Հայ ազգային կոնգրեսի սոցիալ-տնտեսական ծրագրում առաջարկվում է 30-50 տոկոսով ավելացնել մայրերի վճարովի արձակուրդի տեւողությունը, իսկ երեխաների ծնունդի միանվագ նպաստը սահմանել 0,5 մլն դրամ` չհաշված գնաճը: Երրորդ երեխայից սկսած` մայրերին առաջարկվում է վճարել` 1 մլն, իսկ 5-րդից սկսած` 1,5 մլն դրամ:
Կանանց միջազգային ասոցիացիայի հայաստանյան ներկայացուցչության ղեկավար Գայանե Ամբարդարյանը, դրական գնահատելով կանանց վերաբերյալ նախընտրական ծրագրերում տեղ գտած դրույթները, դրանց իրագործումը քիչ հավանական է համարում: Կոնկրետ հրամաններով պետք է ապացուցեն, որ կանանց տեղեր են հատկացնելու ղեկավար մարմիններում: Երբ կինը ղեկավար լինի, շատ հարցեր ավելի լավ կլուծվեն մեր երկրում, քանի որ կանայք ավելի քիչ «ախորժակ» ունեն, քան` տղամարդիկ»:
Մեզ հետ զրուցած կանանցից շատերը կուսակցությունների նախընտրական ծրագրերին թերահավատորեն էին վերաբերվում:
«Լինում է, չի լինում… Դրանք բոլորը հեքիաթներ են: Ես չեմ հավատում որեւէ կուսակցության,- ասում է 22-ամյա մանկավարժ Լիլիթը (անունը փոխված է),- Իմ մասնագիտությամբ աշխատանք չեմ կարողանում գտնել. մաղարիչ են ուզում»:
Երեւանի փողոցներն ավլող 59-ամյա Գոհար Սարգսյանը (անունը փոխված է) աշխատում է առանց հանգստյան օրերի` ամսական վարձատրվելով 40.000 դրամ: Ասում է, որ չի հավատում քաղաքական ուժերի կողմից առաջարկվող ծրագրերին: «Չեմ հավատում ընտրություններին, իրենք մենակ սարեր են խոստանում: Սաղ օրը ավլում եմ: Սնունդ չկա, պարտքով-մարտքով ապրում եմ: Ոտքիս օպերացիայի համար 600 դոլար գումար ա պետք: Էդ ո՞նց պետք ա անեմ, եթե մի յուբկեն ինչ ա` չեմ կարում առնեմ»,- ասում է նա:
Նույն կարծիքին է նաեւ շրջիկ վաճառող 50-ամյա Անահիտը (անունը փոխված է), ով առանց հանգստյան օրերի օրական 10 ժամ աշխատելով` ամսական ստանում է առավելագույնը 60.000 դրամ աշխատավարձ: «Էդ գումարով հազիվ կոմունալ վարձերն ենք վճարում: Առողջական խնդիրներ ունեմ, բայց որտեղի՞ց ֆինանս գտնեմ, որ գնամ-վիրահատվեմ: Ես էդ բոլոր ծրագրերին չեմ հավատում: Դրանք լոկ խոստումներ են»,- ասում է Անահիտը:
Մասնագետներն ասում են, որ կուսակցությունները հստակ օրակարգ չունեն` հանրապետությունում գենդերային իրավահավասարությունն ապահովելու հարցում: Նա թերահավատորեն է վերաբերվում կուսակցությունների առաջարկած սոցիալական ծրագրերին: «Տեսնելով շատ սոցիալական ծրագրերի կրճատում` դժվարանում եմ հավատալ, որ կիրագործվեն կուսակցությունների այդ խոստումները: Սակայն, քանի որ դրանք ներկայացվում են, մենք (կանանց շահերի պաշտպանները) կհետեւենք դրանց իրագործմանն ու անընդհատ կհիշեցնենք կուսակցություններին այդ խոստումների մասին, մանավանդ` առջեւում նախագահական ընտրություններն են»,- ասում է «Կանանց ռեսուրսային կենտրոնի» տնօրեն Լարա Ահարոնյանը:
Այդուհանդերձ, կանանց հիմնախնդիրներով զբաղվող շատ կառույցների ներկայացուցիչներ կարծում են, որ կուսակցությունների նախընտրական ծրագրերում բացթողումները շատ են:
Համալսարանական կրթությամբ կանանց ասոցիացիայի փոխնախագահ Լիլիթ Զաքարյանի կարծիքով` առաջարկվող ծրագրերում կանանց խնդիրներն արտացոլում գտնում են միայն ընտանիքի կոնտեքստում, ինչը բավարար պայման չէ` լիարժեք ժողովրդավարական պետություն ունենալու համար: «Կինը միայն ընտանիքը չէ: Կինն ուզում է կրթություն եւ աշխատանք: Այս առումով, կարծում եմ, քաղաքական կուսակցությունների ծրագրերում բաց է մնում կանանց ներուժի զարգացմանը, քաղաքականությունում նրանց առաջմղմանն ուղղված մասը»,- ասում է Զաքարյանը:
Լուսինե ԱՎԱԳՅԱՆ
Ազատ լրագրող