Մեծամասնական ընտրակարգով առաջադրված կանայք կոտրում են «Մեկ է՝ ռեք անցնելու» միֆը

04/05/2012

Հինգերորդ գումարման խորհրդարանում կանայք զբաղեցնելու են պատգամավորական տեղերի առնվազն 20 տոկոսը: Երկրի օրենսդիր մարմնում հայտնվելու համար Երեւանում եւ մարզերում կանայք ներգրավված են ոչ միայն կուսակցությունների համամասնական ցուցակներում: Նրանցից 11-ը պայքարում են մեծամասնական ընտրակարգով: Հինգ տարի առաջ խորհրդարանական ընտրություններին մեծամասնական ընտրակարգով տարբեր կուսակցություններից մասնակցում էին 5 կին թեկնածուներ, սակայն նրանցից ոչ ոք չընտրվեց:

Մեծամասնական ընտրակարգում խոչընդոտները շատ են, քաղաքական պայքարն էլ հաճախ ուղեկցվում է բռնություններով ու ճնշումներով: Շատերը մեծամասնական թեկնածուների մեջ սովոր են տեսնել նյութապես հարուստ, հայտնի «օլիգարխների», որոնց քաղաքական պայքարի գործիքներն են փողը եւ ուժը: Սակայն այս պայքարում ընդգրկված կանայք փոխում են այդ կարծրատիպերը: Նրանք իրենց մրցակցային առավելությունն են համարում հենց կին լինելը եւ հայտարարում, որ անկախ ընտրությունների արդյունքներից` շարունակելու են պայքարել, որովհետեւ քաղաքականության համար գալիս են նոր ժամանակներ:

Մեծամասնականով առաջադրված կանանցից չորսը ներկայացնում են` Արարատի, Լոռու, Տավուշի եւ Սյունիքի մարզերը, յոթը` Երեւանը: Ինքնառաջադրված կանանցից շատերը, որոնց թիկունքում չկան կուսակցություններ, խոստովանում են` որ իրենց մեջ գտել են ուժ ու համարձակություն` քաղաքական պայքարի մեջ մտնելու համար: «Իմ ինքնառաջադրմամբ արդեն հաղթել եմ ու կոտրել տարիներ շարունակ ստեղծված այն միֆը` որ մեկ է, դնեք էլ` չեք անցնելու: Հաղթել եմ եւ ցույց տվել, որ սատանան այդքան էլ վախենալու չէ»,- ասում է Սյունիքի մարզը ներկայացնող, թիվ 38 ընտրատարածքում մեծամասնական ընտրակարգով ինքնառաջադրված` Երեւանի Գյուղատնտեսական համալսարանի Կապանի ուսումնական կենտրոնի տնօրեն Նարինե Մովսիսյանը, ով պայքարում է երեք տղամարդ թեկնածուների դեմ:

Երեւանի թիվ 12 ընտրատարածքում առաջադրված «Չորրորդ ինքնիշխանություն» թերթի լրագրող Գոհար Վեզիրյանը նշում է, որ ԱԺ-ի մանդատն իր համար լինելու է այն հարթակը, որտեղ շարունակելու է իր հրապարակային գործունեությունը, բայց արդեն` երկրի թիվ մեկ ամբիոնից: Նրա մրցակիցներից չորսը տղամարդ են, մեկը` կին: Ասում է, որ այս պայքարի մեջ մտնելու համար միանշանակ պետք է համարձակ լինել, իսկ տղամարդ մրցակիցների առկայությունն իր համար խնդիրներ չի ստեղծում:

«Քաղաքական գործընթացներում ես երբեք չեմ կարեւորել մարդու սեռը: Իմ հակառակորդը մեկն է, որի հետ ես պետք է մրցեմ իմ գաղափարներով, սկզբունքներով ու գործերով»,- ասում է Վեզիրյանը:

Թիվ 4 ընտրատարածքում ինքնառաջադրված թեկնածուներից «168 Ժամ» թերթի խմբագիր Սաթիկ Սեյրանյանն ասում է, որ իրեն չեն ահաբեկել կամ ճնշումների ենթարկել, պայքարելու է մինչեւ վերջ յուրաքանչյուր ընտրողի ձայնի համար:

«Այս ընտրություններով ամեն ինչ չի վերջանում: Մանդատն ինձ համար ինքնանպատակ չէ: «168 ժամը» ունի բոլոր կուսակցությունների անդամներից ավելի շատ ու հավատարիմ ընթերցողներ: Ես իմ գործունեությունը շարունակելու եմ ու վեր եմ բարձրացնելու խնդիրները»,- ասում է թերթի 37-ամյա խմբագիրը: Ինքնառաջադրված կանայք իրենց կին լինելու հանգամանքը քաղաքական պայքարում առավելություն են համարում: Սեյրանյանը նշում է, որ եթե իր փոխարեն տղամարդ լիներ, գուցե եւ հեշտությամբ հաշվեհարդար տեսնեին, իր դեպքում չեն համարձակվում: Նա բանավեճի առաջարկ է արել իշխանական թեկնածուին` Հանրապետական կուսակցության անդամ Արտակ Սարգսյանին, ով չի արձագանքել Սեյրանյանի առաջարկին:

Նարինե Մովսիսյանն ասում է, որ իրեն ուղղակի ձեւով չեն վախեցրել, սակայն իրենք չեն կարողանում քարոզարշավը ինչպես հարկն է իրականացնել: «Գյուղապետերը վախենում են մեզ գյուղերում ընդունել: Մարդիկ վախենում են բացահայտ փողոցում կանգնել ու խոսել հետներս: Մեր քարոզչությունը նման է պարտիզանական շարժման: Իմ համախոհներով փորձում ենք վախի մթնոլորտը կոտրել: Իհարկե, բոլորը չեն կարող հերոս լինել, եւ բացի այդ` մարդիկ չեն ցանկանում աշխատանքից զրկվել: Իսկ Կապանում արդեն հայտարարել են, եթե (իշխանական) թեկնածուն չանցավ` մարդիկ կզրկվեն աշխատանքից»,- ասում է Մովսիսյանը:

Նրա հիմնական մրցակիցն է ՀՀԿ անդամ, ԱԺ պատգամավոր, Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի գլխավոր տնօրենի` Մաքսիմ Հակոբյանի որդին` Վահե Հակոբյանը: 46-ամյա Մովսիսյանն ասում է, որ ընտրությունների նախաշեմին տեխնիկական պատճառներով փակվել է Կապանի «Խուստուփ» հեռուստաընկերությունը եւ կաշխատի մայիսի 9-ից հետո: «Իհարկե, դա պատահականություն չէ, ու ես, փաստորեն, զրկված եմ իմ խոսքն ընտրողին հասցնելու իրավունքից: Մայրաքաղաքում գոնե հրավիրում են ասուլիսների, հարցազրույցների, իսկ մեր ընտրողը զրկված է մյուս թեկնածուի ծրագրերը լսելուց»,- ասում է նա եւ ավելացնում, որ դադարեցրել է շփումը մի շարք ընկերների հետ, քանի որ վախենում է` նրանց նեղացնեն:

Սաթիկ Սեյրանյանը նույնպես ասում է, որ իր հարազատներին խնդրել է` իր կողքին չկանգնել, այլ հեռու մնալ: «Որպեսզի նրանց չվնասեն, այսինքն` ես դա տեսնում եմ»,- ասում է նա:

Վեզիրյանն իր նկատմամբ ճնշումների բացակայությունը բացատրում է մեկ պատճառով. «Ես վաղուց եմ անցել այդ թեստը: Լրագրողական աշխատանքի տարիներին բազմիցս ենթարկվել եմ ճնշումների ու հետապնդումների: Մարդիկ գիտեն, որ դա ինձ մոտ հակառակ էֆեկտ է առաջացնում: Միակ միջադեպը հակառակորդ թեկնածուի` Լյովա Խաչատրյանի ճամբարից է եղել, երբ պոկել էին իմ պաստառները եւ տեղը փակցրել իրենցը»:

27-ամյա լրագրողն իր անկուսակցական լինելը համարում է իր մրցակցային առավելությունը եւ ասում, որ մարդիկ հոգնել են կուսակցություններից, նրանց տրված ու չիրականացված խոստումներից, քաղաքական առեւտրից:

Սեյրանյանն էլ հանդիպումների ընթացքում համոզվել է, որ հասարակությունն այլեւս տղամարդ քաղաքական գործիչներից հիասթափվել է: «Ինձ ասում են` Ձեզ` կանանց, վստահել ենք ամենակարեւորը` ընտանիքն ու մեր երեխաներին: Իսկ ընտանիքը պետության մոդելն է, չէ՞, իմ կարծիքով` այդ մոդելի վրա է կառուցվում պետությունը»,- ասում է Սեյրանյանը:

Ինքնառաջադրվելու համար կանանց համար խնդիր է նաեւ ֆինանսական միջոցների հայթայթումը:

Նարինե Մովսիսյանը գրավ է դրել իր ընտանիքի ոսկյա զարդերը` քարոզարշավի ծախսերը հոգալու համար, նախընտրական հիմնադրամի գումարը կազմել է 270.000 դրամ:

Վեզիրյանն էլ ասում է, որ եթե չես գնում մարդկանց կաշառելու, ասֆալտ անելու, տանիք վերանորոգելու, ապա էական գումարներ հարկավոր չեն: «Գումար հարկավոր է պաստառների, բուկլետների համար… Ինձ շատ օգնում են ընկերներս` ով ինչով կարող է: Հեռուստատեսությամբ քաղաքական գովազդն է շատ թանկ, սակայն շատ արդյունավետ է: Եթե էկրանից երեւում ես, ապա հաջորդ օրը հանդիպումների ժամանակ առնվազն 5 մարդ ասում է, որ քեզ տեսել է: Գովազդային մեկ րոպեն 18.000 դրամից 130.000 դրամ է»,- ասում է նա:

«168 Ժամ» թերթի խմբագիրը հայտարարել է, որ վաճառել է իր ընտանիքին պատկանող առանձնատունը` նախընտրական ծախսերը հոգալու համար, որովհետեւ ինքը ոչ օլիգարխ է, ոչ որեւէ կուսակցության անդամ, եւ ոչ էլ այլ միջոցներ ունի: Այնուհանդերձ, չնայած քարոզչության ընթացքում գործող «չգրված օրենքներին», կանայք մարտական են տրամադրված եւ շարունակում են իրենց պայքարը:

«Այնպես է ստացվել, որ բոլոր թեկնածուները եկել-խոստումներ են տվել` երեխայիդ բանակից կազատենք, աշխատանքի կտեղավորենք, վերելակ կսարքենք, կասֆալտապատենք… Մարդկանց պատկերացումները պատգամավորի աշխատանքի դերի մասին աղճատված են: Ես օլիգարխ չեմ, որ նման բաներ անեմ, եւ եթե նույնիսկ հնարավորություն ունենայի` էլի չէի անի, քանի որ այդ գործերն իմ լիազորությունների մեջ չեն մտնում»,- ասում է Սեյրանյանը:

Գոհար Վեզիրյանն էլ նշում է, որ ժամանակն է ազատվել ԱԺ քաղաքական հնոտուց, իսկ կանանց ներկայությունը խորհրդարանի մթնոլորտը ավելի հանդուժող կդարձնի:

Գայանե ՄԿՐՏՉՅԱՆ
www.ArmeniaNow.com

Հ.Գ. Այս նյութում ներկայացվելու էին մարզերում մեծամասնական ընտրակարգով ինքնառաջադրված կանայք: Սակայն նրանցից երեքը` թիվ 32 ընտրատարածքից` (Լոռի) Վահանյան Օֆելյան, թիվ 17 ընտրատարածքից` (Արարատ) Կարինե Պողոսյանը եւ թիվ 40 ընտրատարածքից` (Տավուշ) Մարաբյան Մարինեն խուսափեցին հարցազրույցից: