Պարզ թվացող շարժանկարը ինչպես կարող է գիգանտական ազդեցություն, հոգեբանական հետք թողնել մեր ենթագիտակցության վրա, այնպես էլ` անտարբեր անցնել մեր տեսադաշտով: Հայաստանյան հասարակական կյանքն` իր բոլոր տագնապներով, պրոդուկտիվ է, մասնավորապես` կինոարվեստի համար: Մտքերը, կերպարները, գործողությունները, քաղաքային, գյուղական տարածքներում «սեղմված» մարդկային ճակատագրերը, ողբերգություններն ու աբսուրդ իրավիճակները շարան-շարան անցնում են մեր աչքի առաջ` տարածական խտության մեջ վերածվելով յուրատեսակ պերֆորմենսի: Մեր կյանքի դրվագները որքան ցավոտ ու աղմկահարույց են, այնքան էլ` իբրեւ արվեստի նյութ վերծանելիս, հարուստ բովանդակություն ունեն: Գաղտնիք չէ, որ կինոարվեստը միավորում է տարածական եւ ժամանակային արվեստների հնարավորությունները` սինթեզելով գրականության, թատերարվեստի, կերպարվեստի, երաժշտության հատկանիշները միայն իրեն հատուկ արտահայտչամիջոցների հիման վրա: Օրինակ` Էմիր Կուստուրիցայի նման էպատաժային ռեժիսորը ժապավենի միջոցով աշխարհին ներկայացրեց սերբական մշակույթը` նույնիսկ հանդգնելով քննադատել հոլիվուդյան տկարամտությունը: Մյուս կողմից էլ, համաձայն գիտական ուսումնասիրությունների` 10-րդ դարի 30-ականներին ԱՄՆ մեծ տնտեսական ճգնաժամի ժամանակ ամերիկյան քաղաքացուն դեպրեսիայից փրկել է հոլիվուդյան ռոմանտիզմը` նրան տալով հույս եւ երազելու կարողություն: Մասնավորապես պատկերի վավերական-լուսանկարչական բնույթը հզոր զենք է, որով կարելի է ազդել, կառավարել ոչ միայն սեփական ժողովրդին, այլեւ հավասարակշռության բերել հակամարտություններն ու պատերազմներ հաղթել: Պատահական չէ, որ այսօր գիտակից երկրներն իրենց գաղափարախոսությունները տարածում են կյանքի իրական փաստերի կամ գեղարվեստական կերպավորման հստակ միջոցներով վերարտադրված ժապավենի միջոցով: Մեր օրերում կինոն ընկալվում է նույնիսկ ազգային անվտանգությանն ինչպես սպառնացող, այնպես էլ` ազգային անվտանգության պաշտպանությունն ամրացնող հզոր քարոզչամեքենա:
Ռեժիսորներ Արման Երիցյանի եւ Իրինա Սահակյանի «Հայաստանի վերջին լարախաղացը» վավերագրական ֆիլմը չափազանց հուզիչ ու նուրբ ֆիլմ է: Թերեւս վերջին տարիներին նկարահանված այն հազվագյուտ ժապավեններից է, որտեղ մասնագիտությունն ու մասնագիտությունը կրող մարդը ծերանում են միեւնույն ժամանակ: Լարախաղացի մասնագիտությունն այլեւս կորցնում է հետաքրքրությունն, ու մասնագիտությամբ հեղինակություն ձեռք բերած ծերունիներն այլեւս այն կենսունակությունը չունեն: Լարախաղացի մեռնող մասնագիտության հետ զուգահեռ` փոխվում է նաեւ նրանց ինքնագնահատականը: Փոխվում է ժամանակը, որտեղ թեեւ ծերունի լարախաղացները «պետությունից» որդեգրած տղայի միջոցով փորձում են մասնագիտական իրենց իմացությունը «ռեալիզացնել», այդուհանդերձ` գիտակցում են, որ մասնագիտությունն իրենց հետ ծերացել, անտարբերության հետ է բախվել: «Հայաստանի վերջին լարախաղացը» շատ գրագետ ու ազդեցիկ ֆիլմ է, որի հիմքում մարդն է` իր աշխարհընկալումով, հասարակության ու սեփական արժեհամակարգի հակասություններով, ժամանակին դիմադրելու անհույս փորձով ու մշտապես ինչ-որ կարեւոր բան կորցնելու վախերով: Ռեժիսոր Արման Երիցյանի ֆիլմերը, կարծես, նրա էության միջով անցած լինեն: Որպես քաղաքացի` նա շատ ուշադիր է, նկատում է շուրջը կատարվող ամեն մի մանրուք, իսկ որպես ռեժիսոր` հետախույզի նման որսում է այն ամենը, ինչը կարող է արվեստի նյութ դառնալ: Ընդհանրապես լավ ռեժիսորի աշխատանքը կարծես լավ փաթեթավորված զգացմունքների պարկ լինի, որը պայթելով կարող է ոչ միայն սթափեցնել մի ողջ հասարակություն, այլեւ արժեհամակարգի վերանայման ծիլեր տալ: «Հայաստանի վերջին լարախաղացը» ֆիլմը սիրո մասին է, որտեղ սերը մասնագիտության, հանդիսականի, մանկատնից վերցրած տղայի, երկու ծերունիների միջով անցնելով` դիտողին ընդամենը հուշում է` վերանայել սիրելու կարողությունը: Ինչպես այս ֆիլմը, այնպես էլ` Ա. Երիցյանի «Բաց երկնքի տակ» ֆիլմը` «թափառելով» աշխարհի շատ երկրներում, բազում մրցանակներ են բերել, ցուցադրվել են բազմաթիվ երկրների հեռուստաալիքներով` այդպիսով ճանաչելի դարձնելով նաեւ Հայաստանը: Ա. Երիցյանը ներկայումս աշխատում է մի հետաքրքիր վավերագրական ֆիլմի վրա, որը նկարահանվել է Քենիայի Լամու կղզում: Ֆիլմի աշխատանքներն ամբողջությամբ ավարտելուց հետո ռեժիսորն արդեն հանդես կգա խաղարկային ժանրում:
– Այժմ աշխատում եմ երկու վավերագրական ֆիլմերի վրա, որոնցից մեկը` «Donkeymetry» (աշխատանքային վերնագիրն է, որը, հավանաբար, կպահպանվի) ֆիլմը նկարահանվել է Աֆրիկայում` Քենիայի Լամու կղզում: Այդ կղզում ապրում է 6000 էշ, 20.000 մարդ եւ ընդամենը 2 մեքենա: Կղզում քաղաքակրթությունը սկսվում եւ ավարտվում է էշերով: Եթե դու էշ ունես, ուրեմն` հաջողակ ես, կարող ես ընտանիք պահել, ունես օրվա ապրուստի փող եւ երջանիկ ես: Քանի որ փողոցները շատ նեղ են` տրանսպորտային միջոցը միայն էշն է, որը ծառայում է որպես թե՛ բեռնատար, թե՛ մարդատար մեքենա, եւ վառելիքի լիցքավորում չի պահանջում: Այսինքն` էշը մարդ, ավազ, շինանյութ, ամեն ինչ տեղափոխող միակ փոխադրամիջոցն է: Ընդ որում` բիզնեսմեններն ինչ-որ կառուցապատում իրականացնելիս միմիայն էշի միջոցով են շինանյութի տեղափոխումն իրականացնում: Քանի որ կղզին օվկիանոսի ափին է` ավտոմեքենայով կարող ես միայն շրջել կղզու եզերքով, իսկ կղզու միջանցիկ ճանապարհներով անհնար է: Մեքենաներից մեկը պատկանում է Անգլիայի կողմից ստեղծված էշերի համար նախատեսված հիվանդանոցի գլխավոր բժշկին, իսկ մյուսը` քաղաքապետին: Թեմատիկ առումով ֆիլմը միջազգային հետաքրքրություն ունի: Այն պատկանում է «Բարս մեդիա» ստուդիային, որի հեղինակային իրավունքը Վարդան Հովհաննիսյանինն է: «Բարս մեդիան» հայտնի է նրանով, որ նկարահանում է ֆիլմեր, որոնք հետաքրքրություն են առաջացնում ոչ միայն Հայաստանի, այլեւ Շվեդիայի, Ճապոնիայի եւ ողջ աշխարհի համար: Ֆիլմը, կարելի է ասել` դոկումենտալ տրագիկոմեդիա է, որովհետեւ 21-րդ դարում կա մի երեխա (ֆիլմի հերոսն է), որի մեծագույն երազանքը էշ ունենալն է: Կյանքից այլ սպասելիքներ չունի, ասում է` տվեք ինձ մի էշ, եւ ես երջանիկ կլինեմ: Ի դեպ, պետք է նշեմ, որ շատ հետաքրքիր մշակույթ ունեն, եւ կղզում յուրաքանչյուր տարի անցկացվում է «Սուահիլի» մշակութային փառատոնը: Ամբողջ այդ տարածաշրջանի, աֆրիկյան այլ քաղաքների բնակիչները գալիս են այդ կղզի, որտեղ իրականացնում են տարազներով, համերգային երաժշտական ծրագրեր, նավերի, լողի, էշերի մրցույթ, եւ այլն: Այլ կերպ ասած` մշակութային մեծ իրարանցում է տեղի ունենում, որից հետո կղզին նորից լռում, հանգստանում է, իսկ մարդիկ նորից սկսում են զբաղվել իրենց էշերի հոգսերով եւ անել այնպես, որ էշ ունենան, էշը չսատկի: Մենք ականատես եղանք այն տեսարանին, երբ ինչ-որ մեկի էշը սատկում էր, ու ինչպես էր տերը լաց լինում: Դա աննկարագրելի մի տեսարան էր: Շաբաթը մեկ անգամ երեխաներն էշերին տանում են ծովափնյա օվկիանոս լողացնելու, որը հիանալի տեսարան է: 14 տարեկան տղան` ֆիլմի հերոսը, որպես ամենաարագ իշավոր` էշերի մրցույթում 2-3 տարի հաղթել է, բայց սեփական էշ չունի: Կղզում ընտրում է ամենաաշխույժ էշին, տիրոջ հետ պայմանավորվում է, էշին մի քանի ամիս վերապատրաստում է, մրցույթում հաղթում է եւ դրամական մրցանակը կիսում է էշի տիրոջ հետ: Ֆիլմի հերոսն անընդհատ հաղթում է, բայց սեփական էշ չունի, շատ աղքատ է ապրում: Քանի որ Աֆրիկա է, հետեւաբար մրցանակն էլ` մի քանի հարյուր դոլար է, որով փորձում են ընդամենը մի քանի ամիս ապրել: Մի խոսքով` ֆիլմն էշերի կղզու մասին է, որտեղ հերոսը` տղան, ունի իր անձնական դրամաները: Էշի միջոցով թմրանյութերի թալան կատարելու, այսինքն` էշի փալանի մեջ թաքցնելով տեղափոխելու համար նրան բռնում են: Հետո նա փախնում է, Քենիայի Լամու կղզու ոստիկանությունը նրան արգելում է էշ քշել: Մինչդեռ, եթե նա էշ չքշի` չի կարող մասնակցել փառատոնին, ընտանիք պահել եւ ապրել: Կոպիտ ասած` զրկել են «վարորդական իրավունքից»: Ամբողջ ողբերգությունը բլոկ է, որը մեր քաղաքակրթության համար անհասկանալի է ու ֆիլմում է: Գերմանական «Geo canal»-ով հեռուստատեսային տարբերակը ցուցադրվել է, իսկ հեղինակային տարբերակի մոնտաժման աշխատանքներն արդեն ավարտին են մոտենում, եւ հուսով եմ` այն կմասնակցի «Ոսկե ծիրան» կինոփառատոնին:
– Վերադառնալով Հայաստան, որտեղ նույնպես քաղաքակրթության համար անհասկանալի երեւույթներ կան` փորձենք հասկանալ մեր կինոաշխարհի յուրահատկությունները: Մշակույթի նախարարության տեղեկատվական բազայում տեղադրված է հետեւյալ դրույթը. «Պետական աջակցություն կինոնկարների արտադրությանը» ծրագրի շրջանակներում հատկացված միջոցներով տարեկան արտադրվում է 2-3 խաղարկային, 3-4 մուլտիպլիկացիոն եւ 10-12 վավերագրական կինոնկարներ: Պարզ է, որ Դուք պետական միջոցներով ֆիլմ չեք նկարում, բայց, այնուամենայնիվ, ուզում եմ հարցնել` որտե՞ղ է պետական գումարներով նկարված արտադրանքը:
– Չգիտեմ: Ես ոչ մի ֆիլմ պետական միջոցներով դեռ չեմ նկարել: Ոչ պետությունն է ինձ օգնում, ոչ էլ ես եմ պետությանը խանգարում: Իմ նախորդ` «Բաց երկնքի տակ» ֆիլմը, որն աշխարհում բազում մրցանակներ հավաքած ֆիլմ է` մի քանի անգամ ցուցադրվեց Մոսկվայի «Կուլտուրա» ալիքով եւ, որի ժամանակ գովեստի մեծագույն խոսքեր են ասվել: «Ոսկե ծիրան» փառատոնում արժանացել է գլխավոր մրցանակի, բայց հայկական ոչ մի հեռուստաընկերություն չի մոտեցել գոնե հարցնելու, թե ի՞նչ արժե այդ ֆիլմի ցուցադրությունը: Վիրավորականն այն փաստն է, որ իմ ֆիլմերից որեւէ մեկը ոչ միայն Հայաստանում չի ցուցադրվել (բացի փառատոնային շրջանակներից), այլեւ հետաքրքրություն չի եղել որեւէ հեռուստաընկերության կողմից դրանք գնելու եւ ցուցադրելու: Երկրորդ` «Հայաստանի վերջին լարախաղացը» ֆիլմը նույնպես «Ոսկե ծիրանում» լավագույն ֆիլմ ճանաչվեց եւ գլխավոր մրցանակի արժանացավ: Ընդ որում` «Ոսկե ծիրանը» համարվում է ազգային փառատոն: Փառատոնը չափանիշ է, ցանկացած երկրում երբ ազգային մրցանակը շահում է որեւէ ֆիլմ` այդ երկրի հեռուստաընկերությունները գլուխ են կոտրում այդ ֆիլմն առաջինը ցույց տալու համար: Իմ երկու ֆիլմերի ճակատագիրը Հայաստանի հեռուստաընկերությունների կողմից արժանացել է գլոբալ անտարբերության: Ոչ ոք չի զանգահարել, ասել` ունենք 50 դոլար, 10 դոլար կամ 1 ցենտ, բայց շատ ենք ուզում ցուցադրել, խնդրում ենք` տրամադրել ֆիլմը:
– Որակյալ ֆիլմերի ցուցադրման համար հեռուստաընկերությունների կողմից տաբու դնելու միտումը ո՞րն է:
– Եթե նայեք հեռուստաալիքներով ցուցադրվող արտադրանքը` կհասկանաք` միտումը որն է: Միտումը` ինչ ցույց տալն է: «Հայաստանի վերջին լարախաղացը» ցուցադրվել է ճապոնական 1-ին ալիքով, ամերիկյան, շվեդական եւ մոտ 7-8 երկրների հեռուստաալիքներով: Հայաստանի լավագույն ֆիլմ ճանաչված ֆիլմի առաջ հայկական հեռուստաալիքները լուռ են: Ի՞նչ են ցույց տալիս` «ախպեր, մորս արեւ, քաշեմ` խփեմ…»: Հարցազրույցներ արել են, ֆիլմի մասին խոսել են, հիացել են, բայց հարցազրույցը մի «բխկոց» է, որը ոչ ոք չի տեսնում: Ես անում եմ իմ գործը, ուզում եք` ուզեք, չեք ուզում` Աստված ձեզ հետ: Հետաքրքրության զրո արտահայտում է: Իրենց հետաքրքրությունը գործում է այն կողմերի վրա, որտեղ ինձ համար անհետաքրքրության բարձրագույն սանդղակն է, եւ այնտեղ նույնիսկ փլավ ուտելու չեմ գնում: Շարքային մարդն ընտրության հնարավորություն չունի, որովհետեւ նրան հրամցնում են միայն իրենց պատկերացումներով «հետաքրքիր» արտադրանք: Մարդը տեղյակ չէ, որ կան նաեւ այլ որակի ֆիլմեր: Իմ ֆիլմերը դիտելու հնարավորություն ունեն Եվրոպայում, Ճապոնիայում եւ այնտեղի հայերը:
– Ինչո՞ւ եք որոշել թողնել վավերագրությունն ու նկարահանել խաղարկային ֆիլմեր: Մի առիթով ասել էիք, որ վավերագրական կինոյում ռեժիսորը որսորդի համբերատարությամբ պետք է սպասի որսին` կադրին:
– Ես հոգնել եմ այդ ամենից, դրա համար ուզում եմ խաղարկային ժանրում աշխատել` մի քիչ հանգստանալու համար: Ուզում եմ արձակուրդ գնալ դոկումենտալից, որովհետեւ խաղարկային ժանրում մի քիչ «կլկստվեմ»: Խաղարկայինում կազմակերպչական, աշխատանքային պրոցեսի բարդությունն է շատ, բայց, բացի քո հոգեբանական ընդվզումներից` ոչ ոք չի մտնում հոգուդ մեջ, դու էլ չես մտնում ուրիշի հոգու մեջ: Հոգեբանական խաղերի մեջ չես մտնում եւ ընկերոջ (հերոսի) գաղտնիքները սինթեզելու, արվեստի գործ դարձնելու պատասխանատվությունը չես կրում: Իմ իդեաներն ավելի շատ են, քան ես կապրեմ: Դրա համար իդեաներս շատ ժամանակ «բաժանում եմ»: Դոկումենտալից շատ եմ հոգնել, որովհետեւ դու կարծես նման ես մի գարշոկի. պետք է դրա պարունակությունը զտես, ընտրես ու էսթետիկ, ճաշակով հրամցնես հասարակությանը: Այդ էմոցիաների կույտերն ինձ հոգնեցրել են: Լինելով էմոցիոնալ մարդ` դեռ մի բան էլ լսում, ընդունում եմ հերոսների էմոցիաները ու, հասարակությանը հասցնելու համար, պետք է շատ զգույշ լինեմ, որ հերոսին չվնասեմ, հասարակությանը չնեղացնեմ, ֆիլմը չփչացնեմ: Դոկումենտալիստը նման է ընկերոջ, որը պետք է հասկանա այն հանգամանքը, որ լսում է գաղտնիքներ, եւ դրանք պահելու արժանապատվության շնորհ ունենա: Հերոսներիս հետ սարսափելի մտերմանում ենք ու հետո բաժանվում ենք: Նրանք վստահում են ինձ ամեն ինչ, եւ շատ մեծ պատասխանատվություն է` ներդաշնակ ներկայացնել ամեն ինչ: Մարդու գաղտնիքների հետ շփվելը հոգեբանական էթիկայի, ինտելեկտի ու կրթության խնդիր է: Դա մարդկային շատ նուրբ ոլորտ է: Իմ ամենասիրելի, հարգելի ու մեծատառով մարդը` Խաչիկ Չալիկյանը, ով ինձ մի քանի անգամ է դաս տվել, մի անգամ ասաց` «Ամենամեծագույն արվեստը դա մարդկային փոխհարաբերությունների իմացությունն է»: Ես ապրում եմ` առաջնորդվելով նրա խոսքերով:
– Իսրայելցի ռեժիսորներից մեկը շատ դիպուկ միտք է արտահայտել. «Պատերազմներից, կոնֆլիկտներից օգուտ են քաղում միայն պատերազմող երկրների ռեժիսորները: Երկրի համար տաղանդավոր ռեժիսոր ունենալը հավասարազոր է գերազանց սպառազինության»: Հայ ռեժիսորներից մեկն էլ հետաքրքիր դիտարկում էր արել` ասելով, որ, փաստորեն, մենք մեր զենքն ու արժանապատվությունը հենց այնպես տվել ենք ուրիշներին:
– Հայաստանում մշակույթն ընդհանրապես բացակայում է: Բացակայում է քաղաքակրթությունը, քաղաքակրթության գիտակցումը, մշակութային քաղաքակրթության գիտակցումը: Երբ վերնախավը կիսաադրբեջանական, կիսապարսկական «նեյնիմ» է լսում եւ այդ «նեյնիմը» ներկայացնում է դրսից եկած իր հյուրերին` չի կարող այդ կարգի երկրում մշակութային քաղաքականություն լինել: Մեր վերնախավը ներկայացնող անձինք կարծես «քյաբաբ» ֆան-կլուբի անդամներ լինեն: Տեսակ, գույն, խանդավառություն չկա, հպարտ դեմքեր չեն: Նրանք ինչպե՞ս կարող են մշակութային քաղաքակրթությունը ոտքի հանել, երբ իրենք կույր են եւ «խաբար» չեն դրանից: Մենք շատ սինթետիկ ձեւով ենք առաջ գնում` սինթետիկ մշակույթ, սինթետիկ դեմոկրատիա, սինթետիկ հրավառություն, սինթետիկ թաղում ու հարսանիք… Մենք վաղուց չենք զարմանում, իսկ դա մեծ ողբերգություն է: Մեր հույսը միայն մեր էս հրաշալի երիտասարդությունն է, որոնց մեջ այնքան գույն ու համարձակություն կա: Կեցցե՛ն իրենք, չգիտեմ` ինչն են հաղթելու, բայց իրենք հաղթելու են: