RHEUM PALMATUM-Խավրծիլը (խաշնդեղ, խործիլ) հնագույն ժամանակներից հայտնի է Չինաստանում։ Բույսի բուժիչ հատկությունները երկար ժամանակ գաղտնի են պահվել, առաջին եվրոպացին, որ տեսել է, թե ինչպես են հավաքում բույսի արմատը` եղել է Մարկո Պոլոն։
Բուժիչ նպատակով մշակելու համար բույսը 16-րդ դարում բերվել է Անգլիա, որտեղ երկարատեւ ընտրության եւ հիբրիդացման միջոցով ստեղծվել է բանջարային խավրծիլը, որն ունի մոտ երեք տասնյակ ենթատեսակներ։
Մինչեւ 18-րդ դարի վերջը բույսը տարածվել է եվրոպական մի շարք երկրներում։ Ռուսաստան է բերել Ն. Մ. Պրժեւալսկին։ Ներկայումս մշակվում է Ս. Պետերբուրգի մարզում։
Մեծ տարածքներ են տրամադրված Ուկրաինայում, Բելառուսում, Մերձբալթյան երկրներում։
Բնության մեջ բույսը հանդիպում է Կենտրոնական Չինաստանում, Հարավային Մոնղոլիայում, Ալթայում, Միջին Ասիայում։
Այսպիսին է բույսի պատմական կենսագրությունը, որը նկարագրվում է գրականության մեջ։ Սակայն հետաքրքիր է, որ բույսի բուժիչ հատկությունների մասին Ա. Ամասիացին գրել է դեռեւս 15-րդ դարում։
Հայաստանի Հանրապետության տարածքում բույսը տարածված է Մեղրիում, Վայքում, Գորիսում։
Հնդկացորենազգիների ընտանիքին պատկանող բազմամյա, խոշոր բույս է, կոճղարմատից առանձնանում են մի քանի իլիկաձեւ իջնող արմատներ։
Երրորդ տարուց սկսած արմատից աճում են սակավաթիվ տերեւներ ունեցող ցողուններ, որոնց բարձրությունը 1-3 մետր է, տրամագիծը` 4-5 սմ։ Մերձարմատային տերեւների երկարությունը կոթունի հետ միասին հասնում է մեկ մետրի։
Ծաղիկները մանր են, բաց վարդագույն կամ կարմիր, հավաքված խոշոր հուրանաձեւ ծաղկաբույլերի մեջ։ Պտուղը եռանիստ, թեւիկավոր, 5-7 մմ երկարությամբ ընկուզիկ է։ Ծաղկում է հունիսին, պտղաբերում հուլիս-օգոստոս ամիսներին։
Սննդի մեջ օգտագործում են մերձարմատային տերեւի մատղաշ կոթունը, որը պարունակում է թթուներ (կիտրոնի, խնձորի, սաթի, դարչինի), A եւ C վիտամիններ, զգալի քանակությամբ երկաթ, մագնիում, կալիում, ֆոսֆոր, կալցիում։
Որպեսզի կոթունում չկուտակվի թրթնջկաթթուն, այն պարբերաբեր կտրեք։
Հայտնի է, որ այս նյութը նպաստում է քարերի առաջացմանը երիկամներում։ Տերեւը պարունակում է ոչ մեծ քանակությամբ B1, B2, B3, B6, PP վիտամիններ, ֆլավոններ, կատեխիններ։
Կոթունը ունի հաճելի` խնձոր հիշեցնող համ, առավել համեղ են վարդագույն երանգով, բարակ, մատղաշ կոթունները, որոնց տերեւը դեռ լրիվ չի բացվել։ Սրանց մեջ ավելի մեծ է օգտակար նյութերի պարունակությունը եւ քիչ` թրթնջկաթթուն։
Բույսն ամրացնում է սրտամկանը, պակասեցնում ինսուլտի եւ սուր սրտային անբավարարության հավանականությունը, օգտակար է անեմիայի, անքնության դեպքում, հանգստացնում է նյարդային համակարգը, նպաստում արյան շրջանառության եւ օրգանիզմի ջրային բալանսի կարգավորմանը։
Խավրծիլի սննդային արժեքը բարձր է գնահատվում դրա վաղահասության շնորհիվ, այն մերձարմատային տերեւներ է տալիս ձնհալից 20-30 օր հետո եւ դիտվում որպես վաղահաս «միրգ»։ Երբեմն կոթունն օգտագործում են քացախի փոխարեն։ Պատրաստում են կոմպոտ, մուրաբա, կվաս, գինի, հյութ, դոնդող, լայնորեն օգտագործում են տարբեր ճաշատեսակների մեջ։
Պարունակում է զգալի քանակությամբ բջջանյութ, ինչի շնորհիվ մաքրում է օրգանիզմը թունավոր նյութերից, նաեւ պոլիֆենոլներ, որոնք կանխարգելում են ուռուցքների առաջացումը։
Խավրծիլը լավացնում է ախորժակը, նպաստում մարսողությանը, կարգավորում ճարպերի փոխանակությունը, հանում է գնարբուկի բացասական ազդեցությունը։
Որպես բուժիչ հումք` մթերեք բույսի արմատը, սերմերը հասունանալուց հետո։ Երկու-երեք օր թողեք արեւին, չորացրեք օդափոխվող ծածկի կամ 60 C ջերմաստիճանի տակ։
Արմատը պարունակում է անդրա- եւ տանոգլիկոզիդներ (մինչեւ 6 եւ 10 տոկոս համապատասխանորեն), խեժանյութ, ռուտին, ներկանյութ, օրգանական թթուներ։
Օգտագործվում է դեղագործության մեջ` պատրաստվում են դեղահաբեր, դառը համ ունեցող փոշի, ոգեթուրմ, օշարակ։
Դեղորայքն օգտագործվում է քրոնիկ փորկապության, մետեորիզմի, մարսողության խանգարման բուժման համար։ Փոքր չափաբաժինները (մինչեւ 0,2 գրամ) ունեն կապող ազդեցություն։ Երկարատեւ օգտագործումն արգելվում է, դեղորայքի չափաբաժինը պետք է ճշտվի` անհատական առանձնահատկությունները հաշվի առնելով։
Արմատից ստացվել է «Քրիզարոբին» դեղամիջոցը, որը նեղացնում է անոթները, ունի արտահայտված հակաբորբոքային ազդեցություն, չարաշահման դեպքում առաջացնում է մաշկային ցան եւ քոր, դեղամիջոցը օգտագործվում է մաշկային հիվանդությունների բուժման համար։
Խավրծիլի բոլոր մասերում պարունակվում են հականեխիչ, լեղամուղ հատկություն ունեցող նյութեր։ Ժողովրդական բժշկությունը կիրառում է խավրծիլը ստամոքսի ցածր թթվայնության, աղիների, լյարդի եւ միզապարկի հիվանդությունների, սակավարյունության դեպքում։ Արմատի եւ քացախի խառնուրդն օգտագործում են վիտիլիգոյի, այլ մաշկային հիվանդությունների դեպքում։
Կիսել, լուծի դեմ. Կտրատեք 10-12 մատղաշ կտրոնները 2-2,5 սմ հատվածների, ավելացրեք այնքան ջուր, մինչեւ ծածկի հումքը։ Եփեք մինչեւ փափկելը, խառնեք դաղձի թարմ տերեւ։ Քամեք։ Տրորեք հումքը մետաղե քամիչի վրա։ Կրկին եփեք, ըստ ճաշակի խառնեք շաքարավազ եւ օսլա։
Անեմիա. Երկու ճ/գ չոր ցողունը 30 րոպե եփեք ջրային բաղնիքի վրա, փակ կափարիչի տակ` 300 մլ եռջրում։ Քամեք։ Խմեք 70-80 մլ, օրը 3 անգամ` սնվելուց 1 ժամ հետո։
Մարսողությունը կարգավորող կոմպոտ. 200 գ շաքարը, մեկ կիտրոնի կեղեւը, կես թ/գ կոճապղպեղի փոշին եփեք 250 մլ ջրի մեջ մինչեւ եռալը։ Ավելացրեք 500 գ խավրծիլի մանրացրած կոթունը, եփեք մինչեւ փափկելը։ Խմեք հովանալուց հետո։
Քրոնիկ փորկապություն. Մանրացրեք, խառնեք հազարատերեւուկի խոտը, անթառամ ավազուտի ծաղիկը, խավրծիլի արմատը (5։3։2)։ Հումքի 2 ճ/գ 3-6 ժամ թրմեք 200 մլ նախօրոք եռացրած սենյակային ջերմաստիճանի ջրում։ Քամեք։ Խմեք երեկոյան քնելուց 1-2 ժամ առաջ։
Վարիկոզ. Խառնեք մամռալոռի թալոմը, անթառամի ծաղիկը, խավրծիլի արմատը, ձիաձետի խոտը, կաղնու եւ կեչու կեղեւը, ձիակասկենու պտուղը (4։3։3։2։2։2։2)։ Հումքի 2 ճ/գ-ին ավելացրեք կես լիտր տաք ջուր, 10 րոպե պահեք ջրային բաղնիքի վրա, թրմեք մինչեւ հովանալը։ Քամեք։ Խմեք 100-ական մլ, օրը չորս անգամ` սնվելուց առաջ։
Հակացուցված է տարեց մարդկանց, հատկապես թութքի, փորկապության, խոլեցիստիտի, ներքին արյունահոսության, երիկամներում օքսալատային քարերի առկայության դեպքում, հղիներին։ Խավրծիլի չոր հումքը եւ պատրաստուկները պետք է պահել մութ, հով, չոր տեղերում։
Խավրծիլը մտնում է մազերի խնամքի համար նախատեսված միջոցների մեջ, ունի մազերն ամրացնող, փայլ հաղորդող, աճին նպաստող հատկություն։
Չին գիտնականներն ապացուցել են, որ խավրծիլը նպաստում է մաշկի բջիջների վերականգնմանը։ Խավրծիլ պարունակող քսուքները հագեցնում են մաշկը հակաօքսիդանտ նյութերով, հանգստացնում եւ փայլ հաղորդում։
Պեպենները, պիգմենտային բծերը սպիտակեցնող. Խառնեք 2 ճ/գ խավրծիլի կոթունի հյութը, 1-ական ճ/գ վարսակի մանրացրած փաթիլը եւ սերուցք։ Քսեք դեմքին, պահեք 20 րոպե, լվացեք գոլ ջրով։
– Երեք ճ/գ մանր կտրատած կոթունը 5 րոպե եփեք 200 մլ եռջրում, թրմեք մինչեւ գոլանալը։ Քամեք, լուծեք թուրմի մեջ 1 ճ/գ մեղր, մշակեք դեմքի պեպենոտ մասերը։
Մաշկին թուխ երանգ հաղորդող. Խավրծիլի արմատի հյութի 10-15 կաթիլ խառնեք դեմքի մաշկի խնամքի համար նախատեսված քսուքին։
Ճարպոտ մաշկ, կորյակներ. Խառնեք 2 ճ/գ կոթունը, 1 ճ/գ բժշկական գլիցերին, 1 ձվի հարած սպիտակուց։ Դիմակը պահեք դեմքին 15 րոպե, լվացեք գոլ ջրով։ Կրկնեք օրը մեջ, 8-10 անգամ։
Մազերը ներկող. 2 ճ/գ խավրծիլի արմատը 30 րոպե թրմեք 200 մլ եռջրում։ Ցայեք լվացած մազերը։ Բաց գույնի մազերին հաղորդում է չորացած խոտին բնորոշ երանգ։