Հափշտակել է բյուջեից հատկացված գումարները

04/05/2012

ՀՀ գլխավոր դատախազության Պետական շահերի պաշտպանության վարչությունում հարուցվել է քրեական գործ` առանձնապես խոշոր չափերի գումար յուրացնելու դեպքի առթիվ: Գլխավոր դատախազության մամուլի ծառայությունից հայտնում են, որ «Հայբիզնեսբանկ» ՓԲԸ հաղորդման հիման վրա նախապատրաստված նյութերով պարզվել է, որ «Ռադիոկապ եւ Ռեզոնանս» եւ «Ֆիտոկան» ՍՊԸ-ները ՀՀ բնապահպանության, Կրթության եւ գիտության նախարարությունների կարիքների համար ապրանքներ մատակարարելու նպատակով պետական բյուջեից ստացված գումարները հափշտակել են:

Մասնավորապես` «Ռադիոկապ եւ Ռեզոնանս» ՍՊԸ-ն 2008թ. ապրիլի 9-ի ԱԺՁԲ-08/37 պետական գնման պայմանագրով ՀՀ բնապահպանության նախարարության կարիքների համար լաբորատոր նյութեր եւ սարքավորումներ մատակարարելու նպատակով 2008թ. հոկտեմբերի 21-ին պետական բյուջեից որպես կանխավճար ստացել է 17.862.000 դրամ գումար, իսկ «Ֆիտոկան» ՍՊԸ-ն 2008թ. դեկտեմբերի 27-ի ՄԲԱԺՁԲ-08/40 պետական գնման պայմանագրով ՀՀ կրթության եւ գիտության նախարարության կարիքների համար ուսումնաօժանդակ գրականություն մատակարարելու նպատակով 2008թ. դեկտեմբերի 27-ին պետական բյուջեից որպես կանխավճար ստացել է 28.691.000 դրամ գումար: Ստացված առանձնապես խոշոր չափերի գումարները նշված ընկերությունների փաստացի ղեկավարը (ի դեպ, երկու ընկերությունների փաստացի ղեկավարը եւ տնօրենը նույն անձինք են) տնօրենի օժանդակությամբ յուրացման եղանակով հափշտակել է: Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին եւ 38-179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետերով: Քրեական գործն ուղարկվել է ՀՀ ոստիկանության Քննչական գլխավոր վարչություն` նախաքննություն կատարելու համար: